Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը լատվիացի գործընկերներին՝ «Այդ ի՞նչ է, լատվիացիներին ադաթ է, Արցախի ժողովրդին՝ ո՞չ»

Հուլիս 20,2017 22:57

Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղուլիի՝ Արցախի վերաբերյալ հայտարարությանը, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Չավուշօղլուն մի ներկայացուցիչ է, որի երկրի պառլամենտում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ծեծի են ենթարկում՝ ինչպես Գրիգոր Զոհրապին, մի պետություն է, որն օժանդակում է Ադրբեջանի հանցագործ պահվածքին Արցախի նկատմամբ: Թուրքիան պետք է ձեռքները հեռու պահի արցախյան հիմնահարցից, Թուրքիան անելիք չունի արցախյան հիմնահարցում, եւ Թուրքիան մի օր, ուզի թե չուզի, պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը որպես միջազգային սուբյեկտ, որովհետեւ աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով: Եվ երկրորդ, եթե խոսում է օկուպացիայից, ապա պետք է դուրս բերի իր զորքերը օկուպացրած Կիպրոսից, որն, ի դեպ, Եվրամիության անդամ երկիր է»:

Պարոն Շարմազանովը մեկնաբանելով Լատվիայի եւ Ադրբեջանի միջեւ օրերս ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի մասին նորությունն, ասաց, որ իր համար «տարօրինակ եւ զավեշտալի» է, որ Եվրամիության անդամ երկիրը՝ Լատվիան, ռազմավարական հռչակագիր է ստորագրում մի պետության հետ, որը մարդու իրավունքների խախտման ամենաակնառու օրինակն  հանդիսանում մեր տարածաշրջանում. «Մի երկիր որտեղ ժողովրդավարության ազատությունները պահպանված չեն եւ մի երկիր, որը գնում է ավտորիտարիզմի ճանապարհով, որտեղ գնում է ոչ թե ժողովրդավարության կառուցում այլ՝ սուլաթանատ, որտեղ ոչ ավելի, ոչ պակաս, երկրի նախագահն իր սիրելի տիկնոջը նշանակում է առաջին փոխնախագահ: Եվ սա տարակուսելի է, որովհետեւ Եվրամիությունն ինձ համար մարդու իրավունքների պաշտպանության արժեքների եւ ժողովրդավարության մարմնավորումն է: Զարմանալի է երբ որ այդ արժեքները դավանող երկիրը կնքում է համաձայնագիր ավտորիտար պետության հետ»:

Շարմազանովի համար նաեւ զավեշտալի է Լատվիայի խորհրդարանի հայատարությունը՝ Ադրբեջանի ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ. «Այդ հայտարարությունը հակասում է Եվրամիության պաշտոնական հայտարարությանը, Եվրամիության ներկայացուցիչները, մասնավորապես տիկին Մոգերինին մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով, երեք հավասարազոր սկզբունքների հիման վրա, որտեղ ինքնորոշման իրավունքն ունի շատ լուրջ դերակատարում, եւ այստեղ ինքնորոշման իրավունքի մերժումն անթույլատրելի է»:

Պարոն Շարմազանովն իր լատվիացի գործընկերներին հարցրեց՝ եթե տարածքային ամբողջականությունն ավելի կարեւոր է, քան՝ ինքնորոշման իրավունքը, այդ ինչպե՞ս նրանք առանձնացան խորհրդային միությունից. «Այդ ո՞նց Լատվիան անկախ պետություն դարձավ` ինքնորոշման իրավունքը հաշվի առնելով: Այդ ի՞նչ է, լատվիացիներին ադաթ է, Արցախի ժողովրդին՝ ո՞չ: Ինքնորոշման իրավունքը պետք է գործի ե՛ւ Լատվիայում ե՛ւ Ռուսաստանում ե՛ւ նաեւ առաջին հերթին Արցախում: Ինքնորոշման իրավունք եթե չգործեր, Լատվիան այսօր անկախ պետություն չէր լինի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31