«Սա քողարկված հայց էր՝ ՀՀԿ անունից». Երեւանի N17 դպրոցի տնօրենը եւս հրաժարվեց հայցից (Տեսանյութ)

«Սա քողարկված հայց էր՝ ՀՀԿ անունից». Երեւանի N17 դպրոցի տնօրենը եւս հրաժարվեց հայցից (Տեսանյութ)

Երեւանի N17 դպրոցի տնօրենը եւս համապատասխան գրությամբ հետ է վերցրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դեմ ներկայացրած հայցադիմումը եւ դատավորին խնդրել գործի վարույթը կարճել: Այս մասին այսօր պարզ դարձավ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ սկսվեց գործի քննությունը:

Հիշեցնենք, որ 30 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ դատի էին տվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը եւ վերջինիս համակարգող Դանիել Իոաննիսյանին՝ «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում եւ մանկապարտեզներում» վերտառությամբ աղմկահարույց հրապարակման եւ ձայնագրությունների համար՝ համարելով, որ կազմակերպությունը զրպարտել է իրենց:

Դատավոր Անի Մխիթարյանը հայտնեց, որ հայցվոր՝ Երեւանի N17 դպրոցի տնօրեն Լիլիթ Թեւանյանը պատշաճ ծանուցվել է, սակայն նիստին չի ներկայացել՝ ուղարկելով նշյալ գրությունը եւ խնդրելով կարճել գործի վարույթը: Լրագրողների հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորման» շահերի ներկայացուցիչ, փաստաբան, ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց. «Ենթադրաբար, գիտակցել են, որ գործն անհեռանկար է: Կարծում եմ՝ դա է հրաժարման պատճառը: Սա քողարկված հայց է՝ ՀՀԿ անունից, ոչ թե տնօրենների: Որոշ տնօրեններ անգամ տեղյակ չեն եղել հայցից»:

Հավելենք, որ տնօրեններ Լիլիթ Թեւանյանի, ինչպես նաեւ՝ այսօր հայցից հրաժարված մեկ այլ տնօրենի՝ Երանուհի Հարությունյանի հետ կապ հաստատել չհաջողվեց,. նրանք արձակուրդում են:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք