Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները

Հուլիս 12,2017 19:40

Այսօր հայտնի դարձան «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները։ Առաջին մրցանակի արժանացավ Հռիփսիմե Աղաքարյանը (Հայաստան), երկրորդ մրցանակակիր դարձավ Խաչիկ Անդրեասյանը (Հայաստան), երրորդ մրցանակը շնորհվեց Դոմինիկ Վիզջանին (Լեհաստան), ինչպես նաև՝ հատուկ մրցանակ շնորհվեց Սեոլհվա Կիմին (Հարավային Կորեա)։ Մրցանակակիրներից բացի, ևս երկու դաշնակահար իրավունք ստացավ մասնակցելու Մալթայում կայանալիք դաշնակահարների միջազգային մրցույթին։

Մրցույթի ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը նշեց, որ իրենց բոլոր ակնկալիքները արդարացան։ «Ես շատ գոհ եմ արդյունքից։ Ես շատ եմ եղել տարբեր ժյուրիների կազմում, բայց այս ժյուրիի կազմը, աշխատանքը, մոտեցումը յուրաքանչյուր մասնակցին առանձնահատուկ էր։ Մեր բոլորի գնահատականները մոտ 95 տոկոսով համընկնում էին, ընտրությունը գրեթե միաձայն էր, և դա ֆանտաստիկ արդյունք էր։ Ժյուրիի կազմում տարբեր երաժշտական դպրոցների ներկայացուցիչներ էին և դատում էին մասնակիցների կատարումներն ըստ պրոֆեսիոնալիզմի»,- ասաց Արմեն Բաբախանյանը։

Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի կարծիքով՝ մրցույթ-փառատոնն անցել է շատ բարձր մակարդակով. «Ուրախ եմ, որ այդքան մեծանուն երաժիշտներ եկան Հայաստան և ելույթ ունեցան այստեղ։ Մրցույթի լավագույն 5 մասնակիցները կկարողանան գնալ Մալթա և 2018-ին մասնակցել այնտեղ կայանալիք դաշնակահարների մրցույթին և պայքարել շատ մեծ մրցանակի՝ 100 հազար եվրոյի համար։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը 200 հազար եվրո է։ Եվ ես հուսով եմ, որ հայաստանյան մրցույթի մասնակիցներն իրենց լավագույնս կդրսևորեն Մալթայի մրցույթի ընթացքում»։

Առաջին մրցանակակիր Հռիփսիմե Աղաքարյանը սովորում է Երևանի պետական կոնսերվատորիայում։ Ասում է, որ չէր սպասում, թե կդառնա մրցույթի հաղթող, մասնակցում էր՝ բեմ բարձրանալու, ունկնդրի հետ հաղորդակցվելու համար, քանի որ ցանկացած երաժիշտ-կատարողի համար բեմ դուրս գալը տոն է։

Նշենք, որ «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Այսօր երեկոյան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովի համերգով կեզրափակվի «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը։

«Արմենիա»  միջազգային մրցույթ-փառատոնի տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31