Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյան. «Ռուսաստանն էլ է եվրոպական երկիր՝ քաղաքակրթական առումով» (Տեսանյութ)

Հուլիս 22,2017 15:52

Այսօր «Մեդիա կենտրոնում» ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելքի» պատգամավորի հայտարարությանն ու այդ միությանը ՀՀ-ի անդամակցության պատճառներին, ասաց, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, թեպետ ունի աշխարհաքաղաքական նշանակություն : «Սա փաստաթղթերում գրված չէ, բայց ակնհայտ է, որ ունի: Ես չեմ կիսում իմ գործընկերների տեսակետը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Սթափ գնահատենք՝ փոքր շուկայով պետությունները մրցունակ չեն մնում աշխարհում, եթե չեն կարողանում ազատ առեւտուր կամ ազատ տնտեսական հարաբերություններ ունենալ  ավելի մեծ ձեւաչափերով: Հայաստանին շրջապատող աշխարհում կա Եվրասիական տնտեսական միություն, որտեղ մենք մտել ենք, կա Մերձավոր Արեւելք, որը չունի սեփական տնտեսական մեգապրոյեկտը, եւ կա Եվրոպական միությունը, որտեղ տնտեսական լիարժեք անդամության առումով չեն սպասում ոչ միայն մեզ, այլեւ անգամ ասոցացման պայմանագիր ստորագրած երկրներին՝ Մոլդավա, Ուկրաինա, Վրաստան»,-ասաց Աշոտյանը:

Նրա ներկայացմամբ՝  ԵՄ Արեւելյան գործընկերության վերանայված քաղաքականության փաստաթղթում բառացի գրված է՝ Արեւելյան գործընկերությունը Եվրամիության անդամության ճանապարհ եւ երաշխիք չէ: Հետեւաբար, ըստ Աշոտյանի, ընտրվեց ԵԱՏՄ-ն, որտեղ,  ՀՀԿ փոխնախագահի խոսքերով ասած՝ կա մի կարեւոր հանգամանք՝ հաղթահարել Հայաստանի շուկայի փոքրության խոչընդոտը. «ԵԱՏՄ-ն չի ապրում իր լավագույն տարիները, անդամ երկրների տնտեսությունը դժվար է զարգանում, հատկապես Ռուսաստանինը: Ես համոզված եմ, եթե մեր անդամակցությունը համընկներ նավթի գների պիկի հետ, մենք նման խնդիրների չէինք բախվի: Բայց եթե վերլուծենք ԵՄ երկրների տնտեսական վիճակը, ապա բացի երկու-երեք երկրներից, մնացածը շարունակում են հետճգնաժամային փուլի մեջ լինել»:

Թե ինչո՞վ էր պայմանավորված 2013 թվականին ՀՀ-ի կտրուկ շրջադարձը դեպի ԵԱՏՄ, Աշոտյանն այսպես մեկնաբանեց. «Եվրոպական հանձնաժողովի մեր նախկին գործընկերն ասել է՝ եւ-եւ-ի տարբերակը չի լինելու, ընտրեք կամ-կամ-ը: Սա անձամբ եմ լսել եվրոպական այդ տարիների շատ բարձրաստիճան հանձնակատարներից:  Հավատացնում եմ ձեզ, այն համաձայնագիրը, որը նոյեմբերին նախատեսում ենք ստորագրել, բացի ԵԱՏՄ-ի առջեւ ստանձնած պարտավորություններից, ուրիշ ոչնչով չի տարբերվում ասոցացման համաձայնագրից:  Քաղաքական մասը գրեթե ամբողջությամբ նույնն է: Ասոցացման համաձայնագիրը բանակցվում էր 2013 թվականին, այն ուներ քաղաքական մաս, մենք ունեցանք սահմանադրական հանրաքվե, ունեցանք նոր սահմանադրություն, որտեղ քաղաքական մասը է’լ ավելի լավ է գրված՝ հակակոռուպցիոն եւ այլ առումներով»:

Աշոտյանը նաեւ վստահեցրեց՝ Ռուսաստանն էլ է եվրոպական երկիր՝ քաղաքակրթական առումով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հարցին՝ քննարկվե՞լ է, թե 2018-ին վարչապետի պաշտոնն ով է ստանձնելու, Արմեն Աշոտյանը խուսափեց հստակ պատասխան տալ, ասաց՝ հասարակության ճնշող մեծամասնության համար դա ամենակարեւոր հարցը չէ, հատկապես հուլիսի 20-21-ին, հորդորեց զինվել համբերությամբ, ՀՅԴ-ի հետ այդ հարցի շուրջ քննարկումներ նախատեսում են:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31