Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն առաջարկում է ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերը վերանայել

Հուլիս 10,2017 17:49

ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տարեկան գործունեության մասին հաղորդման քննարկումը շարունակվում է: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ցմահ ազատազրկման դատապարտվածների խնդրին:

Նա ասաց, որ ՀՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված 97 անձ կա, 32-ը մահապատժի դատապարտված անձինք են, ովքեր մինչեւ 2003-ը մահապատժի են դատապարտվել, ի կատար չի ածվել, դրանից հետո, երբ որպես պատժատեսակ մահապատիժը վերացավ, դատապարտվեցին ցմահ ազատազրկման: 2011-ից մինչ օրս 5 հոգի են ցմահ ազատազրկման դատապարտվել:

Մինչ 2011-ը դատավորը իր ներքին համոզմունքով մարդուն առավելագույնը ժամկետային ազատազրկում պիտի տար 10-15 տարի, եթե նա գտնում էր, որ ավելի շատ պետք է ազատազրկվի, քան 15 տարի, ասենք, 18-19 տարի ազատազրկման ենթակա հանցագործություն է արել, պետք է դատապարտեր ցմահ ազատազրկման, 2011-ից հետո օրենսգիրքը փոխվեց եւ հնարավորություն եղավ 18 տարի օրինակ ազատազրկել:

Նախկինում ցմահ ազատազրկման դատապարտվածներ կան, որոնք հարցադրում են առաջ բերում, այսօրվա գործող օրենքով նրանք պիտի 18-19 տարի ազատազրկման դատապարտվեին, ոչ թե ցմահ, այսինքն, իրենք հավասար պայմաններում չեն հայտնվել ներկայիս ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ:

Փաշինյանն ասաց, որ այդ 97 անձանց գործերը նոր օրենսդրության շրջանակներում պետք է վերանայել. «Մենք պետք է հոգ տանենք ցմահ ազատազրկման դատապարտված մարդկանց պայմանների մասին: Շատ ավելի ծանր է նման պայմաններում ապրել, քան մարդկանց գնդակահարել: Դատապարտվածների կեսից ավելին պահվում է իրենց ընտանիքի անդամների կողմից: Այստեղ մեծ կոռուպցիոն ռիսկեր կան, գումարները փոշիացվում են: Գոնե ցմահ ազատազրկման դատապարտվածների համար կարելի է արժանավայել պայմաններ ապահովել: Դա առաջին հերթին մեր հանրության քաղաքակրթության մակարդակի հարց է»:

Ելույթի վերջում Փաշինյանը նկատեց՝ Արման Թաթոյանին ՀՀԿ-ականները գովեստի խոսքեր են ասում ԱԺ-ում, իսկ սա խոսում է այն մասին, որ Թաթոյանը մյուս օմբուդսմենների պես ժամկետից շուտ ստիպված չի լինի հրաժարական տալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31