Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաշիր Կապիտալ»-ին փող է պետք

Հուլիս 26,2017 18:15

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն գրությամբ դիմել է ՀՀ կառավարություն եւ խնդրել համաձայնություն  տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) կողմից Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) եւ Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ)  վարկային միջոցներ ներգրավելու նպատակով: Վարկի ապահովման միջոց «Տաշիր Կապիտալ»-ն իրեն պատկանող ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69,9999594%  կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսեր է գրավադրում:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության հուլիսի 27-ի կառավարության նիստի օրակարգից: Այս նախագիծը օրակարգում է ներառվել որպես չզեկուցվող:

Կառավարության այս որոշման նախագծի հավելվածով հաստատվում է ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը եւ հանձնարարվում է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին՝ ստորագրել համաձայնությունը:

Նախագծում նշված է, որ այս համաձայնությունը ուժի մեջ կմտնի եւ վավերական կդառնա միայն այն պայմանով, եթե ՎԶԵԲ-ի եւ ԱԶԲ-ի հետ կնքվելիք՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավի պայմանագրերի համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով բացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց ՀՀ կառավարության եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների:

Իսկ թե որքան վարկային միջոցներ է ցանկանում ստանալ «Տաշիր Կապիտալը», նախագծում նշված չէ, ինչպես նաեւ նշված չէ, թե ինչ արժե գրավադրվող բաժնետոմսը:

Նախագծում գրված է, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության, «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության եւ «Կասկադ-Էներգացանց» ՍՊԸ-ի միջեւ 2017-ին կնքվել է համաձայնագիր, ըստ որի, «Կասկադ-Էներգացանց» ՍՊԸ-ն համապարտ պատասխանատվություն է ստանձնել ՀՀ  կառավարության եւ «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջեւ 2002-ին  կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բաժնետոմսերի վաճառքի պայմանագրով: Ըստ այս եւ մեկ այլ համաձայնագրի, «Էներգետիկայի մասին», «Երեւանի էլեկտրացանց», «Հյուսի­սային էլեկտրա­ցանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-երի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքներից բխող՝ «Տաշիր Կապիտալ»-ի (գնորդի) բոլոր պարտավորությունների համար, ներառյալ նաեւ այն, որ գնորդը չպետք է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի 67 տոկոս բաժնետոմսերը ծանրաբեռնի կամ օտարի  առանց նախօրոք ստանալու ՀՀ կառավարության եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31