Լրահոս
Օրվա լրահոսը

Շեքսպիրի «Համլետն» ու Մյուլլերի «Hamletmachine»-ը (Ֆոտոշարք)

Հուլիս 31,2017 11:30

Երիտասարդ դերասանը մարմնավորեց հայտնի
ողբերգության ոչ միայն տղամարդկանց, այլեւ Օֆելյային

Հստակ վիճակագրություն չկա 1603թ. առաջին անգամ հրատարակված Շեքսպիրի «Համլետ» ողբերգության մինչ օրս բեմադրված ներկայացումների թվի մասին, բայց նշվում է, թե այն ամենաշատն է բեմադրվել աշխարհի թատրոններում, իսկ ճանաչված կինոռեժիսորներն այս ստեղծագործությանն անդրադարձել են շուրջ 20 անգամ: Ընդ որում, սա Շեքսպիրի ամենաերկար պիեսն է, որը պարունակում է 4.042 տող եւ 29.551 բառ:
Տարբեր ժամանակներում հայկական թատրոնն էլ է անդրադարձել այս գլուխգործոցին, առաջին «հայ» Համլետն էլ մեծանուն Պետրոս Ադամյանն էր: Օրերս Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի երիտասարդ դերասան Նարեկ Բաղդասարյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) սրահում հանդես եկավ ոչ միայն Համլետի, նաեւ հոր ուրվականի, Օֆելյայի, Գերտրուդի, Կլավդիոսի կերպարներով: Դերասանին թատերասերները կմտաբերեն Համազգային թատրոնի՝ Վիլյամ Սարոյանի «Մի գավաթ բարություն» (ռեժիսոր՝ Սոս Սարգսյան), Դանիիլ Խարմսի «Լյու-բով» (ռեժիսոր՝ Նարինե Գրիգորյան) եւ այլ ներկայացումներից, վերջերս էլ Արմեն Էլբակյանի ռեժիսուրայով Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» բեմադրությունից:


«Առավոտին» հետաքրքրեց նախ ներկայացման հայտագիրը՝ Շեքսպիրի «Համլետ» ողբերգության եւ Հենրի Մյուլլերի «Hamletmachine» աբստրակտ պիեսի մոտիվներով մոնոներկայացում: Ռեժիսորն է նյույորքաբնակ Արթուր Մակարյանը, որի հայաստանյան եւ արտասահմանյան գործունեությունը հանգամանալի ներկայացրել ենք 15.06.2017թ. համարում: Հիշեցնենք, որ ռեժիսորը պայմանագրով 2015թ. բեմադրություններ է իրականացնում Նյու Յորքի Columbia համալսարանում եւ Ջուլիարդի կոնսերվատորիայում: Այդ ժամանակ նա տեղեկացրել էր ընդամենը, թե պատրաստվում է «կոլաժային» բեմադրություն իրականացնել Երեւանում, հավաստիացնելով, որ դրամատուրգիա հասկացությունը դրսում էլ փոքր-ինչ կասեցված վիճակում է, ստեղծագործողները փնտրտուքի մեջ են, կա նորը արտահայտելու ձգտում, ինչը դեռեւս նոր ձեւաչափ կամ ոճ չի ստացել: Վերջինիս առիթով էլ նշել էր, թե սա անցումային շրջան է՝ դեպի նոր դրամատուրգիա: Ներկա գտնվելով վերոնշյալ ներկայացմանը, մենք ականատեսը եղանք Մյուլլերի շեքսպիրյան կոլաժին կամ նրա նորովի ընթերցմանն ու մեկնաբանմանը Շեքսպիրի այս հայտնի գլուխգործոցին:


Առաջին անգամը չէ, որ մոնոներկայացման ժամանակ հանդիպում ենք դերասանի, որը ներկայանում է միանգամից մի քանի կերպարներով, բայց առաջին անգամն էր, երբ երիտասարդ դերասանը՝ Նարեկ Բաղդասարյանը, մեկ երեկոյի ընթացքում հանդես եկավ թե տղամարդկանց եւ թե կնոջ կերպարով:


Մեզ հետ զրույցում արտիստը թեեւ նշեց, որ իրականում ինքը դեռ չի հասցրել լիովին մարսել ու մի քանի անգամ կերպարանափոխվել, բայց. «ներկայանալ միայն Համլետի դերով, որը համաշխարհային դրամատուրգիայի ամենաբարդ «սիմֆոնիան» է եւ այդ երկի այլ կերպարները նույնպես, որոնք առանձին-առանձին վերցրած համարվում են «խտացված» բովանդակությամբ դերեր, սա արդեն համարում եմ որոշակի ձեռքբերում»: (Ներկայացման ընթացքում մեր զրուցակցի տարբեր կերպարներով ելույթները ընդմիջվում էին ծափողջույններով, իսկ ավարտին հնչեցին օվացիաներ):


Ռեժիսորը՝ Արթուր Մակարյանը, գոհունակություն հայտնեց դերասանի հասցեին, հիշեց 2011թ. իրենց առաջին աշխատանքը՝ Բյուխների «Վոյցեկ» մյուզիքլում, որտեղ երիտասարդ արտիստը մարմնավորել է բժշկի կերպարը: Բարձրաձայնեց նաեւ, թե իր նպատակն էր ցույց տալ, որ Հայաստանում կան իսկապես տաղանդավոր դերասաններ եւ մեկ ներկայացման ընթացքում մի քանի կերպարներ կերտելը ամեն մեկին տրված չէ:
Ի դեպ, մի կարեւոր հանգամանք եւս. բեմադրությանը ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի եւ Ճապոնիայի դեսպանները: Հետաքրքրվեցինք, թե ինչու հատկապես հիշյալ երկրների դեսպանները: Պարզվեց՝ Արթուր Մակարյանը ժամանակին կատարելագործվել է Ֆրանսիայում եւ Ճապոնիայում եւ ըստ դեսպանների՝ հայ ռեժիսորի այս բեմադրության մեջ առկա է մասնիկ իրենց երկրի մշակույթից:


Մոնոներկայացումը կյանքի է կոչվել «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում, աջակցությամբ ՀԲԸՄ-ի եւ HD Studio-ի: Հագուստների ու դեկորների դիզայնը Հայարփի Խաչատրյանինն է, երաժշտությունը՝ Աշոտ Պետրոսյանի, խորեոգրաֆիան՝ Անի Աբրահամյանի:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝
Նարեկ Բաղդասարյանը՝ Շեքսպիրի «Համլետ» ողբերգության եւ Հենրի Մյուլլերի «Hamletmachine» աբստրակտ պիեսի մոտիվներով մոնոներկայացման ժամանակ:

«Առավոտ»

29.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Հիշեցրեց Ստիվեն Լիկոկի՝ Երևակայական հարցազրույց մեր մեծագույն արտիստի հետ պատմվածքը։

  2. Մանուշ says:

    Դիտեցինք, թույլ էր սարքված պիեսը, գրեթե անգրագետ, բայց տղան շնորհալի էր:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31