Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի հայոց թեմի երիտասարդներին

Հուլիս 25,2017 18:15

Հուլիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի հայոց թեմի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու, Վիսենտե Լոպեսի «Դերձակյան» և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանների ավարտական լսարանի սաներին՝ ուղեկցությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի:

Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով երիտասարդ ուխտավորների այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր գնահատանքը բերեց դպրոցների հոգաբարձուներին ու մանկավարժներին, որոնց ջանքերի շնորհիվ հայ մանուկները կրթվում ու դաստիարակվում են ազգային արժեքներով և ամրապնդվում նախնյաց սուրբ հավատքով:

Նորին Սրբությունը կարևորեց նման ուխտագնացությունների դերը` ընդգծելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում հայորդիներին ավելի խորությամբ ճանաչելու իրենց հայրենիքը, պատմությունն ու մշակույթը, նպաստում են նաև Սփյուռքում հայկական ոգու պահպանմանն ու զորացմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց պատանիներին բացահայտել հայրենիքի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի խորհուրդն ու նվիրականությունը` հավելելով, որ աշխարհասփյուռ հայությունը շնորհիվ հայրենիքի է, որ հարատևել է, իսկ ուժ և զորություն ստացել է Սուրբ Էջմիածնից:

Վեհափառ Հայրապետը պատգամեց երիտասարդներին ժրաջանություն և նախանձախնդրություն դրսևորել իրենց ուսումնառության մեջ, որպեսզի իբրև ազգի արժանավոր զավակներ կարողանան ապագայում իրենց ազգանվեր ծառայությամբ օգտակարություն բերել նաև հայրենիքին և Մայր Եկեղեցուն:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                     

Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31