Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ի պատասխանը՝ ՌԴ-ի հետ մտահոգիչ համաձայնագրի մասին հարցերին

Հուլիս 28,2017 14:30

Ըստ ՊՆ-ի՝ «Համաձայնագրով նախատեսված պայմանների պահպանման դեպքում որեւէ Կողմ չի կարող «թելադրել» ռազմական նշանակության արտադրանքի կիրառմանն առնչվող Համաձայնագրով չնախատեսված այլ պայմաններ»:

Օրերս «Առավոտը» «ՌԴ-ն սահմանափակում է ՀՀ-ի «ռազմական» ազատությունը» հրապարակմամբ անդրադարձել էր կառավարության հավանությանն արժանացած՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» Պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» որոշման նախագծին:

Այս համաձայնագրի վերաբերյալ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում որոշ մտահոգություններ էր հայտնել: Սաֆարյանը նկատել էր. «Կարող է ինսպեկցիոն խումբը գա ստուգի, ասի՝ այսինչ զինտեխնիկան այդ ռազմական գործողության դեպքում չպիտի օգտագործվեր»: Պարոն Սաֆարյանը նաեւ կարծիք էր հայտնել, որ ՀՀ-ն որքան էլ իրավունք ունենա օգտագործել ձեռք բերված զենքը, տպավորություն է, որ միայն այս համաձայնագրով Հայաստանի ազատությունն այնքան էլ մեծ չի լինելու. «Որովհետեւ ակնհայտ է՝ ՌԴ-ն ցանկացած պահի կարող է վերահսկող խմբին ուղարկել՝ ծանոթանալու, թե որտե՞ղ է գտնվում տվյալ սպառազինությունը, ի՞նչ նպատակներով է օգտագործվելու: Սա ինձ մտահոգում է՝ Հայաստանի կենսական պահերին բավարար չափով օգտագործելու համար»:

Բացի այս, ռազմական փորձագետ Վովա Վարդանովն էլ «Մեդիալբի»-ի հետ զրույցում համաձայնագրի մասին ասել էր. «Իմաստն այն է, որ եթե այդքան էժան եմ զենք տալիս, ուրեմն միայն իմ ուզած ուղղությամբ պետք է կարողանաս կրակել»:
Մինչ Սաֆարյանի՝ համաձայնագրի վերաբերյալ մտահոգությունները հրապարակելը՝ «Առավոտը» մի շարք հարցեր էր ուղղել պաշտպանության նախարարությանը՝ մանրամասներ պարզելու համաձայնագրից:

Մենք ՊՆ-ից հետաքրքրվել էինք՝ արդյոք այս համաձայնագիրը սահմանափակո՞ւմ է ՀՀ-ի գործողությունները Արցախի բանակին ռազմական տեխնիկա տրամադրելու ուղղությամբ, արդյոք հայկական կողմը պնդե՞լ է, որպեսզի Ռուսաստանը նման մի համաձայնագիր էլ ստորագրի Ադրբեջանի հետ, արդյոք ռազմական տեխնիկա մատակարարող կողմն իրավունք ունի՞ ազդելու հայկական կողմի որեւէ որոշման վրա, թե զինտեխնիկան ե՞րբ եւ ինչի՞ համար է օգտագործվելու: Նաեւ հետաքրքրվել էինք՝ հնարավո՞ր է, որ այս համաձայնագրով նախատեսված հսկողությունը սահմանվում է բացառապես տեխնիկական նպատակների համար, արդյոք այս նախագծով նախատեսվո՞ւմ է, որ մատակարարող կողմը ռազմական տեխնիկան մատակարարելու է տվյալ երկրի ներքին գներով: Մենք ՊՆ-ին խնդրել էինք մանրամասնել, թե ինչ է նշանակում համաձայնագրի՝ «մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացում» եզրույթը եւ նախագծի 8-րդ հոդվածը, այն է՝ «Այն Կողմը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, պարտավոր է ներկայացնել հայտում նշված ռազմական նշանակության արտադրանքը, ինչպես նաեւ դրա նպատակային օգտագործումը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը»:

Երեկ պաշտպանության նախարարությունը, ճիշտ է, ոչ բոլոր, բայց պատասխանել է մեր հարցերին: Այնուամենայնիվ, ՊՆ-ի պատասխաններից պարզ չէ՝ արդյոք զենք մատակարարողը, այս դեպքում՝ ՌԴ-ն, իրավունք ունի՞ հսկողություն իրականացնող խմբի ստուգումներից հետո եզրակացություն տալ՝ տվյալ զինտեխնիկան ռազմական որոշակի գործողության դեպքում պե՞տք էր օգտագործվեր, թե՞ ոչ:

ՊՆ-ի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Տեղեկացնում եմ, որ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ քննարկվող փաստաթուղթը նախագիծ չէ, այլ Համաձայնագիր է, որը ստորագրվել է 2016թ. հոկտեմբերի 13-ին Երեւանում։

Համաձայնագրի նպատակն է սահմանված կարգով անհրաժեշտ հսկողության իրականացնել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումների ընթացքում ստացված ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման համար։ Իսկ ինչ վերաբերում է մատակարարող Կողմի կողմից իր երկրի ներքին գներով, այսինքն՝ ավելի էժան գներով ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման հարցին, ապա այն չի հանդիսանում հիշյալ Համաձայնագրի առարկա կամ նպատակ եւ չի նախատեսվում կամ կարգավորվում դիտարկվող Համաձայնագրի դրույթներով։

Համաձայնագրի 8-րդ հոդվածը սահմանում է. «Այն Կողմը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, պարտավոր է ներկայացնել հայտում նշված ռազմական նշանակության արտադրանքը, ինչպես նաեւ դրա նպատակային օգտագործումը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը։ Դա նշանակում է ներկայացնել վերջնական օգտագործողի սերտիֆիկատ։

Համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է, որ հսկողություն իրականացնելու նպատակով մատակարարող Կողմի լիազորված մարմնի ներկայացրած հայտում նշվում են այն ռազմական նշանակության արտադրանքը, որի նկատմամբ մատակարարող Կողմը մտադիր է հսկողություն իրականացնել, հսկողություն իրականացման ժամկետները, ինչպես նաեւ այն տեխնիկական միջոցները, որոնք կօգտագործվեն հսկողության ընթացքում։ Համաձայնագրով նախատեսված պայմանների պահպանման դեպքում որեւէ Կողմ չի կարող «թելադրել» ռազմական նշանակության արտադրանքի կիրառմանն առնչվող Համաձայնագրով չնախատեսված այլ պայմաններ։ Այս բնույթի հարցը նախատեսվում է վերջնական օգտագործողի սերտիֆիկատներում։
Տվյալ պարագայում «առկայություն» տերմինը նշանակում է, որ կողմը չի կարող մատակարարված արտադրանքը փոխանցել երրորդ երկրի, իսկ «նպատակային օգտագործում» տերմինը՝ որ Կողմը չի իրականացրել մատակարարված արտադրանքի տեխնիկատակտիկական փոփոխություններ։

Ինչ վերաբերում է Ձեր 6-րդ հարցադրմանը՝ «արդյոք հայկական կողմը որեւէ քայլ անո՞ւմ է ՌԴ-ին պարտավորեցնելու նմանատիպ համաձայնագիր ՌԴ-ն կնքի նաեւ Ադրբեջանի հետ», ապա հայտնում եմ, որ միջազգային համագործակցության շրջանակները եւ ձեւաչափը յուրաքանչյուր պետության ներքին գործն է»։

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

27.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31