Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ցուցմունքն էլ չի հաստատում, որ գողություն է եղել». Փաստաբանը՝ բանկոմատից 14 մլն-ից ավելի դրամի գողության մասին

Հուլիս 26,2017 22:33

«Սասնա ծռերի» գործով փաստաբան Տիգրան Հայրապետյանը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին պատկանող բանկոմատից 14 մլն-ից ավելի դրամի գողությունը խմբի անդամների կողմից անհեթեթություն է համարում:

«Դատախազությունը, երբ այս գործով ամբաստանյալների մեղադրական երգակցությունը իր նախընտրած ԶԼՄ-ներով փորձում էր ներկայացնել հանրությանը, ներկայացնում էր, որ «Սասնա ծռերի» գործողությունը զուտ քրեական իրավախախտում է եւ որեւէ քաղաքական մաս չունի: Այս հրապարակվող ցուցմունքները նույն տրամաբանությամբ են, ամեն կերպ տղաներին փորձում են ներկայացնել գող, թալանչի, որ տպավորություն ստեղծվի, որ այս մարդիկ հանցագործներ են ու իրենց կատարածը որեւէ կապ չունի քաղաքականության հետ»,- Aravot.am-ին ասաց Տիգրան Հայրապետյանը:

Պարոն Հայրապետյանը նկատեց, որ գործով ամբաստանյալներից Էդգար Սողոմոնյանը, որը խմբի անդամների դեմ ցուցմունք տվողներից է, հիմա ազատության մեջ է. «Ազատության մեջ է չէ՞, նույնիսկ եթե Էդգար Սողոմոնյանի ցուցմունքը ճիշտ է, չի նշանակում, որ եթե գումարները պատռել ու շպրտել են, ուրեմն հափշտակություն է եղել: Ընդհակառակը՝ նշանակում է , որ գումարի հափշտակություն չի եղել, դուք լսե՞լ եք դեպք, որ գողը գողանա գումարներն ու պատռի այդ գումարները: Եթե մարդն ազատության մեջ է ու այդպիսի ցուցմունքներ է տվել, կարող է հենց այդ ցուցմունքների համար է ազատության մեջ: Ինչպե՞ս եղավ, որ այդպիսի ցուցմունք տվողը հայտնվեց ազատության մեջ: Ընդ որում, այդ ցուցմունքն էլ չի հաստատում, որ գողություն է եղել»:

Ինչ վերաբերում է ոստիկան Գեղամ Խաչատրյանի ցուցմունքին, թե ՊՊԾ գնդի գրավման օրն իր աշխատասենյակից անհետացել են չհրկիզվող պահարանը՝ մեջը մեքենայի վաճառքից մնացած գումարով, Տիգրան Հայրապետյանն ասաց. «Գեղամ Խաչատրյանը միշտ տուժող է, շատ գործերում կան նրա ցուցմունքները, ինչպես Գեւորգ Սաֆարյանի դեմ ցուցմունք տվեց. սա առաջին դեպքը չէ, երկրորդ դեպքը չէ, նույնիսկ երրորդ դեպքը չէ: Եթե անձը որերորդ անգամ նմանատիպ ցուցմունքներ է տալիս, արդեն հարցեր են առաջանում: Հարց եմ տալիս՝ այդ շրջապատված տարածքում որեւէ բան հենց այնպես ինչպես կարող էր անհետանալ, այն էլ չհրկիզվող մեծ պահարանը: Արդյոք սա կարող է շրջանառության մեջ դրվել որպես ողջամիտ վարկած»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31