Դավիթ Հարությունյանն ու Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Դավիթ Հարությունյանն ու Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն այսօր՝ «Աջակցություն ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» խորագրով համատեղ ծրագրի մեկնարկն ազդարարող փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրագործմանը և հնարավորություն կընձեռի ներդնել ազդարարների պաշտպանության մասին օրենքից բխող ենթաօրենսդրական կարգավորումները, ինչպես նաև բարձրացնել քաղաքացիական հասարակության և հանրային իրազեկվածության մակարդակն ազդարարների պաշտպանության ոլորտի վերաբերյալ:

Դավիթ Հարությունյանը շնորհակալական խոսք է հայտնել ՄԹ դեսպանին կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարությանն աջակցելու համար և նշել, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում հետագա համագործակցության լավ հիմք կհանդիսանա:

Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից և դրանից բխող գործողություններն ընդգրկված են Կառավարության 2017-2022 թթ. ծրագրում: Դավիթ Հարությունյանը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերը, այն է՝ ապօրինի հարստացման քրեականացումը, հակակոռուպցիոն կանխարգելիչ անկախ մարմնի ստեղծումը, ազդարարների պաշտպանության մասին օրենքի ընդունումը և այլն:

Դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն իր հերթին հավելել է, որ այսպիսի նախաձեռնություններին աջակցելը համահունչ է Միացյալ Թագավորության՝ ժողովրդավարության, թափանցիկության և մարդու իրավունքների խթանման ռազմավարությանը։ Ուստի իրենք ողջունում են ՀՀ կառավարության նոր ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի շեշտադրումը և հույս հայտնում, որ այս ծրագրի իրականացումը ևս կնպաստի նշված ոլորտում հաջողությունների արձանագրմանը։

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք