Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրվել են 5 տարով, սակայն կպաշտոնավարեն 1 տարի

Հուլիս 26,2017 21:33

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը իր թիվ 141-Ա որոշմամբ հուլիսի 11-ին որոշել է մարզի Բերդ համայնքում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների, Աչաջուր համայնքում՝ համայնքի ղեկավարի, Այգեհովիտ եւ Ենոքավան համայնքներում ավագանու անդամների հերթական ընտրությունները նշանակել 2017թ. նոյեմբերի 5-ին:

Մարզպետն այդ համայնքների ղեկավարներին առաջարկել է ապահովել ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման գործընթացը, իսկ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանին հանձնարարել է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ժամանակահատվածում համագործակցել թիվ 37 եւ 38 տարածքային ընտրական եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների հետ: Խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններին մասնակցելու են Բերդի տարածաշրջանի բոլոր՝ 17 բնակավայրերի ընտրողները:

Բերդի քաղաքապետը եւ տարածաշրջանի 14 գյուղերի գյուղապետերը դեմ էին արտահայտվել համայնքների խոշորացմանը: Բերդի տարածաշրջանում այդ գործընթացին կողմ էին միայն Վարագավանի եւ Այգեպարի գյուղապետեր Արմեն Աբրահամյանը եւ Անդրանիկ Այդինյանը: Բերդի տարածաշրջանի բոլոր՝ 17 համայնքների ղեկավարները ընտրվել են 2016թ. սեպտեմբերի 18-ին, 5 տարի ժամկետով:

Սակայն նրանց վիճակված չէ 5 տարի պաշտոնավարել, նոր սահմանադրությամբ վարչապետը կարող է դադարեցնել համայնքի ղեկավարի նրանց լիազորությունները: Նշենք, որ որոշ գյուղապետեր իրենց համայնքները ղեկավարում են երկար ժամանակ: Բերդ քաղաքին հարակից Տավուշի (նախկինում՝ Թովուզ) գյուղապետ Արթուր Հովհաննիսյանն այդ համայնքն անփոփոխ ղեկավարում է 21 տարի՝ 1996 թվականից, Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանը Նավուրը ղեկավարում է 1999-ից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31