Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը Ելցինից մրցանակ է ուզել՝ Ադրբեջանը ԱՊՀ վերադարձնելու համար (Տեսանյութ)

Հուլիս 20,2017 12:51

Այսօր ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Միհրանյանը «Սպուտնիկ Արմենիա» ակումբում Արցախյան հակամարտության կարգավորմանն անդրադարձավ:

Նա ասաց, որ բնական է, մտահոգություններ կան խնդրի հետ կապված, քանի որ որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչով հարցը կավարտվի, դրա համար էլ առաջանում են որոշակի մտահոգություններ: Հարցին, թե Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններից հետո ինչ քայլեր կարող են ձեռնարկվել եւ ինչու են համանախագահները այդքան պասիվ՝ նա պատասխանեց, որ իսկապես, Մինսկի  խումբը ոչ միայն չի ցուցաբերում անհրաժեշտ ազդեցություն Բաքվի վրա, այլեւ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում՝ հավանաբար տարածաշրջանային իրենց շահերից ելնելով՝ կամ ռեսուրսներ չունեն, կամ չունեն պատշաճ ազդեցություն այդ երկրի վրա, որովհետեւ Ադրբեջանը վայելում է Թուրքիայի լուրջ աջակցությունը, Պակիստանի:

Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ըստ Միհրանյանի, հաշվի առնելով, որ ՌԴ-ն ձգտում է պահպանել հնարավորինս մեծ ազդեցություն հետխորհրդային երկրներում, իսկ  Ադրբեջանը ԵՏՄ անդամ չէ, ՀԱՊԿ անդամ չէ, ամեն դեպքում փորձում է Ադրբեջանին բաց չթողնել եւ ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում: Այս փուլում ՌԴ-ն տնտեսական շահեր ունի Ադրբեջանի հետ:

Հարցին՝ Ադրբեջանին զենքի վաճառքը կարո՞ղ է նոր սրացումների տեղիք տալ՝ Միհրանյանը պատասխանեց. «Ադրբեջանական կողմը միշտ սադրում է, լարվածություն է ստեղծում, բաց ամբիոններից հրապարակավ միշտ հայտարարում է ուժի դիմելու մասին, բայց իմ կարծիքով, ապրիլյան պատերազմն էլ դա ցույց տվեց, որ համանախագահները կարող էին մատների արանքով նայել ինչ-որ բլից-կրիգի, եթե այն Ադրբեջանին հաջողվեր»:

Ըստ Միհրանյանի, հաշվի առնելով,, որ անցյալ տարի այդ բլից-կրիգը վերաճեց լայնածավալ պատերազմական գործողությունների, արդեն շահագրգիռ կողմերը, առաջին հերթին ՌԴ-ն խառնվեցին. «Եթե Ադրբեջանը համոզվի, որ իրեն կհաջողվի բլից-կրիգ իրականացնել եւ ամրապնդել իր դիրքերը, լուրջ հաջողությունների հասնել, ապա դա հնարավոր կլինի, բայց լայնամասշտաբ պատերազմական գործողությունները տարածաշրջանում որեւէ մեկին ձեռնտու չեն, առանց այն էլ հարեւան երկրներում կոնֆլիկտներ կան եւ մեծացնել կոնֆլիկտի գոտին՝ որեւէ մեկի ձեռնտու չէ: Դեռ Սիրիայի խնդիրը կա, Իրաքի, հսկայական խնդիրներ կան: Այնպես որ՝ ես ավելի շուտ բացառում եմ պատերազմի վերսկսումը»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ որպես ՌԴ-ում ապրող գործիչ, ի՞նչ եք կարծում, Ռուսաստանին ձեռնտո՞ւ է լուծել արցախյան խնդիրը, թե՞ ձեռնտու է, որ որքան հնարավոր է երկար տեւի այն: Անդրանիկ Միհրանյանը պատասխանեց, որ այո, կա տեսակետ, որ ՌԴ-ն է կոնֆլիկտը ստեղծում, կարգավորում, դա ՌԴ-ի շահերի ներքո է, կարծես մենք չգիտենք հայ-ադրբեջանական ներքին խնդիրները. «Իհարկե, ՌԴ-ն տարածաշրջանում շահեր ունի, այս կոնֆլիկտն էլ իր շահերին է ծառայեցնում»:

Միհրանյանը հիշեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Բորիս Ելցինի հետ. «Ասաց՝ մենք ձեզանից սպասում ենք ինչ-որ մրցանակ՝ նրա համար, որ Ղարաբաղում մեր հաղթանակի շնորհիվ Ադրբեջանը վերադարձրեցինք ԱՊՀ-ի կազմ, որովհետեւ Ադրբեջանը դուրս կգար ԱՊՀ-ից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31