Ի՞նչ եք արել, որ չպետք է անեիք, ի՞նչ չեք արել, որ պարտավոր էիք անել

Ի՞նչ եք արել, որ չպետք է անեիք,  ի՞նչ չեք արել, որ պարտավոր էիք անել

Այո´, ի՞նչ եք արել, որ չպետք է անեիք, ի՞նչ չեք արել, որ պարտավոր էիք անել սկզբունքով յուրաքանչյուր պետական-քաղաքական, ռազմական, տնտեսական գործիչ, մտավորական, ազնիվ քաղաքացի պետք է տա ինքն իր գնահատականը և եթե հարկ է` մեղքերի թողություն ակնկալի: Իհարկե, չպետք է, որպես մեղքերի քավության նոխազ, հպարտորեն ժողովրդի աչքը մտցնել հայրենիքի հանդեպ մեծ ծառայությունները, քանզի փառք ու պատիվ, որ արժանի ծառայություններ ես մատուցել, պարտավոր էիր, հակառակ պարագայում անիմաստ էր աշխարհ գալդ որպես ժողովրդի զավակ:

Այս սկզբունքով եմ կառուցել հոդվածը և մի շարք հարցադրումներ ունեմ ՀՀ երեք նախագահներին, տասից ավելի վարչապետերին, քաղաքապետերին, քաղաքական-հասարակական գործիչներին, մտավորականներին և բոլոր ազնիվ, հայրենասեր քաղաքացիներին, ովքեր քաջություն կունենան խորասուզվել իրենց հոգու և սրտի խորքը և գոնե իրենց համար պատասխանել հարցադրումներին, թերևս նաև ժողովրդին ներկայանալ արած-չարածով…

Մեր երկրի, ժողովրդի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր ազնիվ, հայրենասեր քաղաքացի լիովին գիտակցում է, թե այսօր Հայաստանը, Արցախը ռազմաքաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական, ժողովրդագրական ինչ անկանխատեսելի խնդիրների առջև է կանգնած: Խորապես անհանգստացած Հայաստան, Արցախ հայրենիքների վտանգված ապագայով, մի շարք հարցադրումներ ունեմ անկախացած հայրենիքի երեք նախագահներին, տասից ավելի վարչապետերին, ովքեր երկչոտ, հաճախ անպատասխանատու քաղաքականությամբ խորհրդային Հայաստանից փոխանցված գիտատեխնիկական, ռազմական վիթխարի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գիտությունը, մշակույթը իջեցրին նվազագույն մակարդակի, մի շարք դեպքերում պարզապես ոչնչացրին` հայրենիքը խաղալիք դարձնելով թուրք բարբարոսների, նաև ոխերիմ բարեկամների ձեռքին:

Պարոնա´յք նախագահներ, վարչապետեր, ձեռքներդ դրեք ձեր խղճին և ժողովրդի դատին ներկայացրեք, թե անցած 25 տարիներին ի՞նչ եք արել, որ չպետք է անեիք, և ի՞նչ չեք արել, որ պարտավոր էիք անել: Իհարկե, հարցադրումներ ունեմ նաև այն քաղաքագետներին, տնտեսագետներին, զինվորական գործիչներին, ազնիվ ընդդիմադիր քաղաքական, հասարակական գործիչներին, ովքեր զանազան ռադիո-հեռուստաալիքներով փայլուն, խելացի ճառեր են ասում, դատողություններ անում, բայց պարզապես չեզոք դիրքերից, անարդյունավետ, առանց համապատասխան արձագանք ակնկալելու` փոխանակ հանդես գալու առավել քան ընդդիմադիր` հանուն հայրենիքի, որը անգթորեն թալանվեց, աղքատացավ, արդյունքում` 1,5 մլն. հայրենակիցներ արտագաղթեցին` ստեղծելով ժողովրդագրական մեծագույն ողբերգություն` անկանխատեսելի հետևանքներով…

Ահա հարցադրումները, որոնց մի մասը թերևս հնչում է հետին թվով, բայց որոնք էլ հենց ստեղծել են մեր հայրենիքի այսօրվա անմխիթար վիճակը և ապագայի անկանխատեսելի հեռանկարները:

