Ժամանակների մարգարեության մեջ

Ժամանակների  մարգարեության մեջ

Միշտ լինում են ժամանակներ, որ բոլոր խոսողները սեր էին խոստանում հայրենիքի, աղքատների, զրկվածների, օտարության հեռացածների հանդեպ, որոնք ըստ իրենց խոստումի՝ մնալով իրենց ղեկավարությամբ հայրենիքում, արագ պիտի հարստանային, եւ սեր էին խոստանում նաեւ հարուստների հանդեպ, որոնք անհասկանալի բանաձեւով պիտի արագ աղքատանային:

Եվ այդպիսի սերը, երբ դառնում է քաղաքական սովորություն, ափսոս, ներեցեք ինձ, չափազանց հաճախ նաեւ սննդարար, մենք էլ չենք զգում, որ մի օր այն դառնում է հոգս ե՛ւ ունեւորի, ե՛ւ չունեւորի համար` չնշելով ոչ մի ցանկալի հանգրվան:
Շոգատառապ ցեղիս այս օրերի միջով ես տեսնում եմ մեծ լռությունը, որտեղ որոշվում է վաղվա օրը, ուզում եմ տեսնել այդ լռության մեջ նաեւ մտածողներին, որոնք նույնպես երազում են բարի, գեղեցիկ, առաքինի երկրի մասին, նաեւ փառքի ու երախտագիտության մասին:

Այնինչ թվում է, թե ոչ բոլորն են ընկալում, որ այդ լռության ներսում Աստծո ներկայությունը կա, իսկ Աստծո ներկայությունը քո խիղճն է ու զոհաբերությունը քո մտերիմների ու հայրենիքի առաջ, քանի որ խոսքը երկրի ու պետության մասին է, եւ ոչ բոլորն են մտածում, որ հոգի ունենք տալու, եւ կյանքից հետո կյանք կա, եւ նորից ու կրկին ապրելու ենք միասին, եթե մեր բախտը բերի, այդ դեպքում իմաստ ունի՞ այսքան խանդել իրար…
Եվ թող ինձ ների Մեծն Բուդդան, որ ինձ տրված այդ հարցը հիշեցնում է մարգարեի նրա վիճակը, եւ ես` հավակնությունն ու բախտը չունենալով որեւէ մարգարեի աշակերտն անգամ լինելու, այլ ընդամենը Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալն ու հետեւորդն եմ եւ Հայաստանի Հանրապետության պարզ քաղաքացի, այս առիթով հիշում եմ Մեծ Մարգարեին ուղղված հարցերը եւ պատասխանները նրա.

Մի անգամ, երբ Բուդդան նստած էր իր աշակերտների հետ, նրան մոտենում է մի մարդ եւ հարցնում.

– Աստված գոյություն ունի՞:
Բուդդան պատասխանում է` այո, Աստված կա:
Կեսօրին մոտենում է մեկ այլ մարդ եւ տալիս է նույն հարցը:
Բուդդան պատասխանում է` ոչ, Աստված գոյություն չունի:
Օրվա վերջում գալիս է երրորդ մոլորյալը եւ նույն հարցն է տալիս Բուդդային, եւ նա պատասխանում է այսպես.
– Արդեն դու ինքդ պիտի որոշես քեզ համար:
Եվ երբ աշակերտներից մեկը հարցրեց` ինչո՞ւ նույն հարցին երեք տարբեր պատասխան հնչեցրիր:
Եվ Բուդդան պատասխանեց.
– Որովհետեւ նրանք տարբեր մարդիկ էին, եւ յուրաքանչյուր մարդ հասնում է ճշմարտությանը իր ներաշխարհով. ոմանք` վստահությամբ, ոմանք` ժխտելով, մյուսներն էլ` կասկածանքով…

Ես հիմա հիշում եմ Մարգարեի խոսքերը եւ դարձյալ մտածում, որ մարդուն ի վերուստ արգելված է երեք բան ընտրել` հայրենիքը, ծնողներին եւ զավակներին: Մնացյալը ժխտումն է, կասկածանքն ու հավատը մեր:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

14.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք