Զեյնալյանը՝ գործուղումների համար նախագահի ծախսած 663 մլն-ի մասին

Զեյնալյանը՝ գործուղումների համար նախագահի ծախսած 663 մլն-ի մասին

«Ելքի» պատգամավորը կարծում է, որ եթե անգամ նախագահի անձը չեն սիրում, չեն կարող նրան փնովել եւ հանիրավի մեղադրել անարդյունավետ ծախսերի մեջ՝ մինչեւ չուսումնասիրեն:

ԱԺ-ում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ներկայացնելով նախագահի աշխատակազմի՝ 2016-ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը, անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի գործուղումներին: Նա ասաց, որ նախագահը 1 տարվա ընթացքում 18 պաշտոնական այց է կատարել, ու չնայած գործուղումների եւ շրջագայությունների հոդվածով աշխատակազմին հատկացվել է 579 մլն դրամ՝ 84 մլն էլ վերաբաշխում են արել, եւ ընդհանուր ծախսը տարվա կտրվածքով կազմել է 663 մլն դրամ: Սա՝ միայն ՀՀ նախագահի գործուղումների ծախսն է:

Aravot.am-ը այս առնչությամբ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին հարցրեց՝ 663 մլն դրամ ծախսել գործուղումների համար շա՞տ է ըստ Ձեզ՝ հաշվի առնելով նաեւ, որ Հայաստանը սոցիալապես վատ պայմաններում ապրող երկիր է, աղքատության բարձր ցուցանիշներ ունի եւ տնտեսական լուրջ խնդիրներ: Զեյնալյանը պատասխանեց. «Դա պետք է ուսումնասիրել: Միանգամից ասել՝ այդ գումարը մեծ է, զարմանալ եւ միանգամից մեղադրանք ներկայացնել պետք չէ: Պետք է հասկանալ՝ ինչի վրա է դա ծախսվել, ինչպես է ծախսվել, արդյո՞ք հնարավոր էր ավելի քիչ միջոցներով դա անել, թե՞ ոչ, արդյո՞ք այդ մի այցելությունը անհրաժեշտություն էր, թե՞ ոչ: Արտաքին քաղաքականություն կա, շահեր կան, կան պարտադիր այցելություններ, որոնք կարող են ունենալ արդյունքներ, որոնց վերաբերյալ չպետք է խոսվի: Այս ամենը պետք է վերլուծել: Միանգամից ասել՝ գումարը մեծ է, քանի որ այդ պաշտոնը զբաղեցնող անձնավորությանը մենք չե՞նք սիրում… Գիտեք, հասկանում եք, ինչ կատեգորիայի մասին է խոսքը: Միայն նրա համար, որ դա իրենք են, սա մենք ենք ու վերջ: Բայց այդպես չի, կարծում եմ, դա կլինի անլուրջ: Ցանկացած ճշմարտություն, որ կասվի դրանից հետո, արդեն կստվերվի»:

Մեր հարցին՝ կառավարությունը հայտարարել էր, որ պետք է գոտիները ձգել, տնտեսել, բյուջեի կատարման հաշվետվությունը լսելիս դուք նկատեցի՞ք՝ գոտիները ձգե՞լ են, թե՞ անիմաստ, անարդյունավետ ծախսեր կան, Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ միայն կատարողականը լսելուց հետո չի կարող գնահատական տալ. «Դա բավարար չի՝ հասկանալու համար, պետք է խորապես ուսումնասիրել: Ասել՝ քանի որ իրենք են, ուրեմն վատ են արել, կարծում եմ, ցանկացած ասված խոսք արդեն կստվերվի, կդառնա անլուրջ»:
Ըստ պարոն Զեյնալյանի՝ կառավարության առջեւ չպետք է հարց դնել, որ անպայման տնտեսեք, պետք է որակ պահանջել. «Եթե ասվում է, որ տնտեսվել է գնումների մեջ, խնդիրը միայն էժան ապրանք ձեռք բերելը չի, պետք է նայել՝ այդ ապրանքն այդ գնով ձեռք բերելը հիմնավորվա՞ծ է, թե՞ ոչ: Ցածր գինն էլ է վտանգավոր, պետք է լինի այնպես, որ դա լինի շարժիչ ուժ: Այդ գումարները էլի մեր հասարակությանն են վերադարձվում, մտցվում են շրջանառության մեջ: Սպառողները, որ վերցնում են այդ գումարը, դա չի դադարում լինել մեր ՀՆԱ-ն, դա ուղղակի ապահովում է թափանիվի պտույտը, շրջանառությունը: Այնպես չի, որ պետք է ամեն ինչ էժան լինի: Օրինակ՝ պատկերացրեք, գյուղացուն անընդհատ ասենք՝ դու էժան վաճառիր ապրանքդ: Նա էժան չպետք է վաճառի, պետք է վաճառի այնպես, որ շահույթ ունենա: Մեր նպատակը չի նրան ոչնչացնելը: Մենք չենք կարող այն կանխավարկածով շարժվել, որ այդտեղ անպայման կոռուպցիա կա, շահույթ ստացան, վատն են, որ օգուտ ստացան: Դա մեր կապիտալն է, մեր հարստությունն է, այդ հարստությունը պիտի ավելացնենք»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

15.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք