Լրահոս
Օրվա լրահոսը

Տպագիր մամուլի անհրաժեշտությունը

Հուլիս 23,2017 12:00

Հայաստանի անկախացումից հետո երբևէ Հայաստանի լրատվամիջոցների վիճակն այսքան բարդ չի եղել, ինչքան հիմա՝ այս պահին: Խոսքը վերաբերում է տպագիր մամուլին, ավելի ճշգրիտ՝ տպագիր օրաթերթերին: Շաբաթաթերթերն ընդամենը մի քանիսն են, և նրանց գոյատևումը ինչ-որ կերպ պատկերացնելի է, բայց մեր անհանգստությունը հիմնականում վերաբերում է օրաթերթերին, որովհետև հիմնական լրատվությունը հենց օրաթերթերն են ապահովել ու ապահովում: Ասում ենք՝ ապահովում են, բայց առանձնապես վստահ չենք ասում, որովհետև լրատվական կայքերը տպագիր լրատվամիջոցներից ու օրաթերթերից «խլել» ու շարունակում են «խլել» հիմնական ընթերցողներին:

Փաստորեն, տպագիր մամուլ ու օրաթերթեր կարդում են հիմնականում նրանք, ովքեր  համակարգչից օգտվելու սովորություն չունեն: Համակարգիչ չունեցողները հիմնականում կարիքավորներն են, ովքեր ամեն օր թերթ գնելու հնարավորություն չունեն: Նրանք, ովքեր ամեն օր թերթ գնելու հնարավորություն ունեն, բայց  համակարգչից  չեն օգտվում, թվով բավական քիչ են, և հիմնականում նրանք են այսօրվա մեր օրաթերթերի սպառողները:

Ի տարբերություն տպագիր մամուլի, մասնավորապես օրաթերթերի սպառողների՝ ինտերնետային կայքերի սպառողներն ու ընթերցողները չափազանց շատ են: Խոսքս իսկապես տագնապ է պարունակում և չի էլ կարող չպարունակել, որովհետև տպագիր մամուլը պետության ու հասարակության քաղաքակրթության չափանիշն է ու գրավականը, և տպագիր մամուլի ու օրաթերթերի քչությունն ու պակասությունը մոտավորապես նույնն է, ինչ գրքի ու գրքային ընթերցանության պակասությունը, որը նույնպես շատերի տագնապն է հարուցում: Բայց գիրք, այնուամենայնիվ, կարդում են:

Ինչքան էլ ասենք ու դժգոհենք, թե գիրք չեն կարդում, չենք կարող ասել, թե համակարգիչը գրողներից ընթերցողներ է խլել: Այլ հարց է, որ գիրքն այսօր անհամեմատ թանկ հաճույք է, քան խորհրդային ժամանակներում էր: Խորհրդային տարիներին նույնիսկ հաստափոր գրքերը կոպեկներ արժեին և բոլորին էին մատչելի: Նաև ազատ ժամանակի խնդիրը կա: Մարդիկ այսօր գիրք կարդալու համար ազատ ժամանակ չունեն, մինչդեռ խորհրդային տարիներին, հիշում ենք, մարդիկ նույնիսկ աշխատանքի տեղում և աշխատանքի ժամերին էին գիրք կարդում:

Ամեն դեպքում չենք կարող ասել, թե համակարգիչը գրողներից ընթերցող է խլել, և չնայած այսօր քչերն են գիրք գնում, բայց գիրք կարդալ ցանկացողները գրքի պակաս չեն զգում, որովհետև խորհրդային տարիներին գնած գրքերն այսօր էլ չեն հնացել և միանգամայն բավարարում են ընթերցել ցանկացողներին: Կարճ ասած՝ ոչ ոք համակարգչով Տոլստոյ, Դոստոևսկի կամ Թումանյան չի կարդում, և ցանկացողները կարող են նաև ժամանակակիցների գրքերը ձեռք բերել ու կարդալ:

Բայց վերադառնանք տպագիր մամուլին:

Անկախության առաջին տարիներին, երբ ազատ մամուլն իր առաջին քայլերն էր անում, ընթերցողների կողմից չափազանց մեծ հետաքրքրություն կար: Անկախության առաջին տարիներին ամենամեծ հետաքրքրությունն առաջացրին «Երկիր» և «Ազգ» օրաթերթերը, որոնց տպաքանակն այսօրվա չափանիշներով ֆանտաստիկ էր:

Այսօրվա չափահաս ու կայացած լրագրողներից շատերն իրենց առաջին քայլերը հենց այդ օրաթերթերում են սկսել: Լրագրողներից շատերն էլ իրենց առաջին քայլերն սկսել են «Առավոտ» օրաթերթում, որը լույս էր տեսնում 16 էջով, և որի տպաքանակը նույնպես այսօրվա չափանիշներով ֆանտաստիկ էր: Լուրջ տպաքանակով աչքի էին ընկնում նաև «Չորրորդ իշխանությունն» ու «Հայկական ժամանակը», որոնք նույնպես երիտասարդ լրագրողների համար կայացման հրաշալի պայմաններ էին ապահովում:

Այդպես՝ այդ տարիներին տակավին երիտասարդ տարիքում իբրև լրագրող կայացան շատերը, առանց որոնց մեր լրագրությունը դժվար է պատկերացնել: Բայց նրանցից շատերն այսօր առավելապես լրատվական կայքերի համար են գրում:

Փաստորեն, ինչքան տպագիր օրաթերթերի քանակը նվազում է, այնքան ավելանում է լրատվական կայքերի քանակը: Եթե լրատվական կայքերը բազմանում են, կնշանակի՝ ֆինանսավորողներ ու հովանավորներ ունեն: Դա, իհարկե, լավ է, որովհետև առանց լրատվության հնարավոր չէ մեր կյանքը պատկերացնել:

Այդուհանդերձ, մեր լրատվական կայքերի տոն տվողները հիմնականում  այն լրագրողներն են, ովքեր տպագրական մամուլում են թրծվել ու կայացել: Այսինքն՝ եթե տպագիր մամուլը վերանա կամ երկրորդ պլան մղվի, մենք հետագայում դժվար թե բարձրակարգ լրագրողներ ունենանք:

Այս մասին պիտի բոլորը մտածեն, ընդ որում՝ ոչ միայն լրագրողներն ու հրատարակիչները: Նաև՝ պետությունը: Նաև՝ մեծահարուստները: Նույնիսկ նրանք, ովքեր լրագրությունն ու լրագրողներին, մեղմ ասած, չեն սիրում:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել says:

    Հարգելի Ոսկան Երևանցի, կարդալով Ձեր հոդվածը, ես ուզում եմ մի քանի նկատառումներ անել:
    Իմ կարծիքով տպագիր մամուլը իր հետաքրքրությունը կորցրել է մի քանի պատճառներով.
    1.Օրաթերթում կամ շաբաթաթերթում նույն հեղինակի անունով մի քանի հոդված է տպագրվում տարբեր թեմաների շուրջ, որը հավատ չի ներշնչում:
    2.Լայն հասարակությունը տեղ չի գտնում այնտեղ:
    3.Սովորական մահկանացուին հոնորար չի վճարվում, որի հետևանքով բազմաթիվ ընթերցողներ է կորցնում մամուլը, թեկուզ այն պատճառով, որ հոդվածագիրը անպայման կգներ թերթը և կհորդորեր այն գնել նաև իր բարեկամներին և ծանոթներին, եթե նրա հոդվածը բարեբախտաբար տպագրվում է:
    Եվ էլի բազմաթիվ պատճառներ կան, որ մամուլը դարձել է առանձին արհեստավարժների բնակատեղի, օտարելով այն հասարակությանը, որ կփորձեր հոդվածներ ուղարկել և չնչին հոնորար ստանար:Ես ինքս լռագրող չեմ, բայց սկսած խորհրդային շրջանի Պիներ Կնչից, Ավանգարդից, Երեկոյան Երևանից տպագրում էին իմ հոդվածները և ես ոգևվորվում էի այն փոքրիկ հոնորարով, որը ուղարկում էին ինձ փոստով: Իսկ իմ գրվածքները կարդալոի համար հիսունից ավել բարեկամներ ու հարազատներ էին այն գնում, որպեսզի կարդան:
    Մամուլը դրձել է անդեմ և մի քանի լրագրողների կամ ոչ լրագրողների մենաշնորըը և գուցե դրանիդց էլ կորցրել է իր հետաքրքրությունը: Խորհրդային ժամանակներում կար նաև բաժանորդագրության պարտադիր և կամավոր բաղադրիչը և այլն և այլն; Այնպես որ, չվճարելով հոնորար լայն հասարկության շերտերին և պահելով միայն մի քանի արհեստավարժ լրագրողների ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ԼԱՅՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ;

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31