Մենք պետության արժանապատվությունը փոխարինել ենք անվտանգություն հասկացությունով ու փոխարկել ենք պատերազմի ու խաղաղության երկընտրանքի. «Իրատես»

Մենք պետության արժանապատվությունը փոխարինել ենք անվտանգություն հասկացությունով ու փոխարկել ենք պատերազմի ու խաղաղության երկընտրանքի. «Իրատես»

Պետությունը պետք է արժանապատվություն ունենա, միայն այդ դեպքում է ապահովում իր անվտանգությունը։ Իսկ արժանապատվությունը երկնքից ընկնող խնձորի հետ չի գալիս։ Գործերով է գալիս։

Նախ՝ երկրի ներսում, երբ ճանաչում ես ինքդ քեզ, գնահատում ես քո արժեքները, սահմանում ես քո տաբուները, որ որևէ դեպքում քննարկման ենթակա չեն ու չես մեկուսանում քո սահմանների ներսում՝ ինքնահավան տխմարի կամ վախեցած խեղճուկրակի կերպարի մեջ։ Մենք պետության արժանապատվությունը փոխարինել ենք անվտանգություն հասկացությունով ու փոխարկել ենք պատերազմի ու խաղաղության երկընտրանքի։ Նույնիսկ այդ երկընտրանքի միջև ընտրությունը մեզ չենք պահել։

Մենք միշտ վերլուծում ենք անցյալ պատերազմները, մեզնից ի՞նչ գեներալ։ Վերլուծելիս էլ՝ հակառակորդի գործողություններն ենք հաշվարկում, ոչ մերը։ Միայն, ի սեր Աստծո, մենթալիտետի վրա չգցեք մեղքը։ Մենթալիտետը կապ չունի։ Դրեյֆում են բոլոր ազգերը, բայց ոչ ամբողջ պատմության մեջ։ Չի վախենում միայն հիմարը, բայց ամբողջ կյանքը վախեցած ապրողն էլ խելոք չէ, պարզապես վախկոտ է։

Ստացվում է՝ մենք ազգային օրակարգ չունենք։ Ընթացիկ հարցեր են, որ մնայուն են դառնում՝ լուծումներ չստանալով։ Ղարաբաղից՝ արտագաղթ։ Մենք անընդհատ քննարկում ենք այդ թեմաները ու բոլոր լուծումները հախուռն տանում փակուղի, այդպես հեշտ է՝ մեզնից ոչինչ կախված չէ, մենք այդ գործընթացներում օբյեկտի կարգավիճակում ենք, սուբյեկտները սահմանից դուրս են, իսկ սահմանից դուրս մեր ինքնիշխանության իրավասության տակ չէ։ Սա չէ՞ հայկական փորձագիտական- ազգային-քաղաքական-տնտեսական- մշակութաբանական մտքի թռիչքը։

Կրկնում եմ՝ մենթալիտետը կապ չունի։ Պատճառը կարծրացած ելակետն է՝ պայմաններն են այսպիսին, մենք ի՞նչ անենք։ Սկզբի համար ծառ տնկեք, հետո ջրեք ու թույլ մի տվեք՝ կտրեն։ Ապոկալիպտիկ մտածողության առանցքում միշտ գլխավորը փակուղի հասնելն է։ Ելքը որոնողները հասարակական գիտակցության մակարդակում բորոտներ են՝ վտանգավոր ու վարակիչ, նաև՝ անօգուտ, քանի չկա այլընտրանք, իսկ այլընտրանք չի լինելու ապոկալիպտիզմը առօրյա դարձրածների ու ընտելացածների համար։

Երբ ապրում ես ծանծաղուտում, ծանծաղում են երազներդ։ Գորտերն էլ թվում են մեծ ու հզոր գազաններ, մինչդեռ ծովում գորտեր չեն լինում։ Ծանծաղությունը գաղափարների ու քաղաքականության մեջ ամենավտանգավորն է, որի առաջ նույնիսկ Ռուսաստանը ոչինչ է։

Մենք քաղաքականությունը վերածել ենք բախտագուշակության ու հանգեցնում ենք ճակատագրապաշտության։ Ո՞վ կլինի վարչապետ՝ այստեղ են սկսվում ու ավարտվում հարցերի հարցերը։ Քայլ առաջ՝ ի՞նչ է անելու վարչապետը՝ արգելված թեմա է, անպատասխան հարց։ Մինչդեռ ով էլ լինի, խնդիրները մնալու են՝ Ղարաբաղից՝ արտագաղթ։ Ինչպե՞ս է լուծելու։ Ռուսաստանում հայ վարորդներին աշխատանք ապահովելո՞վ։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք