Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Հայաստանում հնարավոր է խաղային մարզաձեւերը զարգացնել»

Հուլիս 31,2017 16:46

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ բասկետբոլի Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչեւ 16 տարեկան տղաների եւ աղջիկների մասնակցությանը, խոսեց մինչ այդ անցած ճանապարհի եւ Հայաստանում խաղային մարզաձեւերի զարգացման հնարավորության մասին:

«Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան այս տարի Եվրոպայի պատանեկան առաջնություններին մասնակցեց հինգ թիմով: Ավելի վաղ մինչեւ 18 տարեկան աղջիկները արծաթե մեդալ էին նվաճել, իսկ երեկ մեր 16 տարեկան տղաների ու աղջիկների հավաքականները Անդորրայում եւ Ջիբրալթարում դարձան Եվրոպայի չեմպիոն:

Այս ձեռքբերումները ցույց են տալիս, որ ֆեդերացիան ճիշտ ճանապարհ է ընտրել: Նայեք վերջին երեք տարիների պատմությունը եւ կտեսնեք, որ Եվրոպայի առաջնություններում Հայաստանի թիմերի եւ մեդալների քանակը կայուն կերպով ավելանում է:

Եվ սա այն դեպքում, երբ մեզանում թյուր կարծիք կա, թե մենք ուժեղ ենք միայն մենապայքարային մարզաձեւերում, թե մեր մոտ թիմային պայքարը չի ստացվում, չենք կարողանում համախմբվել: Դա այդպես չէ: Այս խնդիրը մենք քննարկել ենք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ եւ գտել լուծման բանալին: Հայաստանում կարելի է թիմային մարզաձեւերը ոչ միայն զարգացնել, այլեւ արդյունքներ արձանագրել: Ապացույցն ակնհայտ է: Դրա համար անհրաժեշտ են իրենց գործին քաջատեղյակ, սրտացավ, աշխատող ու իրենց առջեւ նպատակ դրած մասնագետներ: Այլապես հեշտ է արդարացումներ գտնել ու մեղադրել ուրիշներին:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան երեք տարի երկար ու դժվար ճանապարհ է անցել: Նաեւ այս երեք տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որ առաջին անգամ ազգային հավաքականի մակարդակով պաշտոնական՝ աշխարհի առաջնության խմբային փուլին մասնակցելու իրավունք նվաճեցինք եւ օգոստոսի 2-ին Երեւանում հյուրընկալելու ենք Սլովակիայի ընտրանուն», – ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31