Լրահոս
Օրվա լրահոսը

15-ամյա հանդբոլիստի մահվան մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցեւը հացադուլ է հայտարարել

Հուլիս 21,2017 15:17

Կարեն Կունգուրցեւը, որն այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ժամեր առաջ հացադուլ է հայտարարել: Վերջինս մեղադրվում է Վանաձորում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ:

Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 18-ին, մասնակիորեն բավարարելով մեղադրող դատախազի վերաքննիչ բողոքը, Կարեն Կունգուրցեւին դատապարտեց 7 տարվա ազատազրկման. «Մի 2 ժամ առաջ է հացադուլ հայտարարել: Դեռ իրեն չեմ տեսել, չգիտեմ ինչքան է պատրաստվում շարունակել»,- ասաց Կարեն Կունգուրցեւի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Aravot.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ հուլիսի 18-ի վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումն իրավական պատճառաբանություն չունի. «Ազատազրկման որոշումը ապօրինի պատվերի շրջանակներում է կատարվել: Ես գտնում եմ, որ այս վճռով դատարանը մի քանի հարցեր լուծեց: Առաջինը՝ իրական հանցագործին թաքցրեց կամ հովանավորեց: Երկրորդը, որ վարույթն իրականացնող մարմնին փրկեց, ով պետք է պատասխան տար շատ փնթի սարքած գործի համար: Կունգուրցեւը պետք է ստանար հնարավոր հատուցումը՝ ապօրինաբար կալանքի տակ մնալու համար: Եվ քանի որ Կունգուրցեւը չուներ հովանավոր, լավ բարեկամ, քեռի, ծանոթ, ով կունենար բարձր պաշտոն՝ դարձավ իրավիճակի զոհը: Կունգուրցեւի նկատմամբ վերաքննիչ դատարանը, մեղմ ասած, օրենքից դուրս է աշխատել»:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը նաեւ նշեց, որ վերաքննիչ դատարանը քննության ընթացքում մի քանի անգամ փոփոխել է իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը: Այժմ Կունգուրցեւը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, այն է` դիտավորությամբ անձին մարմնական վնասվածք հասցնել, որն առաջացրել է մահ:

Արայիկ Պապիկյանի խոսքով, վերաքննիչ դատարանը քննության ընթացքում չի ներկայացրել որեւէ նոր փաստ կամ ապացույց, որը կապացուցեր Կունգուրցեւի մեղավորությունը:

Նա ասում է, որ նաեւ մահացած երիտասարդի հարազատները պնդում են, որ իրենց տղային Կունգուրցեւը չի սպանել. «Մահացած տղայի փաստաբանը, հայրը միշտ նշել են, որ Կունգուրցեւն ընդամենը քավության նոխազ է եւ ընդհանրապես առնչություն չունի դեպքի հետ: Եթե Կունգուրցեւի հանգամանքը մի կողմ դնենք, պատանին, որ, ցավոք սրտի, մահացել է դեպքի ժամանակ, իր հարազատներն իրավական այլ ճանապարհ չեն ունենալու, որպեսզի կարողանան իսկական հանցագործին գտնեն: Այս դատական ակտի պայմաններում փակեցին նաեւ նրանց բոլոր հնարավոր ճանապարհները: Այսինքն, վերաքննիչ դատարանն այս խնդիրն էլ «լուծեց»: Այս ընթացքում ինչ էլ հետազոտել ենք, կրկին անգամ ապացուցում է, որ Կունգուրցեւը առնչություն չունի դեպքի հետ»:

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը գտնում է, որ այս վճիռը կապված է Արայիկ Պապիկյանի գործունեության հետ: Նրա կարծիքով՝ այս կերպ փորձել են լռեցնել փաստաբանին. «Վերջին ժամանակներում Արայիկ Պապիկյանի աշխատանքները օրենքի սահմաններում շատ ակտիվ, ազնիվ ու վճռական էին: Արայիկ Պապիկյանը բարձրացնում էր հարցեր, որոնց պատասխանները պետք է տային օրենքի շրջանակներում: Իսկ դա շատերին ձեռք չէր տալիս: Իրենք հայտնվել էին մի վիճակում, երբ այլ գործերի, օրինակ, «Սասնա ծռերի», Սեֆիլյանի գործով կատարած ապօրինությունների համար ստիպված էին լինելու պատասխան տալ, որին իշխանությունները, դատական, քննչական մարմինները պատրաստ չէին: Ինքը բոլորի համար դարձել էր պերսոնա նոն գրատա, եւ վստահ էինք, որ առիթը բաց չեն թողնելու: Բայց նման բան չէինք սպասում, որ որպես Արայիկ Պապիկյանին լռեցնելու տարբերակ, անմեղ երիտասարդի նկատմամբ նման պատիժ կնշանակեին»:

Մեզ հետ զրույցում Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնել. «Օրենքով չարգելված յուրաքանչյուր քայլի դիմելու ենք, որը պետք է օգնի արդարության հասնելու: Առաջիկա օրերին բոլոր քայլերի մասին հրապարակավ կասենք»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը արդարացրել էր Կունգուրցեւին, եւ նիստերի դահլիճից ազատ արձակել: Այս ընթացքում Կունգուրցեւը հասցրել էր ընտանիք կազմել, 2 ամսական երեխա ունի:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31