Լրահոս
Օրվա լրահոսը

Լոքյանը վստահ է՝ գլխարկներով եւ բաժակներով զգոնացնելու են փողոցում աղբ թափող մարդկանց (Տեսանյութ)

Հուլիս 20,2017 16:22

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության նիստին անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրին, ասաց, որ այս գործընթացում ներգրավված են բոլոր հնարավոր կառույցները՝ եւ պետական եւ մասնավոր եւ հասարակական կազմակերպություններ: «Նպատակն ինչ է, բոլորիս է հայտնի: Այս ուղղությամբ, ներողություն բառիս համար, մենք ունեցել ենք բավական ցածր մշակույթ: Այսօր շատ մեծ դժվարությամբ փորձում ենք հաղթահարել այս լայնածավալ խնդիրը»:

Լոքյանն ասաց, որ կանխարգելիչ գործողությունների շարքից կարեւոր է էկոդաստիարակությունն ու էկոկրթությունը, քարոզչությունն ու այլ հանգամանքներ:

«Արդեն նախապատրաստել ենք քարոզչական բավականին մեծ բլոկ, որը առաջիկայում կմտնի շրջանառության մեջ, ֆինանսական խնդիրներ ունենք, փորձում ենք միջազգային կառույցների միջոցով 30-35 միլիոն դրամի միջոցներ հայթայթել, որը կուղղվի քարոզչական նյութերի մեծածավալ օգտագործմանը»,-ասաց նախարարը:

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն իր հնչեցրած՝ «բավական ցածր մշակույթ» արտահայտության վերաբերյալ ասաց. «Նկատի ունեի, որ ցավում եմ, որ մենք նախկինում չենք ձեւավորել այն մշակույթը, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանա՝ մեքենայի պատուհանից դատարկ շիշ չի կարելի շպրտել Սեւան-Երեւան մայրուղու կամ Ապարան գնացող ճանապարհին: Գնթունիկից գնում անելուց հետո չի կարելի տոպրակներ շպրտել: Մենք ամեն շաբաթ մաքրում ենք, բայց էլի նույնն է»:

Մեր հարցին՝ աղբաման կա, բայց մարդիկ փողոցներո՞ւմ են թափում աղբը, Լոքյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ աղբաման չկա, դատարկ շիշը պետք է պահել մեքենայում, երբ աղբաման կլինի՝ նետեն: Այսինքն` բացատրություն չէ»:

Ըստ նախարարի, աղբամանների մեծ կարիք կա, հաջորդ տարի ձեռք են բերվելու 10 հազար աղբամաններ:

Լոքյանն ասաց, որ մաքրություն պահպանելու քարոզի համար պատրաստել են տեսահոլովակներ, քարոզչական նյութեր. «Պատրաստել ենք գլխարկներ յուրաքանչյուր մարզի համար, օրինակ՝ մաքուր Տավուշ, նույնիսկ բաժակներ»: Այս ամենը, ինչպես վստահեցրեց Լոքյանը, ավելորդ ծախսեր չեն, դրանք մասնավոր հատվածը որպես բիզնես է իրականացնելու. «Գիտեք, մարդու շրջապատում, երբ նման որեւէ իր կա, դառնում է ավելի զգոն»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք չնախատեսված վայրում աղբ թափելու համար տուգանքներ նախատեսվո՞ւմ են, Լոքյանը պատասխանեց. «Արդարադատության նախարարությանն ենք փոխանցել օրենքի նախագիծը, բավականին կոշտ վարչական պատիժներ է սահմանվում մեքենայից աղբ նետելու, փողոցում ծխախոտի մնացորդ նետելու համար»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ըստ Լոքյանի, օրենքի նախագծով սահմանվում է, օրինակ՝ ծխախոտը փողոցում նետողին տուգանել 16 հազար դրամով:

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31