Յուրաքանչյուրն իր առաքելությամբ. Բաց նամակ Արթուր Մեսչյանին

Յուրաքանչյուրն իր առաքելությամբ. Բաց նամակ Արթուր Մեսչյանին

Հարգելի պ-ն Մեսչյան,

ոչ վաղ անցյալում տ-ն Հասմիկ Պապյանը կարծիք հայտնեց, որ Հաց բերողի աճյունը «Եռաբլուր» պանթեոնում ամփոփելը սոսկ հարգանքի տուրք է ազգի հերոսին: Ինչո՞ւ սոսկ, դժվար չէ կռահել…

Արտահայտվեց, բայց չխորացավ, հավանաբար վստահ էր թերի ընկալված լինելու մեջ:

Պետք չէ խուսափել ժողովրդի դժգոհությունից և չմանրամասնել միտքը, քանզի ուշադրության արժանի է ժողովրդի ցանկացած կարծիքը, բայց ոչ ճաշակը:

Քարակերտ մարմնում, արձանի տեսքով, հնարավոր է տեղավորել մարդկային կերպարը, բայց ոչ ֆենոմենը: Ֆենոմենի նկարագիրը ոչ թե նրա պատմական դերն է, այլ`առաքելությունը: Ուստի, Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին հարիր է հուշահամալիրը:

Նրա աննահանջ գործողությունները սոսկ կամային հատկությունների հետևանք չէին: Նրա խորամանկ ժպիտը վկայում էր, որ գնում է` մեզ դեպի բարոյականություն տանող լուսատուի ետևից: Արժեք, որի վերադարձը իր ետևից բերելու էր նորերը, անցում էր լինելու հպատակից դեպի ազատ մարդ և «Սասնա ծռեր»-ը այլևս հարկադրված չէր լինելու կյանքի գնով, ֆիզիկապես պահել մեր երկիրը:

Պ-ն Մեսչյան, մինչև Ձեզ դիմելը մի նամակ էի ուղղել մեր արվեստագետներին ու մտավորականներին: Բոլորը համարյա նույն անձինք էին, որոնք նշված էին իմ` «Հայ մտավորականությունը համաձա՞յն է տարածքներ հանձնել Ադրբեջանին» հոդվածում:

Նամակը սկսվում էր.…

«Օրինապահ լինել ցանկանում է յուրաքանչյուրը, բայց եթե ապրում ես պետությունում, որի իշխանությունն ինքնին հանցագործ է, ապա քո հնազանդությունը ակամայից դառնում է հանցավոր: Այդպիսին է կոմֆորմիզմի գինը…»

«…Քաղաքական բռնությանը զուգորդում է սեքսուալ բռնությունը…»

Մատնանշում էի ՊՊԾ գնդում հայտնաբերված սեքս-պարագաները… մեր հայուհիներին ոստիկանական ծառայության մեջ ներքաշելու արատավոր գործառույթը…

Եվ, ի ապացույց իմ անկողմնակալության, ավարտում՝«դա ես չեմ ասում, դիտեք Ալբերտո Մորավիայի համանուն վեպի հիման վրա նկարահանված Բերնարդո Բերտոլուչչի «Կոմֆորմիստը» ֆիլմը»:

Երկմտանքի մեջ էի, հրապարակե՞լ նամակը, թե ոչ: Մեր մտավորականներից ու արվեստագետներից քանիսի՞ն կկարողանամ հանել երկիրը լուռ համաձայնությամբ ծախելու թմբիրից: Երկար մտորելուց հետո հիշեցի Ֆրիդրիխ Նիցշեի խոսքերը՝ «Միջակությունների հավաքական ճաշակը ավելի ցածր է ապաշնորհի ճաշակից» ու գրածս պատռեցի: Հասկացա, որ իրականության վրա ի զորու են ազդել միայն ընտրյալները:

Պ-ն Մեսչյան,

Դուք հմտորեն ընդարձակել եք Մատենադարանի մակերեսը և նորակառույցը, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի ստեղծածի հետ դարձրել մի մարմին:

Իրապես արարել եք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ-մշակութային կենտրոն-կոթող-համերգասրահ-օժտված մանուկների շնորհը բացահայտող դպրոց… շինությունը, առարկայացրել Կոմիտասի հոգևոր ժառանգությունը, դարձրել բոլոր սոցիալական խավերին հասանելի:

Ձեր ստեղծագործական տարերքի մեջ չեք մոռացել ճարտարապետ Կորյուն Հակոբյանին հասանելիք հարգանքի տուրքը՝ դրանով ցուցաբերելով երախտագիտության օրինակելի դրսևորում:

Կոմիտաս երևույթի վրա խարսխել եք մեր հայ մշակույթը: Հաց բերող երևույթի վրա խարսխե՛ք մեր ազգի բարոյականությունը: Օժտե՛ք մեր ժողովրդին արժեքներով, որպեսզի նա, ի վերջո, կարողանա բացահայտել Գարեգին Նժդեհ երևույթը:

Ստեղծե՛ք Հաց բերողի համար հուշահամալիր՝ համամարդկային արժեքների ուխտավայր…

Շարունակե՛ք արարել և հիշե՛ք, Գարեգին Նժդեհի տաճարը Ձեզ է սպասում…

 

Վահագն Կոզմոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Arsen says:

    Ես համոզված եմ, որ պրն Մեսչյանը կլսի ձեր խնդրանքը և, ինչու ոչ, մի
    տաճար էլ կնվիրի ՊՊԾ գունդը գրաված մասսաժիստին (կներեք ,մասսաժիստի հայերեն տարբերակը չգտա):

  2. Հ.Շ. says:

    Չէ, այդպիսի Յուշահամալիրով չենք գոհանար…

    Անհրաժեշտ է որ, այդ երկնային Հերոսի դիւզացներգական արարքից եւ իմաստասիրական խորունկ խօսքերից անդիմադրելիօրէն ներշնչուած, Արթուր Մեսչյան վերադառնայ երաժշտական յօրինումի, եւ մի խտասալիկ արտադրէ անյապաղ, լիովին նուիրուած այդ Մարդուն առասպելական յիշատակին, անհասանելի Իմացականութեան, Սուրբ Պատգամին…

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք