Լրահոս
Օրվա լրահոսը

Հանելուկային իրադարձություն (պատմվածք)

Հուլիս 23,2017 14:57

Փայլակը զբաղված էր օրվա սովորական աշխատանքային գործերով, բայց մտապատկերում Հրարփիի վերադարձն ու իրենց հանդիպման տեսլականն էր: Վերջին օրերին անհամբեր սպասում էր նրա հեռախոսազանգին: Ահա այդ ժամանակ էլ հանկարծ հնչեց բջջայինի երաժշտական կանչը:

Նա արագությամբ ձեռքը վերցրեց հեռախոսը, միացրեց այն և սրտի տրոփյունով դրեց ականջին:

-Ալլո՛, ողջույն, Հրարփին է:

-Այդ ե՞րբ ես ժամանել,-զարմացած հարցրեց Փայլակը,-ուրեմն եկել ես ու ձայն չե՞ս հանում, ուշադրությամբ լսում եմ, դե պատմիր, ինչպե՞ս է առողջությունդ, ե՞րբ ես եկել, դե, խոսի’ր:

-Երեկ եմ վերադարձել, ոչինչ, արդեն լավ եմ զգում, կարծես խելքի եմ գալիս:

Փայլակի սիրտը հուզմունքից սկսեց մի տեսակ ավելի արագ բաբախել:

-Երեկ ես եկել ու նոր ե՞ս զանգահարում:

-Ինչպե՞ս թե նոր եմ զանգահարում, ի՞նչ ես ասում, այնքան եմ փորձել, բայց քո հեռախոսը, անընդհատ զբաղված էր ցույց տալիս, հիմա էլ հազիվ միացա, ասեմ, որ հիվանդանոցից եմ զանգահարում:

-Ինչու՞ ես հիվանդանոցում, ի՞նչ է պատահել, բայց հենց նոր ասացիր, որ լավ ես:

Փայլակն ընկավ մտորումների գիրկը, լսում էր Հրարփիի ծանր շնչառությունը, խոսքի դանդաղ ու նուրբ ելևէջները: Մի՞թե նա դեռ չի կազդուրվել, նյարդային վիճակում է, դեռ իրեն չի գտել, հոգեկան ծանր ապրումներ, սթրեսներ, կլիմայի կտրուկ փոփոխություն, հիվանդություն, բարձր ջերմաստիճան…

-Իսկ ի՞նչ է պատահել, Հրարփի՛, դե՛, շուտ ասա՛:

-Բոլոր տեղերս ցավում է:

-Եվ հոգի՞դ:

-Ի՞նչ, լավ չլսեցի:

-Հոգիդ, ասում եմ, հոգիդ էլ է՞ ցավում:

-Այո,՛ և՛ հոգիս, և՛ սիրտս, և՛ ամեն տեղերս, բոլո~րը, բոլո~րը…

-Ո՞ր հիվանդանոցում ես, դե՛, շու՛տ ասա, ես իսկույն կգամ:

-Ո՛չ, ի՜նչ ես ասում, պետք չէ, մի՛ արի, կարիք չկա:

-Հաստատ, կգամ:

-Ո՛չ, ո՛չ, խնդրում եմ, ուշ է, արդեն ներս չեն թողնում:

-Հրամայում ե՞ս:

-Այո՛:

-Դե՛, լավ, որ դեմ ես, չեմ գա, խոստանում եմ, բայց ասա, ո՞ր հիվանդանոցում ես:

-Թիվ չորրորդում:

-Վաղը կզանգահարե՞ս, թե՞ ես զանգահարեմ:

-Անպայմա՛ն, կզանգահարեմ, ցտեսությու՛ն:

-Առայժմ:

Բջջայինը անջատելուց հետո և այն տեղավորելով կոստյումի աջ գրպանում, քանի որ ասում են, թե ձախ գրպանում չի կարելի այն դնել, սրտի աշխատանքի վրա ազդում է, Փայլակը անմիջապես հավաքեց սեղանին թափված աշխատանքային փաստաթղթերը, արագ շպրտեց դարակի մեջ, փակեց այն, բանալին դրեց տաբատի գրպանում և դուրս եկավ աշխատասենյակից: Րոպե առաջ էր ուզում տեսնել Հրարփիին` չնայած իր տված  խոստմանը, որ չպիտի գնար:

Դուրս եկավ աշխատավայրից, քայլեց դեպի ընդարձակ փողոցի ուղղությամբ, արագ տաքսի նստեց և շատ չանցած, նա արդեն թիվ չորս հիվանդանոցի դռների առջևում էր:

Մոտեցավ դռնապանին, բարևեց, քաղաքավարի ու հանգիստ հարցրեց  այդ  օրվա հիվանդանոց ընդունված անձանց մասին:

-Դժբախտաբար, ընդունարանը արդեն փակ է, վերև չենք թողնում, գրեք հիվանդի անուն-ազգանունը, և ես այն կհանձնեմ պարեն տանող կնոջը. նա անպայման կգտնի ձեր հիվանդին:

-Բայց ինձ մոտ թուղթ չկա,-խեղճացավ Փայլակը,-ես շտապելուց ոչինչ չեմ վերցրել հետս:

-Դիմացի պատուհանի աղջիկներին դիմեք, երևի կօգնեն:

Փայլակը շնորհակալություն հայտնեց հիվանդանոցի պահակին և մոտեցավ դիմացի պատուհանին, բայց այդտեղ աշխատող տիկինը այնքան էլ սիրալիր չգտնվեց իր նկատմամբ:

-Սա ի՞նչ է նշանակում,-բղավեց նա,-բոլորը թուղթ են ուզում, չկա՛, չկա՛, չկա՛, ես հո չեմ կարող պատրաստի հաշվապահական ձևերը ամեն խնդրողի բաժանել. օրական հարյուր մարդ է դիմում, հեռախոս չունե՞ք, զանգահարեք ձեռքի վրա, թող հիվանդապահը իջնի:

-Բայց ինչու՞ եք գոռում, տիկին-վրդովվեց Փայլակը,-դուք կարող եք նույն բանը ասել քաղաքավարի ու հանգիստ:

-Քաղաքավարի՛, հը՛մ, էլ ի՞նչ կուզեք,-հեգնեց աշխատակցուհին:

«Ընդունարանը չի աշխատում, այս աշխատակցուհին թուղթ չի տալիս, իսկ Հրարփին պառկած է այնտեղ` վերևում, ես էլ չեմ ուզում զանգահարել, որ անակնկալ լինի նրա համար»,-ինքն իրեն խոսեց Փայլակը և դուրս եկավ հիվանդանոցի ընդունարանից, գնաց մոտակա թերթի կրպակը, որը իր բախտից դեռ բաց էր, այնտեղից աշակերտական տետր գնեց և ետ եկավ, արագ պոկեց տետրի մեջտեղի թերթը, գրեց Հրարփիի անուն-ազգանունը, ծալեց երկտակ, տվեց հիվանդներին պարեն տանող կնոջը և սկսեց անհամբեր ետ ու առաջ անել սպասասրահում:

«Սատանան տանի, այդ կինը չի շտապում, նոր հիվանդատերերի է սպասում, այստեղ կրիայի դանդաղկոտությամբ են աշխատում»,-ինքն իրեն քրթմնջում էր Փայլակը:

Վերջապես հերթապահ տիկինը աստիճաններով դանդաղորեն վեր բարձրացավ` իր հետ տանելով նաև Փայլակի կարճ գրությունը:

Սպասումը տևեց մի ամբողջ հավիտենություն:

Ու հանկարծ երկրորդ հարկի աստիճանավանդակների վրա հայտնվեց Հրարփին, ով  արագացնելով  քայլերը` թռչկոտելով  դեպի ներքև էր շտապում, չգիտենալով, թե ով է այնտեղ իրեն սպասում:

Նա է, նրա փայլող աչքերն են, սև-սաթ մազերը, բարակ պարանոցը, նազելի իրանը:

Փայլակը նստած տեղից արագորեն վեր կացավ և շտապեց դեպի նա, որի հագին սպիտակ խալաթն էր՝ արձակած կոճակներով:

-Ահա՛ և ես,-ժպտաց Փայլակը, մոտենալով նրան:

-Ցլի՛կ,-նազանքով արտաբերեց Հրարփին,-խոստացար, որ չես գա, բայց միևնույնն է, եկար:

Փայլակին թվաց, որ նա հանգիստ, անտարբեր և հոգնած տեսք ունի: Զգացվում էր, որ նրա մեջ ինչ-որ բան փոխվել է, կոտրվել, որ սա այն Հրարփին չէ, որին ճանաչում էր քսան օր առաջ, երբ Գ. կայարանում խելագար ճիչով դեպի իրեն վազեց:

-Դե՛, ինչպե՞ս են գործերդ, առողջությունդ,-հարցրեց Փայլակը:

-Ոչ մի լավ բան,-տխուր արձագանքեց Հրարփին:

-Դու գիրացել ես,-ստեց Փայլակը,-իսկ դու գրում էիր, որ «չես ճանաչի քո Հրարփիին»:

-Ճիշտն ասած, ես քեզ խաբեցի, մայրիկն է վերևում պառկած, ես խնամում եմ նրան, սրտի նոպա է ունեցել:

-Բայց ինչու՞ խաբեցիր:

-Չէի ուզում, ճշմարտությունն ասել, միևնույն է, ես էլ եմ հիվանդ, հիվանդ:

Նրանք նստեցին ընդունարանի միակ նստարանին, բայց  զրույցը կարճ տևեց, քանի որ Հրարփին շտապում էր հիվանդ մոր մոտ, խոսակցությունն էլ կարծես չէր ստացվում, իսկ իրենք շատ բան ունեին իրար ասելու: Դրա համար պետք էին ժամեր, օրեր:

Հրարփին միայն դժգոհեց, որ ամեն ինչի համար ափսոսում է, որ մենակ է մեկնել հանգստանալու, որ այնտեղ հիվանդացել է, բարձր ջերմություն է ունեցել:

Հանկարծ նա թափով վեր կացավ տեղից ու տխուր հայացքը հառելով Փայլակի վրա, ներողություն խնդրեց ու դանդաղ քայլերով սկսեց բարձրանալ աստիճաններով՝ Փայլակին թողնելով անորոշության մեջ:

-Վաղը կզանգահարե՞ս,-հարցրեց Փայլակը, նրա հետևեից,-թե՞ ես զանգահարեմ:

-Այո՛, անպայման կզանգահարեմ,-պատասխանեց Հրարփին:

Փայլակը մտազբաղ դուրս եկավ փողոց: Այնտեղ աշխույժ եռուզեռ էր, մեքենաներ, մարդիկ, աղմուկ, իսկ իր ներսում` պաղություն, դատարկություն, գլխում` խառնիխուռն մտքեր, փոթորիկ:

«Մինչ նոր հանդիպում, մինչ նոր հանդիպում, մինչև վաղը, մինչև վաղը, երևի մայրիկի հետ տաք-տաք վիճել են ու դրա համար էլ սրտի նոպա է ունեցել խեղճ կինը, նա էլ էր դեմ Հրարփիի մենակ հանգստի մեկնելուն հարազատների մոտ, ինչպես և ինքը և ահա արդյունքում՝ սրտի նոպա»,-մտքում ասաց Փայլակը և շտապեց դեպի տրանսպորտի մոտակա կանգառ` տուն մեկնելու ակնկալիքով:

Իսկ նրան սպասում էր նոր հիասթափություն:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ ​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31