Գունազարդ վազք եւ տրամադրություն՝ Երեւանում (ֆոտոշարք)

Գունազարդ վազք եւ տրամադրություն՝ Երեւանում (ֆոտոշարք)

Այսօր «Հանրապետության» հրապարակում իսկական տոն էր՝ գունեղ տոն: Շուրջ 2 հազար երեւանցիներ եւ հյուրեր ռիթմիկ երաժշտության հնչյունների ներքո մասնակցեցին «Գունազարդ վազքարշավին»:

Միջոցառման գլխավոր կազմակերպիչ, Հայաստանում «Run Armenia» նախագծի հիմնադիր Ղազար Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այս տարի կատարվեց մեր երազանքը՝ «Գունազարդ վազք» երրորդ միջոցառումն անցկացվեց Հանրապետության հրապարակում: Համոզված եմ, որ Հայաստանում պետք է բազմապատկել զանգվածային միջոցառոջմները՝ լինի մարզական, մշակութային կամ այլ ոլորտների, որպեսզի զբոսաշրջությունը զարգանա: Մենք այս ուղղությամբ աշխատում ենք եւ ուզում «Գունազարդ վազքով» զարգացնել մասսայական սպորտը, սպորտային տուրիզմը եւ ընդհանրապես առողջ ապրելակերպը: Ուրախալի է, որ տարին տարվա վրա այս միջոցառումն ընդլայնում է ինչպես մասնակիցների (այսօր մեկնարկի ելավ շուրջ 2 հազար վազքասեր), այնպես էլ գործընկերների եւ աջակիցների շրջանակները: Մեզ ուրախացնում է, որ վազքասերների տարիքային տարբերությունն էլ է մեծանում: Այսօր 5 կմ երջանիկ մրցատարածության մեկնարկի ելան ինչպես 50-ն անց, այնպես էլ 12 տարեկաններ, որոնց ծնողների հետ նրանց մասնակցությունը հատուկ համաձայնեցրել ենք»:


Նա ավելացրեց նաեւ, որ միջոցառումը բարեգործական է. «Գոյացած հասույթը երկու ուղղության է տրամադրվելու՝ Անգլիական եւ Մանկական զբոսայգիներում ազգաբնակչության հաամար Սթրիթ Վորքաութի խաղահրապարակների կառուցմանը, որը քննարկման փուլում է, եւ  շվեյցարահայ բարեգործ Թերեզա Մխիթարյանի ծրագրին միանալը, որը կոչվում է «Կյանքի ճանապարհ»: Այդ ծրագրի շրջանակներում պետք է նորոգվի Բերդ-Իջեւան ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի 34 կմ հատված»:

Հարցին, թե վազքի հաղթողներին ի՞նչ խրախուսանքներ են սպասվում, կազմակերպիչը նշեց, որ աջակից հինգ կազմակերպություններ իրենց պարգեւներն են սահմանել: Բայց ավելի կարեւորեց տոնականություն, ընդհանուր բարձր տրամադրություն ստեղծելը: «Այսօր վազաքարշավներ եւ մասսայական այլ միջոցառումներ շատ են կազմակերպվում: Բայց սա մյուսներից տարբերվում է իր տոնականությամբ: Գունավոր փոշին, որով ներկվում եւ միմյանց վրա շաղ են տալիս մասնակիցները, հանդիսականները եւ պարզապես անցորդները, իր խորհուրդն ունի. երջանկացնել Հայաստանը վառ գույներով, մանակիցներին իրենց քաղաքում մի ուրիշ տրամադրություն փոխանցել, ինչը կարծում եմ, ստացվում է: Թող լինի զվարճանք, սպորտ եւ բարեգործություն», – ասաց Ղազար Հակոբյանը:

Տեղեկացնենք, որ վազքուղին առաջինն անցած երեք տղաները և աղջիկները պարգևատրվեցին մրցանակներով հովանավորների և գործընկերների կողմից:

Երևանյան գունազարդ վազք 2017-ի մասնակիցներից առաջին տեղի  հաղթող  աղջիկը Նյու Յորքից էր՝ Սոնա Ֆաունթեյնը: Աղջիկ մասնակիցներից 3-րդ, 2-րդ  հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրին Էլեն Հովհաննիսյանը, Կարինե Ավետիսյանը, իսկ տղաներից  3-րդ, 2-րդ և 1-ին հորիզոնականները` Մելիքասեթ Կարապետյանը,  Անդրանիկ Մարգարյանը և Մհեր Մաշումյանը:

Երևանյան գունազարդ վազք 2017-ի առաջին տեղի երկու հաղթողներին ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից որպես մրցանակ տրվեց՝ Հայաստանում եռօրյա էքստրեմալ տուր անցկացնելու հնարավորություն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք