Անվտանգության եւ պաշտպանության գործոնները՝ առաջնահերթություն

Անվտանգության եւ պաշտպանության գործոնները՝ առաջնահերթություն

Հետխորհրդային եվրոպական երկրների բնականոն եվրոպականացման գործընթացը կխափանվի առանց անվտանգության եւ պաշտպանության գործոնների առաջնահերթությունը ճանաչելու:

Ս.Թ. հուլիսի 30-ին մեկնարկում են ՆԱՏՕ-ի Noble Partner 2017`«Արժանապատիվ գործընկեր» զորավարժությունները Վրաստանի Վազիանի ռազմակայանում: Ի շարս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Սլովենիայի եւ Թուրքիայի զինված ուժերի՝ մասնակցելու են նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի ռազմական ստորաբաժանումները: Այդ մասին հուլիսի 21-ին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան՝ հավելելով, որ զորավարժություններին մասնակցելու են ռեկորդային թվով՝ 2800 զինծառայողներ: Բացի դրանից, զորավարժությունների առիթով Թբիլիսի է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:

Եթե առաջին հինգ երկրների մասնակցության պարագան պարզ է եւ բխում է նրանց՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուց, ապա Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի մասնակցության նշանակությանը, ինչպես նաեւ նրանց համատեղ մասնակցությանը հարկ է առանձին անդրադառնալ: Հայաստանի համար այս զորավարժություններին մասնակցելու քաղաքական նշանակությունը դժվար է թերագնահատել:

Վրաստանը եւ Ուկրաինան կառուցում են իրենց պետականության եվրոպականացման ուղին՝ գտնվելով Ռուսաստանի ուղղակի, մշտական ռազմական սպառնալիքի ներքո: Պարզ է, որ 2008 թվականին Վրաստանի, իսկ 2014-15 թվականներին՝ Ուկրաինայի հետ կնքած պայմանագրերը միայն մի փոքր մեղմում են այդ սպառնալիքը, բայց ո՛չ չեզոքացնում: Դրա վկայությունն այն է, որ Ռուսաստանը շարունակաբար խախտում է այդ՝ զուտ եվրոպական նախաձեռնությունների շնորհիվ կնքած պայմանագրերից (Սարկոզի եւ Մերկել-Օլանդ) թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ընդ որում, եթե Ուկրաինայի պարագայում Ռուսաստանի վարքը պատժվում է ահագնացող պատժամիջոցներով, որոնց վերաբերյալ Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները մինչ օրս դրսեւորել են միահամուռ համերաշխություն, ապա Վրաստանի հետ շփման գծում ռուսներն ազատորեն եւ անպատիժ առաջ են տանում փշալարերը՝ փորձության ենթարկելով Թբիլիսիի, ինչպես նաեւ Բրյուսելի եւ Վաշինգտոնի համբերությունը:

Ուկրաինական Ղրիմը 2014-ին բռնակցելով, լայնամասշտաբ պատերազմ հրահրելով եւ ձգտելով «սառեցված» հակամարտություն ստեղծել Դոնբասում՝ Մոսկվան խնդիր է դրել ուղղակի հյուծել հարեւան պետությունը: Նույնը՝ Վրաստանի պարագայում: Չնայած նրան, որ Վրաստանում եվրոպական ստանդարտներին համահունչ բարեփոխումները բավականին առաջ են ընթացել, ինչը չի կարելի ասել Ուկրաինայի մասին, այնուամենայնիվ՝ մեծ է վրացական եւ ուկրաինական հասարակությունների հիասթափությունն ու մտավախությունը, որ այդ բարեփոխումները դեռ մնում են թերի, եւ նրանց անդառնալիությունն ամենեւին էլ երաշխավորված չէ: Պատճառը անվտանգության երաշխիքների բացակայությունն է:

Վրացական բանակն իր փոքրաթիվ լինելու պատճառով, որքան էլ որ ձգտի, չի կարողանա դիմակայել լայնամասշտաբ ռուսական ներխուժմանը: Այլ է Ուկրաինայի պարագան. հենց ուկրաինական կամավորների ջանքերով էր, որ ռուսներին հաջողվեց Դոնբասից «կրծել» միայն այնքանը, որքանը հաջողվեց, մինչդեռ երկու տարի առաջ Ռուսաստանի քաղաքական գործիչները հրապարակայնորեն խոսում էին «Նովոռոսիա»-ից, որը պետք է հասներ մինչեւ Օդեսա եւ սահման հաստատեր Մոլդովայի՝ ռուսական բանակի կողմից վերահսկվող Մերձդնեստրի հետ: Սակայն, ինչպես տեսնում ենք, Մոսկվան այժմ ձգտում է միայն սառեցնել հակամարտությունը Դոնբասում՝ մերթընդմերթ թեժացնելով իրավիճակը ճակատամերձ գոտում:

Իսկ ի՞նչ է արել այս ընթացքում Արեւմուտքը, ավելի ճիշտ՝ ինչ չի՛ անում Արեւմուտքը: Նախ՝ Վրաստանին եւ Ուկրաինային հրաժարվում է տրամադրել ԵՄ անդամակցության հեռանկար. ոչ մի համատեղ փաստաթղթում այն չկա՛: Ասոցացման եւ ազատ առեւտրի պայմանագիր՝ խնդրե՛մ, առանց վիզայի ռեժիմ՝ դա էլ խնդրե՛մ, սակայն անդամակցության հեռանկար՝ ո՛չ մի դեպքում, կարծես Եվրոպան «ավարտվել» է նախկին ԽՍՀՄ սահմանին: Բացի դրանից, Թբիլիսիին եւ Կիեւին չի տրամադրվում պատշաճ քանակի եւ որակի պաշտպանական սպառազինություն, որը թույլ կտա էապես մեծացնել հնարավոր ռուսական ներխուժման ռազմաքաղաքական գինը: Իսկ պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի մեկնաբանվում են մեծամասամբ որպես, նախ, պատիժ ագրեսիվ վարքի համար, նաեւ՝ մասամբ խոսում են ՌԴ զսպման անհրաժեշտության մասին, բայց ոչ հյուծման, ագրեսիվ ներուժի կրճատման, պուտինյան կոռումպացված ռեժիմի ապամոնտաժման անհրաժեշտության, այդ ուղղությամբ նոր ռազմավարության մասին:
Սակայն գոնե ԱՄՆ-ում այլեւս գերիշխում է այն մտայնությունը, որ ձեռնարկված միջոցները բավարար չեն, եւ առկա է երկկուսակցական կոնսենսուս առ այն, որ պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի պետք է խստացվեն: Բացի դրանից, բազմազգ հիմքով ձեւավորված զորախմբերը տեղակայված են Տալլինից Սոֆիա սահմանագծով, իսկ Սեւ ծովի ավազանի անվտանգությունը ճանաչված է որպես ՆԱՏՕ-ի առաջնահերթություն, իսկ ռազմական ծախսերի ավելացման վերաբերյալ ձեւավորվել է Եվրոպայի եւ ԱՄՆ համաձայնություն:

Ի՞նչ է սա խոստանում Հայաստանին, որի արեւմտյան հարեւանը ոչ թե հստակ եվրաատլանտյան կողմնորոշմամբ առանձնացող Լեհաստանն է, ինչպես Ուկրաինայի պարագայում, այլ ապաեվրոպականացող եւ անկայունացող, թշնամաբար տրամադրված Թուրքիան, որը գնալով դառնում է ՆԱՏՕ-ի համար ոչ թե խնդիրների լուծում, այլ ինքնին խնդիր:

Տարիներով կոռուպցիայի եւ օլիգարխ-մոնոպոլիստների շահերով առաջնորդվելու ուղին չէր կարող այլ կերպ ընթանալ, քան բերել ասիմետրիկ կախվածության Ռուսաստանից, երբ յոթ տարի հետո նոր սկսում ես կոշտ արձագանքել Բաքվին ռուսական հարձակողական զենքի մատակարարմանը, երբ գրեթե չորս տարի բանակցում եւ ավարտում ես աշխատանքը ԵՄ-ի հետ Ասոցացման եւ ազատ առեւտրի պայմանագրի շուրջ եւ մատդ մատիդ չես խփում այդ ընթացքում կախումը Ռուսաստանից թուլացնելու ուղղությամբ, որից հետո գնում ու հրաժարվում ես եւ մտնում, այսպես կոչված, «ԵՏՄ», իսկ հետո մտածում, թե դրա տակից ինչպես դուրս գալ: Կամ նույնիսկ չես էլ մտածում…

Սակայն այնպես չէ, որ Արեւմուտքը խաղի մեջ մտավ պատշաճ կերպով: Շատ մեղմ ասած: Ռուսաստանի իրական քաղաքական էության եւ քաղաքականության շարժառիթների վերաբերյալ տիրում էր համատարած թյուրըմբռնում եւ թյուրիմացություն: Միացյալ Նահանգները «վայելում» էր «վերբեռնման» քաղաքականությունը Մոսկվայի հետ, ձեռք քաշել զինաթափվող Եվրոպայից, ԵՄ-ն անվանում էր «հաջողված պատմություն», որից հետո «պետք է կենտրոնանալ Ասիայի վրա»: Իսկ Եվրոպան պարզապես մոռացության էր մատնում իր իսկ պատմական փորձը՝ հատկապես մոռանալով անվտանգության կարեւորությունը: Դեռ 2013-ի հուլիսին, երբ չկար ոչ Հայաստանի սեպտեմբերի 3-ը, ոչ ուկրաինական Մայդանը, Վարշավայում ինձ հնարավորություն ստեղծվեց խիստ մտահոգություն հայտնելու առ այն, որ Մոսկվան Արեւելյան գործընկերության տարածքին նայում է 19-րդ դարի կայսերական հայացքով եւ վարում է «զրոյական գումարով խաղի» տրամաբանության վրա հիմնված քաղաքականություն: Եվ դա լրջագույն մարտահրավեր է, քանզի ԵՄ-ի հետ հետխորհրդային երկրների մերձեցման ռազմավարությունը զուրկ է կարեւորագույն տարրից, որն է անվտանգությունը: Հետեւաբար, քանի հիմնովին լուծված չէ անվտանգության խնդիրը, հնարավոր չէ խոսել ներքին բարեփոխումների անդառնալիության մասին: Համենայնդեպս, այդ մասին է վկայում Արեւելյան Եվրոպայի փորձը. նախ՝ անվտանգության հովանոց, անվտանգության ինստիտուտների բարեփոխումներ, հետո նոր մնացածը: Իսկ առանց դրա Ռուսաստանը եւ նրան սատարող քրեաօլիգարխիկ եւ կոռուպցիոն կառույցները միշտ հարվածի տակ են պահելու բարեփոխումների ցանկացած փորձ:

Ասել, որ Արեւմուտքում այսօր սկսել են այս մտայնությամբ առաջնորդվել՝ դեռ վաղ է, սակայն ուրվագծված միտումները ցույց են տալիս, որ վաղ թե ուշ Արեւմուտքն այլ ընտրություն ուղղակի չի ունենալու: Այսօր Ռուսաստանն ականապատել է Արեւելյան գործընկերության տարածքը եւ այդ ականները պայթեցնելու բոլոր վահանակները հմտորեն շարունակում է պահել իր ձեռքում՝ ներկայացնելով նաեւ, որ նա «այնտեղ չկա»: Դրա համար կան համապատասխան խամաճիկ կամ շահագրգիռ սուբյեկտներ, ինչպիսիք են «ԼՆՌ-ԴՆՌ»-ը կամ Ադրբեջանը, որոնց ակտիվացումից հետո Մոսկվան շտապում է «խաղաղություն հաստատել», «միջնորդել», խաղաղության կոչեր հնչեցնել կամ խելք սովորեցնել բոլորին, դրան զուգահեռ շարունակել զինել թե՛ Արեւելյան Ուկրաինայում տեղաբաշխված զինված խաժամուժին, թե՛ Ադրբեջանին:

Այնուամենայնիվ, պաշտոնական Երեւանն ընդունեց չափազանց կարեւոր որոշում՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին Վրաստանում: Հայաստանի անվտանգությունն արմատապես շաղկապված է ուրվագծվող սեւծովյան անվտանգության ճարտարապետությանը, եւ այդ իմաստով չափազանց ուշագրավ փաստ է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր չհանդիսացող երկրների եռյակում են Հայաստանի հետ նաեւ Վրաստանը եւ Ուկրաինան: Ուշագրավ է նաեւ այն, որ Թուրքիայի տարածքը որեւէ կերպ ներգրավված չէ դաշինքի ուժերի եւ միջոցների տեղաշարժման լոգիստիկ սխեմաներում: Փաստորեն, սա նաեւ անկանխատեսելի դարձող Թուրքիային ավելի կանխատեսելի հուն տեղափոխելուն, Ռուսաստանի հետ նրա համատեղ՝ Մոնտրյոյի տրամաբանությունը Սեւ ծովում «կոտրելուն», նրա նեոկայսերական երազանքները զսպելուն ուղղված հստակ քայլ է:

Սա հենց այն է, ինչ պետք է Հայաստանին, եթե Հայաստանն ինքն իրեն չզրկի այս ամենից օգտվելու հնարավորություններից՝ շարունակելով իր «ավանդական» քաղաքականությունը: Եվ Երեւանի որոշումը, չնայած Մոսկվայի խորը խանդին եւ դժգոհությանը, չափազանց կարեւոր միտման սկիզբ կարող է հանդիսանալ: Հայաստանը դժվար ժամանակաշրջան է թեւակոխել. Ռուսաստանի եւ նրա շահերի գլխավոր տարածաշրջանային «փրովայդեր» Ադրբեջանի զսպման համար անհրաժեշտ գործիքակազմը համալրելու համար մեզանից պահանջվելու են, ըստ Չերչիլի՝ «արյուն, ծանր աշխատանք, արցունք եւ քրտինք», որպեսզի խուսափենք արյունահեղությունից, ներքին կայունություն եւ իրական բարեփոխումներ, որպեսզի խուսափենք ներքին թուլացումից, արժեքների եւ պատկերացումների վերանայում, որպեսզի խուսափենք ինքնասպան խաբկանքներից եւ ինքնախաբեությունից:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

25.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք