«Ազգի բարոյականության» չափանիշները

«Ազգի բարոյականության» չափանիշները

«Գիտական հետազոտություններն» այն մասին, թե որ ազգն է իրեն ամենաերջանիկը համարում, որ ազգի կանայք են ամենագեղեցիկը, ում եղունգներն են ամենաերկարը, որի գենն է ամենահինը եւ այլն, իմ մեջ, մեղմ ասած, կասկածներ են առաջացնում: Դա, իմ կարծիքով, միանգամայն պիտանի է ամառային թեթեւ ընթերցանության համար, ինչպես, օրինակ, գուշակությունները, թե որ կենդանակերպի նշանի տակ ծնվածին ինչ է սպասվում վաղը, մյուս շաբաթ կամ մյուս ամիս: Երկուսն էլ պարզապես զվարճանալու համար են՝ ովքեր հավատում են, կարծում եմ, չափազանց միամիտ են: «Ամենա-» քաղցր, խելացի, շատակեր, ազատատենչ եւ այլն ազգերի մասին «բրիտանացի գիտնականների» հետազոտությունները նույն արժեքն ունեն: Համարձակվեմ անգամ ասել, որ «կոռուպցիայի ընկալման համաթիվը» նույնպես աստվածաշնչյան ճշմարտություններ չի ներկայացնում. եթե «ընկալում» է, ապա՝ սուբյեկտիվ: Ես կարող եմ ամբողջ օրը գոռալ՝ «սաղ գող են ու կաշառակեր»՝ ինքս նրանցից մեկը լինելով: Իմ «ընկալումն», այդպիսով, ոչ մի կոպեկի գին չի ունենա:

Եվ ահա հիմա էլ պարզվեց, որ մենք հետխորհրդային տարածքում «ամենաբարոյական» ազգն ենք: Ինչո՞ւ: Որովհետեւ պարբերականներից մեկը հարցումներ է հրապարակել, թե ինչպես են այդ ազգերի ներկայացուցիչները վերաբերվում տարբեր «բարոյական» խնդիրներին: Հետաքրքիրը ոչ թե այն է, թե ինչպես ենք մենք հայտնվել նման «առաջատար դիրքերում», այլ այն, թե ինչն են հարցման կազմակերպիչները դիտում բարոյականության հարթության վրա:

Ընտրված թեմաներից միայն մեկը կապ ունի բարոյականության հետ՝ աբորտը: Ենթադրենք, Հայաստանում ավելի շատ, քան այլ երկրներում, դա անբարոյականություն են համարում: Սակայն ինչպես եւ կոռուպցիայի դեպքում, մի բան է «համարելը», այլ բան է՝ ապրել քո այդ կարծիքին համապատասխան: Մնացած բոլոր չափանիշներն, իմ կարծիքով, բարոյականության տեսանկյունից «չեզոք» են: Օրինակ՝ սեռական հարաբերությունները ամուսնությունից առաջ ցանկացած մարդու անձնական գործն է, դրա առկայությամբ կամ բացակայությամբ հնարավոր չէ որոշել մարդու բարոյականության աստիճանը (եթե ընդհանրապես որեւէ մեկը նման խնդիր է դնում): Նույնը՝ սեռական կողմնորոշումը. ո՞ւմ ինչ գործն է՝ ով է ավելի բարոյական՝ «նատուրալ» մարդասպանն եւ կաշառակե՞րը, թե՞ միասեռական օրինապաշտը:

Մնացածը՝ ալկոհոլ, թմրանյութ օգտագործելը կամ ծխելը նույնպես բարոյականության հետ կապ չունեն: Վերջին երկուսը միանշանակ վնասակար են առողջության համար. ով դրան համաձայն է՝ իր ընտրությունն է: Չափի մեջ կարմիր գինի օգտագործելը, հակառակը՝ օգտակար է առողջության համար, բայց դա նույնպես ոչինչ չի ասում մարդու «բարոյական կերպարի» մասին:

Իսկ ընդհանրապես, «բարոյական ազգ», «տաղանդավոր ազգ», «աշխատասեր ազգ», «չարագործ ազգ», «երախտամոռ ազգ» բնորոշումները նույն արժեքն ունեն, որն ունի պնդումը, թե «այս կենդանակերպի նշանի տակ ծնվածներն օժտված են համբերատար եւ կայուն բնավորությամբ»: Ինչպե՞ս կարելի է նույն բանն ասել առնվազն կես միլիարդ մարդու մասին:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Եթե մարդու համար կարելի է ասել բարոյական, տաղանդավոր, աշխատասեր, ինչո՞ւ չի կարելի նույնն ասել ազգերի մասին, օրինակ չինացիներն աշխատասեր ազգ են, գերմանացիք՝ տաղանդավոր, հայերը՝ բարոյական ազգ են, իսկ տեղաբնիկների իշխանությունը գրաված քոչվորները՝ անբարոյական են:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      1.3 միլիարդ չինացու ես չեմ կարող նույն բնաթագիրը տալ, ինչպես եւ 10 միլիոն հայերի

      • Լավատես says:

        Անհրաժեշտություն չկա բոլոր չինացիներին մեկ մեկ հետազոտել ու նոր չինացի ազգի մասին հետեւություն անել, լսել եմ կա վիճակագրություն գիտությունը, որը հիմնված է հավանականությունների տեսության վրա, սրա հիմքում էլ մեծ թվերի օրենքն է, սա ավելի լավ կբացատրեն ճշգրիտ գիտությունների մասնագետները:

  2. Araqel says:

    Պ. Աբրահամյան: Ինչու՞ եք արգելել ձեր youtube-ի “դեմ առ դեմ” հաղորդման մեջ մեկնաբանություններ գրելը:
    Վախենում եք առանց ցենզուռայի կարծիքներ լսելու՞ց
    Բայց չէ՞ որ ձեր ազատական էությունը պետք է հակառակը աներ, վերացնել ցենզուռան:

    • սոցիալական ցանցերը պրեմոդերացիայի հնարավորություն չեն ընձեռում: Եվ այդ հնարավորությունն օգտագործում են քննարկման փոխարեն հայհոյանք նախընտրող որոշ իրական կամ կեղծ օգտատերեր: Այդ պատճառով էլ որոշ տեսանյութերում, որոնց վերաբերյալ ավելի շատ են լինում նման հայհոյալից ու անձնական վիրավորանքներով մեկնաբանություններ՝ փակում ենք այդ հնարավորությունը:

  3. Հ.Շ. says:

    Ազգի մը հաւաքական դիմագիծի բնորոշումը անշուշտ թէ 100% նմանութիւններու վրայ չէ հիմնուած, ոչ ել ստոյգ գիտութեան կը վերաբերի:

    Սակայն անհերքելի է որ կայ այդ իրականութիւնը: Եւ զայն հակասողները – աւելին՝ ծաղրողները – այդպէս անում են հիմնականօրէն գաղափարաբանական պատճառներով: Գաղափարաբանութիւն մը որ գոյութենական մասնաւոր մտահոգութիւն չէ շատ մը այլ ժողովուրդներու համար, բայց որ մեզի նման վտանգուած ցեղ մը (endangered species) կը տանի ուղղակի դէպի կամաւոր եւ երջանիկ ինքնաոչնչացում:

    Ամէն դէպքում, հայութեան պարագային նիւթը յատկապէս բարդ է, որովհետեւ, աշխարհի տարածքին մեր արտակարգօրէն ցիրուցան վիճակի պատճառով, արդէն անհատական իւրայատկութիւններուն վրայ կ’աւելնան տարբեր ու այլազան միջավայրներու ազդեցութեան տակ կատարուող փոփոխութիւնները, եւ այդ ամէնը տեւաբար կը պղտորէ, կ’աղաւաղէ մեր ազգային հաւաքական դիմագիծը:

    Մեր խնդիրը ուրեմն ջանալ վերահաստատելն է մեր ազգային ինքնութիւնը, համահայկական էութիւնը: Գոնէ տարրականօրէն: Եւ սա աւելի մօտ է յաւերժական, վերացական ձգտումի, քան թէ գործնական նպատակի:

    Իսկ այս նիւթի մասին (անվերջ – իրենց կարճ ըմբռնողութեամբ – Նժդեհը յիշատակող) մեր ծայրահեղականները (= lunatic fringe) բնաւ օգտակար չեն, այլ նոյնիսկ ընդհակառակն:

  4. Ruben says:

    Հայերը սակավաթիվ են, «ազգը»՝ մեծ, ժողովուրդը՝ շատ:

  5. Անուշ says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, եթե մարդիկ խմելու ջուր չունենան, Ձեր հոդվածում նշված ոչ մի գաղափար իմաստ չի ունենա: Շատ անգամ ավելի կարևոր հարցեր կան քննարկելու, որոնք համառորեն շրջանցվում են:
    Կարծում եմ տեղյակ եք, որ Ամուլսարի շահագործումը մեծ հավանականությամբ բերելու է Սևանի ջրի ԹԹՎԱՅՆԱՑՄԱՆԸ: Ինչու՞ եք լռում այս մասին:

    • Հ.Շ. says:

      Յարգելի Անուշ, իսկապէս, լրջօրէն կարծում էք որ Հայաստանի պէս մի երկրում, ըմպելի ջուրը վտանգուա՞ծ է…

      Աւելի լայն առումով, ջուրից ել անդին, Հայաստանը բառացիօրէն խոպան, լայնօրէն անմշակ, տնտեսապէս եւ ճարտարապետականօրէն տակաւին ենթազարգացած երկիր մըն է: Ամէն կողմ տիրապետողը բնութիւնն է այդտեղ, ժամեր ու ժամեր կարող ես ճամբայ կտրել, մի քանի անձ հազիւ տեսնել, մնացեալը՝ միայն լեռներ, դաշտեր, ձորեր, ծառեր, աղբիւրներ, վայրի եւ ամայի, անծայրածի՜ր բնութիւն… Բնութիւնը չէ որ վտանգուած է այդտեղ, այլ բնակչութիւնը, բնակիչների ապագան: Այս տարրական հանգամանքները նկատի առնելով, «բնապահպանութեան» արմատական ակտիվիզմը Հայաստանում ուղղակի անհեթեթ է: Այդ միջոցաւ է որ կարգ մը ջահելներ իրենք զիրենք կապուած են զգում մնացեալ, դուրսի արդի աշխարհին, հոգեբանականօրէն հասկնալի է, սակայն լաւ կը լինի այդ գաղափարների գործադրութեան չափը մի քիչ յարմարեցնել երկրի կացութեան եւ պայմաններին: Երկիրը ո՞նց կարող է դուրս ելլել XIIIրդ դարից, եթէ յանուն – վարդապետութեան վերածուած – բնապահպանական ծայրահեղ Յղացքների, կաշկանդուին տնտեսական նուազագոյն ծրագիրները:

  6. Անուշ says:

    Հարգելի Հ Շ, ես խորխպես համոզված եմ, որ Սևանը վտանգված է, քանի որ թթվային դրենաժ է տեղի ունենալու Ամուլսարի շահագործման հետևանքով: Ես Հայաստանի բնությանը շատ լավ ծանոթ եմ, իսկ որ խմելու ջուրը լինելու է ապագայի ամենաթանկարժեք բնական պաշարը՝ անվիճելի է: Հանքարդյունաբերությունն ապագա չէ մեր Երկրի համար: Մեր ապագան բարձր տեխնոլոգիաների ոլորտում է:Հուսամ որ Ամուլսարի շահագործման վնասների ու օգուտների մասին գիտակ մարդկանց հետ պարոն Աբրահամյանը քննարկում կկազմակերպվի ,որպեսզզի լայն հասարակությունը գոնե իրազեկված լինի:

    • Հ.Շ. says:

      այո, արմատական բնապահպանների համար իրենց տեսութիւնները բացարձակապէս անվիճելի են, Կրօնքի նման, սակայն հանքային ծրագիրները աշխատանք կը հայթայթեն մարդկանց, խոնարհ մարդկանց, բան մը որու կարիքը կայ երեւի Հայաստանում. կարող է որ մի օր բարձր տեխնոլոգիան տնտետսական նշանակալից, լայնատարած գործի դաշտ դառնայ Հայաստանում. սակայն վազելէ առաջ, նախ պէտք է ոտքի կանգնիլ եւ քալել սովորել. կամ այս պարագային՝ բարձրերէն թռչելէ առաջ…

  7. Ա.Աբգարյան says:

    Հարցման կազմակերպիչները իրենց տեղեկատվությունը քաղելիս գտնվել են ,,հայկական ռադիոի,, շարմի ու մեր,,կեցության անտանելի թեթև բեռի,, ազդեցության տակ:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք