Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոհեմից» մինչեւ հագուստներ քանդակային կերպարներով (Ֆոտոշարք)

Հուլիս 21,2017 13:30

Երեւանում են Փարիզի բարձր նորաձեւության ակադեմիայի
իսկական անդամներ Գեւորգ եւ Վարդան Թառլոյանները

Մեզ մոտ դեռեւս չկա հստակ վիճակագրություն արտասահմանում բնակվող եւ ստեղծագործող հայաստանցի արվեստագետների թվի մասին: Նրանցից յուրաքանչյուրի այցը հայրենիք՝ սպասված է հանդիսատեսի կողմից, սակայն կան այնպիսի համբավավորներ, որոնց արվեստի հետ շփվելը դառնում է իսկական տոն:

Երեւանում են 2000 թվականից Փարիզի բարձր նորաձեւության ակադեմիայի իսկական անդամներ Գեւորգ եւ Վարդան Թառլոյանները: Նշենք, որ հիշյալ ակադեմիան ունի 16 անդամ, որոնց թվում են հանրահայտ կուտուրյեներ Դիորը, Վերսաչեն, Վալենտինոն, Ժան Պոլ Գոտյեն, Ջիվանշեն եւ մյուսները: Փարիզը նվաճած մեր հայրենակիցները ընդամենը մեկ անգամ են Երեւանում ցուցադրել իրենց արվեստը՝ 2006թ., «Ինկվիզիցիա» եւ «Փախուստ» թեմաներով:

«Առավոտը» երրորդ անգամ է հանդիպում հայ կուտուրյեների հետ (21.05.2013թ., 6.09.2016թ.):


Մեզ հետ զրույցում Թառլոյանները հայտնեցին, որ այս անգամ հրավիրված են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից (տնօրեն՝ Ռուզաննա Սիրունյան, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան)՝ Պուչինիի «Բոհեմ» օպերայի բեմականացման առիթով (ռեժիսոր՝ Սուքիաս Թորոսյան), որը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հուլիսի 26-ին: Մենք դեռ կանդրադառնանք «Բոհեմին»:
Կուտուրյեներին նախ հիշեցրինք նախորդ հարցազրույցներում իրենց կողմից հնչեցրած հայաստանյան մեկ-երկու նախագիծ իրականացնելու մտադրության մասին եւ հետաքրքրվեցինք, թե ինչ է արված այդ ուղղությամբ: «Մեր ոլորտում ֆինանսական լուրջ ներդրումներ են անհրաժեշտ եւ, որ ամենակարեւորն է՝ պետք է Հայաստանում զարկ տալ տեքստիլ արդյունաբերությանը: Հայաստանցի մեծահարուստները գուցե չեն պատկերացնում, որ կարելի է ներդրում կատարել նորաձեւության ոլորտում կամ տարակուսում են, թե ներդրված ֆինանսը ինչ ճանապարհով է վերադառնալու: Միայն նշեմ, որ վերադարձն անխուսափելի է ու, կրկնում եմ, որ դա կլինի միայն տեքստիլ արդյունաբերության զարգացման ճանապարհով, որն իր մեջ ներառում է գործվածքի, կոշկեղենի, զարդերի, օծանելիքի եւ այլնի արտադրություն»,- հայտնեց Վարդան Թառլոյանը: Եղբայրն էլ շեշտելով, թե Երեւանում դեռեւս սալոն չեն հիմնել, տեղեկացրեց, որ իրենց ամառային եւ աշնանային հավաքածուներն արդեն ցուցադրված են երեւանյան Elite Life սրահում՝ հայաստանյան իրենց կոլեգաների աշխատանքների կողքին: Հավելեց նաեւ, թե առաջարկը ստացել են սրահի տնօրեն Մայա Պողոսյանի կողմից եւ ողջունելի է, որ այս սրահը նախատեսված է հայ դիզայներներին բացահայտելու նպատակով:


