Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմություն եւ հեղափոխություն

Հուլիս 30,2017 12:00

Հայաստանի քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների մեծ մասն իրենց ընդդիմադիր են հայտարարում: Խորհրդարանական ուժերից հիմնականում «Ելքն» է իրեն ընդդիմադիր հայտարարում ու ներկայացնում: Ժամանակ առ ժամանակ նաեւ «Ծառուկյան» դաշինքն է իրեն ընդդիմադիր ներկայացնում: Համենայնդեպս, «Ծառուկյան» դաշինքի որոշ ներկայացուցիչներ ժամանակ առ ժամանակ ընդգծված ընդդիմադիր ելույթներ են ունենում: Որոշներն էլ՝ ընդգծված իշխանամետ:

Վերջիններս չեն բացառում, որ հնարավորության դեպքում ու դեպքերի բերումով հնարավոր է, որ իրենք էլ իշխանական կոալիցիայի մաս կազմեն: Որոշ դաշնակցական պատգամավորներ էլ շատ կցանկանային ընդդիմադիր ելույթներ ունենալ, բայց այն փաստը, որ իրենք, փաստորեն, իշխանություն ու իշխանության մաս են, զսպում է նրանց:

Այսուհանդերձ, նրանցից ոմանք երբեմն չեն զսպվում եւ ընդդիմադիր ելույթներ են ունենում՝ մանավանդ վարչապետի թեմայով: «Ելքի» ու «Ծառուկյանի» ընդդիմադիր տեսադաշտն էլ է հիմնականում վարչապետի թեմայով ընդգծվում ու սահմանափակվում:

Այսուհանդերձ, այժմյան Ազգային ժողովի հիմնական ընդդիմադիրը «Ելք» դաշինքն է: «Ելք» դաշինքից էլ՝ հիմնականում Նիկոլ Փաշինյանը:

Սա՝ մեր կարծիքով: Բայց գոյություն ունեն արտախորհրդարանական ընդդիմադիրներ, որոնց կարծիքով՝ նույն «Ելքն» ու նույն Նիկոլ Փաշինյանն իշխանական պրոյեկտներ են: Այս կարծիքը հիմնականում շահարկում են Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաեւ նախկին ՕՐՕ դաշինքի որոշ ներկայացուցիչներ:

Բայց ինչո՞վ են զբաղվել եւ ինչո՞վ են զբաղվում ոչ իշխանական պրոյեկտ ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչները: Չկիսելով այն կարծիքը, թե «Ելքը» կամ Նիկոլ Փաշինյանն իշխանական պրոյեկտ են, հարկ ենք համարում նշել, որ իշխանական պրոյեկտ չլինելը դեռեւս քաղաքական գործչի արժանիք ու հատկանիշ չէ, այլապես մենք այսօր հազարավոր արժանավոր ու բարձրակարգ քաղաքական գործիչներ կունենայինք, որովհետեւ ոչ իշխանական պրոյեկտ բազում քաղաքական գործիչներ ունենք, մինչդեռ արժանավոր քաղաքական գործիչները չափազանց քիչ են, ընդ որում՝ ՕՐՕ դաշինքի կազմում էլ էին չափազանց քիչ:

Հետաքրքիր է, որ ՕՐՕ դաշինքի անդամները նախընտրական շրջանում ընտրողներին ոչ թե քաղաքական գաղափարներ ու քաղաքական ծրագրեր էին առաջարկում, այլ հիմնականում հեղափոխական կոչեր էին անում, որոնք, փաստորեն, ընտրողների վրա լուրջ ազդեցություն չթողեցին: Հետաքրքիրն այն է, որ շատերին թվում էր, թե ընտրությունների «շռնդալից» անհաջողությունից հետո ՕՐՕ-ն կշարունակեր իր հեղափոխական գործունեությունը, մինչդեռ ընտրություններից հետո ՕՐՕ-ն ոչ միայն հրաժարվեց իր որդեգրած հեղափոխական շեշտադրումներից, այլեւ ընդհանրապես իրեն դուրս դրեց Հայաստանի քաղաքական դաշտից:

Փաստորեն, իրականությանը համապատասխանում են այն ենթադրությունները, համաձայն որոնց՝ ՕՐՕ դաշինքի իրական ղեկավարն ու ուղղորդողը Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն էր, որի մեկուսացումից հետո, փաստորեն, ՕՐՕ ընդհանրապես գոյություն չունի: Հետաքրքիր է, որ ՕՐՕ-ի լիդերներին կարծես Սամվել Բաբայանի ճակատագիրը չի էլ հուզում: Օսկանյանի ձայնն ընդհանրապես չի լսվում, Սեյրան Օհանյանը ժամանակ առ ժամանակ ռազմագիտության թեմայով է փիլիսոփայում, Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակցության հերթական համագումարն է կազմակերպում ու ի կատար ածում՝ իր քաղաքական հակառակորդներին ու համախոհներին ապացուցելով, որ իրեն քաղաքական դիակ համարողները «ղալաթ են արել»: Արմեն Մարտիրոսյանն է ժամանակ առ ժամանակ հիշում  Սամվել Բաբայանին՝ հայտարարելով, որ վերջինս քաղբանտարկյալ է:

Այսքան բան: Փաստորեն, ոչ իշխանական պրոյեկտն այս ու այսքանն է: Եթե սա  է ոչ իշխանական պրոյեկտը, ուրեմն Սերժ Սարգսյանն իսկապես քաղաքականության գրոսմայստեր է  եւ միանգամայն արժանիորեն վերընտրվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ:

Ինչ վերաբերում է հեղափոխությանը, դրանով հիմնականում զբաղվում են Սեֆիլյանն ու սեֆիլյանականները, «Սասնա ծռերն» ու Շիրխանյանը եւ էլի որոշ գործիչներ: Հիմնականում՝ դատարանի դահլիճից:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

29.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Araqel says:

    Հետո՞:
    Ի՞նչ է քո ասածը:
    Դու՞ ինչից ես բողոքում: 😀

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31