Անդրադառնալով «Բոհեմ» օպերային, փաստեցինք, որ մուտք են գործում նաեւ թատերարվեստ: Թառլոյան եղբայրները նշեցին, որ իրենք ունեն նման փորձ, հետո էլ մանրամասնեցին. «Դեռեւս 2000-ականների կեսերին համագործակցելով ֆրանսիական M6 TV-ի հետ, իրականացրել ենք մի քանի, այդ թվում՝ «Քամուց քշվածները», մյուզիքլների հագուստների դիզայնը: Ի դեպ, Մարգարետ Միտչելի համանուն այս երկի համար հիանալի երաժշտություն էր գրել կոմպոզիտոր Ժերար Պրեսկուրվեկին»: Սահուն անցում կատարելով «Բոհեմին», մեր զրուցակիցները հավաստիացրին, որ իրենց թատերական հագուստները համապատասխանում են Պուչինիի (19-րդ դար) ժամանակաշրջանին ձեւով, գույնով, անգամ տրամադրությամբ: Որոշ փակագծեր էլ բացեցին: Պարզվում է՝ մինչ երեկոյի սկսվելը ճեմասրահում, հանդիսատեսին նախապատրաստելու նպատակով, կներկայացնեն տվյալ ժամանակաշրջանին վերաբերող իրենց գործերը: Գեւորգ Թառլոյանի խոսքով՝ դա 15 րոպեանոց ներկայացում է, որն անվանել ենք «Զբոսանք Փարիզում»:
Զրույցի ընթացքում կուտուրյեները հայտնեցին, որ վերջին շրջանում կենտրոնացած են նորաձեւությունը էսքիզների ձեւով ներկայացնելու եւ հագուստները քանդակային կերպարների միջոցով ցուցադրելու տարբերակի վրա: Իսկ թե ինչ ասել է քանդակային կերպարային հագուստ ներկայացնել, Գեւորգ Թառլոյանը մանրամասնեց. «Զգեստը քանդակի վրա, ի տարբերություն մանեքենի, դիտվում է իբրեւ զուտ նորաձեւության նմուշ: Նման բան Հայաստանում դեռ չի արված, իսկ մենք առաջին անգամ 2015թ. Փարիզում Ժանսեմ պատկերասրահում ներկայացրինք մեր էսքիզ-գեղանկարչական աշխատանքներն ու «Հանդիպում» խորագրով մի քանի հագուստ քանդակային կերպարներով»: Մեր զրուցակիցները մտադիր են նման ցուցադրություն կազմակերպել նաեւ Երեւանում: Այս եւ այլ հարցերով օրերս հանդիպելու են մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ. ցանկություն ունեն Երեւանում հիմնել դպրոց կամ պարբերաբար անցկացնել վարպետության դասընթացներ:


Նորաձեւությունը մշտապես «շարժման մեջ է», հետեւաբար այս անգամ էլ Թառլոյաններին խնդրեցինք կարծիք հայտնել մեր պաշտոնյաների, մասնավորապես՝ ՀՀ նախագահի ու նրա տիկնոջ հանդերձանքի մասին: Կուտուրյեների դիտարկմամբ՝ տղամարդ պաշտոնյաները ներկայանում են չափից ավելի դասական հագուկապով, իսկ կանայք հետեւում են հիմնականում ֆրանսիական եւ իտալական նորաձեւությանը: Ինչ վերաբերում է տեր եւ տիկին Սարգսյաններին. «Նրանք ներկայանալի են հագնվում, նախագահի կերպարը դասականի մեջ է, իսկ նրա տիկնոջ հագուկապը իսկապես բարձրարվեստ է: Չգիտենք ով է զբաղվում դրանով, բայց պետք է նշել, որ ճիշտ է ընտրվում, թե ինչպես ներկայանալ տարբեր միջոցառումներին»: Կուտուրյեները հատկապես տպավորված են, իրենց խոսքերով՝ մշակույթին նախագահի ու նրա տիկնոջ մշտական ուշադրությունից:


ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

20.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31