1. խորհրդային նախկին հանրապետությունների շարքում գիտատեխնիկական, ռազմական արդյունաբերությամբ, գյուղատնտեսությամբ, պարենային բավարարվածությամբ, գիտությամբ, մշակույթով առաջնակարգ տեղ զբաղեցրած Հայաստանը անկախության հենց առաջին տարիներին դարձավ պարզապես ավերակ, աղքատ մի տարածք, ամեն ինչ վերածվեց մետաղի ջարդոնի և վաճառքի հանվեց` ստեղծելով կապիտալի օլիգարխիկ մի համակարգ, որի տերերը պարզապես աչքի չէին ընկնում իրենց մտավոր ու բարոյական արժանիքներով: Վաուչերային խարդախ, անհեռատես, կործանարար սեփականաշնորհմամբ երկրի ողջ հարստությունը դարձավ առ ոչինչ: Թերևս շատ բան ավելի մխիթարական կլիներ, եթե յուրաքանչյուր հեռացող նախագահից հետո ազգային ժողովը անաչառ քաղաքական գնահատական տար տվյալ նախագահի ողջ գործունեությանը: Նման պարագայում հաջորդ նախագահը կսթափվեր և, թերևս, ավելի արդյունավետ կղեկավարեր երկիրը:

2. ինչո՞ւ 1994 թ. մայիսին հայ զինվորի ու զորավարի ռազմական փառապանծ հաղթանակը ամրագրվեց Բիշքեկի դիվանագիտական պարտությամբ` հաշտության վերջնական պայմանագիր կնքելու փոխարեն կնքվեց անհեռանկարային, մինչև օրս էլ Հայաստանին ու Արցախին ծանրագույն վիճակի մեջ դնող զինադադար: Արդյունքում` թուրք բորենիները ժամանակ շահեցին, նավթի վաճառքով զինվեցին արդիական զինատեսակներով, իսկ Հայաստանը աղքատացավ, սնանկացավ, հայաթափ եղավ, խաղալիք դարձավ անհասկանալի բարեկամների, հայատյաց, մարդատյաց ալիևների, ԵԱՀԿ Մինսկի անդեմ խմբի ձեռքին: Ողբերգական կլիներ հեռանկարը, եթե սթափ մտածող որոշ հայրենասեր քաղաքագետներ, զորավարներ ականջալուր լինեին իշխանությունների երկչոտ, թուլամորթ, պատեհապաշտ հորդորներին և 1992թ. ամռանը հայկական զինուժը դուրս բերեին Շուշիից ու Լաչինից, ինչպես համառորեն պնդում էր առաջին նախագահը:

3. ինչո՞ւ ժողովրդավարությունը վայրընթաց ապրեց 1996թ. կեղծված ընտրություններից հետո` խորհրդանիշ դառնալով հետագա 20 տարիների ամեն գնով կեղծված նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար:

4. ինչո՞ւ անկախացած, այսպես ասած, ժողովրդավարական երկրում շուրջ տասը տարի իշխեց սանձարձակ տեռորը, սպանվեցին տասնյակ անմեղ պետական, քաղաքական, ռազմական, հասարակական գործիչներ և ոչ մեկը չպատժվեց, չբացահայտվեցին տեր-սահակյանական և այլ հայրենադավ բանդաների իրական հովանավորները, որոնք մինչև օրս էլ սրբերի շարքում են դասվում:

5. ինչո՞ւ 1999թ. հոկտեմբերի 27-ին այնպես դաժանորեն գլխատվեց երկիրը և ոչ ոք հրաժարական չտվեց /բացի ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանից/, ոչ ոք չպատժվեց և իբրև անմեղ սրբեր շարունակեցին հանդես գալ որպես արժանապատիվ նախագահներ, վարչապետեր, ԱԱԾ-ի պետեր:

6. ինչո՞ւ 2008թ. մարտի 1-ի անմեղ զոհերի համար պատասխան չտվեցին թե առաջին, թե 2-րդ նախագահները, վարչապետը և մյուս բարձրաստիճան զինվորական, դատական պաշտոնյաները: Առաջին նախագահը հպարտորեն հնչեցնում էր` թող ոչ մի զոհ չպահանջվի, ինձնից բացի. բայց ինքը հրահրեց այդ ողբերգությունը և ձևացավ անմեղ:

7. Մեկ անգամ հնչեցրել եմ, նորից եմ հնչեցնում` ինչո՞ւ 25 տարի, 17 տարի, 8 տարի չսթափվեցինք, մինչև արյունարբու թրքությունը նավթի վաճառքով զինվեց անկանխատեսելի բարեկամների ու թշնամիների զենքերով և 2016թ. ապրիլին եղավ այն ողբերգությունը, ինչ եղավ. փոխանակ արժանապատիվ վճռականությամբ վերջնական կործանիչ հակահարված տալու բաշիբոզուկներին, ոխերիմ բարեկամների թելադրանքով զիջեցինք որոշ տարածք, տալով հարյուրից ավելի զոհ. և հանկարծ հասկացանք, որ թշնամին ու բարեկամը անկանխատեսելի են, ուրեմն հայրենիքի սահմանները պետք է ամրապնդել:

Ինչո՞ւ այդքան տասնամյակներ չէինք գիտակցում այդ ամենը և բոլորիս խղճին ծանրացավ այդքան երիտասարդների մահը: Դե, ինչպես գիտակցեինք, երբ երեք նախագահների օրհնությամբ, սահմանները, սահմանամերձ գյուղերը ամրապնդելու փոխարեն, դղյակներ ու եկեղեցիներ էին կառուցվում, մասնավորապես ներկա նախագահը հաճությամբ օրհնում էր Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Խաչատրյանի կառուցած եկեղեցիները, գուցե նաև դղյակ-պալատները, իսկ գյումրեցին, վանաձորցին տուն չունի, գյուղացին խմելու, ոռոգելու ջուր չունի. դե ինչ, եկեղեցի ենք կառուցում` խելքին աշեցեք: Դարերով բերդերի ու ամրությունների փոխարեն վանքեր, եկեղեցիներ կառուցելով` մեր հայրենիքը մաս-մաս հանձնեցինք թշնամիներին…

Այսօր մեր հայրենիք Հայաստանի, Արցախի ապագան վտանգված է, քանզի անկանխատեսելի են թշնամիները, բարեկամները, աշխարհը, ցավոք, նաև մեր ռազմաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական առաջնությունները, որովհետև առաջնորդվում ենք ոչ թե համապետական, համազգային, համաժողովրդական, այլ` զուտ անձնական, կարիերիստական, պատեհապաշտական, ամեն գնով սեփական իշխանությունը, դիրքերը պահպանելու շահերով:

Հանրապետական կուսակցությունը գրեթե միակուսակցական համակարգ է ստեղծել. իրենք են ընտրում իրենց` քաղաքապետերի, գյուղապետերի, թաղապետերի եռանդուն ջանքերով: ԵՎ պատահական չէր, որ մի գիշերում հայգազարդի 7 հազար աշխատողներ` իրենց բարեկամներով, ծանոթներով, շրջապատով դարձան հանրապետական և քվեարկեցին երկիրը անմխիթար վիճակի հասցրած իշխող կուսակցության օգտին. կուսակցություն, որը 20 տարի է չի կարողանում երկրում հաստատել դատաիրավական, սոցիալական արդարություն, դպրոցներում, բուհերում, հասարակական, քաղաքական կառույցներում, համայնքներում, պարզապես ամենուր չի քարոզում, չի դաստիարակում հայրենապաշտություն, որ հայ մարդը ի վերջո հասկանա` կուշտ ու կուռ ուտելուց առաջ գոյություն ունի սրբազան հայրենիք, որի համար հայորդիները, հայ դուստրերը զոհում են ամենաթանկը` կյանքը: Իսկ այս 20-25 տարիների ընթացքում 1,5 մլն. հայրենակիցներ, հայրենիքը վտանգի մեջ թողած, լքեցին երկիրը` օտարության մեջ մի քիչ ավելի վաստակելու, մի քիչ ավելի լավ, հարմարավետ ապրելու, կուշտ ուտելու: Մեծն Չարենցը «Պատմության քառուղիներում» ցավագնորեն հնչեցնում է` ոչպետականամետ, ոչազգապահպան, ստրկական, զուտ ֆիզիկապես մի կերպ գոյատևելու անարժանապատիվ դարավոր ապրելակերպի ողջ ողբերգականությունը` «նախիրն արածելիս կայծակնահար եղավ»: Եթե Չարենցը նկատի ուներ մեր ժողովրդի ողբերգական ֆիզիկական կայծակնահար լինելը, ապա մեր օրերում հայրենիքը լքած 1,5 միլիոնը մի քանի տասնամյակում կայծակնահար կլինի հոգեպես ու բարոյապես, չի լինի հայախոս, հայանուն, չի էլ գիտակցի, որ հայ է եղել. այսօր աշխարհասփյուռ 11 մլն. հայությունից 4 միլիոնը հայախոս չէ, այսինքն` հայ չէ… Ուրեմն այս փոքրիկ հայրենիքը փրկելու համար հարկ է ամենուր նժդեհական հայրենապաշտություն ներարկել` հայաշխարհի յուրաքանչուր անկյունում, յուրաքանչյուր թիզ հողի, լճի, գետի, բնակավայրի, բնական հարստության նկատմամբ անսահման սեր, նվիրվածություն` չերկնչելով ոմանց հայրենադավ բարբաջանք-բառապաշարից` ֆաշիզմ, ռասիզմ: Ուրեմն, հայ ուսուցիչ, քո ձեռքերում է հայության ճակատագիրը: Ժամանակին շատ ճշմարիտ գնահատական է հնչեցրել Բիսմարկը` «1871թ. գերմանաֆրանսիական պատերազմում հաղթեց պրուսացի ուսուցիչը»… Ցավոք, այսօր էլ շարունակվում է արտագաղթը…

Այնուամենայնիվ, 20 տարի է ազգային ժողովում մեծամասնություն է կազմում և իր միակուսակցական կամքն է թելադրում հանրապետականը: Սակայն անհասկանալի է, աղքատ թոշակառուն, հողազուրկ, ջրազուրկ գյուղացին, տասնյակ հազարավոր գործազուրկներ, արտագաղթի ճամպրուկները ձեռքներին տասնյակ հազարավոր քաղաքացիներ ինչպես են քվեարկում բոլոր առումներով հայրենիքը անմխիթար վիճակի հասցրած իշխող կուսակցության օգտին. դե, իհարկե, զանազան հայտնի ու անհայտ անազնիվ ուղիներ կան, քանզի եթե համապատասխան պաշտոնյաները տասնամյակներով տիրապետում են իշխանության լծակներին, ամեն ինչ հնարավոր է…

Օրինակ, վերջերս ՀՀԿ խորհրդում Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրվեց մանկաբույժ Արա Բաբլոյանը: Մի՞թե ՀՀԿ խորհրդում չկային ինքնուրույն մտածողներ, որոնք, շարունակաբար իր միանձնյա կամքը թելադրող, ՀՀԿ խորհրդի կուռքը դարձած նախագահին հուշեին` պարոն նախագահ, մանկաբույժը կարող է հաջողությամբ աշխատել ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովում, բայց նա չի կարող քաղաքական-օրենսդիր կառուցի ղեկավար լինել. դե, ենթատեքստում 2018թ.ապրիլին վարչական դյուրին տեղաշարժն է… Բաբլոյանին նախօրոք չէին էլ տեղեկացրել, որ առաջադրվել է այդ պատասխանատու պաշտոնում, կամ` չէին հարցրել` ցանկանո՞ւմ ես, կարո՞ղ ես ղեկավարել քաղաքական-օրենսդիր այդ կառույցը: Գուցե Բաբլոյանը համեստորեն, քաղաքական-քաղաքացիական պատասխանատվությունից ելնելով, հրաժարվեր իր թեկնածության առաջադրումից: Ամենազավեշտալին այն է, որ նորանշանակ նախագահը, չցուցաբերելով քաղաքական հասունություն, լրագրողի հարցումին պատասխանել էր` ես տեղյակ չէի, որ իմ թեկնածությունն է առաջադրվել, երկու օր առաջ իմացա:

Կամ` նախագահը ծանրորդին նշանակում է դեսպան. ինչո՞ւ ՀՀԿ խորհրդում որևէ մեկը չասաց` պարոն նախագահ, չի կարելի, թե՞ չի կարելի ինքնուրույն մտածել: Իհարկե, թե Բաբլոյանը, թե ծանրորդն այնքան քաղաքական, քաղաքացիական պատասխանատվություն պետք է ցուցաբերեին, որ վճռականորեն հրաժարվեին այդ պատվից. ցավոք հաղթեց ոչ թե անաչառ մտածողությունը, այլ` հայրենիքի քաղաքական-դիվանագիտական շահերը ոտնահարող եսամոլ պատվախնդրությունը: Պարոնայք ՀՀԿ-ականներ, մի՞թե կարելի է երկիրը այսպես ղեկավարել. ամենուր միակուսակցական, միանձնյա, այսպես ասած, անսխալական կամքն է իշխում և, ցավոք, ունենք այն, ինչ ունենք…

Անհեռատես, անպատիժ քայլեր են արվում նաև տնտեսական ոլորտներում. այսպես, այսօր էլ վատնվում է սերունդների ազգային մեծագույն հարստությունը` խոչընդոտելով Սևանա լճի մակարդակի շարունակական անհետաձգելի բարձրացմանը, լիճ, որի ջուրը ժամանակին ոսկուց էլ թանկ է լինելու: ինչո՞ւ է այսպես. որովհետև տարիներ շարունակ Արարատյան դաշտի արտեզյան ջրերը անխղճորեն ծախսվել են այսպես կոչված, ձկնաբուծության համար, ասես ծովային երկիր ենք. արդյունքում` արտեզյան ջրերի մակարդակը իջավ15-18 մետրով, այն դեպքում, երբ նախկինում այն ինքնահոս ժայթքում էր ոռոգման համար: Ի դեպ, նախագահի և բնապահպանության նախարարի ժողովուրդը սնվում է ձկնաբույր բանջարեղենով. իշխանավորներին դա երբեք չի հետաքրքրել, քանզի նրանց անձնական բանջարանոցներն ու այգիները խմելու ջրով են ոռոգվում: Իհարկե, բնապահպանության նախարարը չպատժվեց, այլ դարձավ մարզպետ:

Կամ` երեք նախագահներն ու վարչապետերը անհեռատեսորեն ու անպատասխանատվությամբ թույլատրեցին Սևանա լճի մերձափնյա տարածքներում, ում խելքը փչեց, ժողովրդից կողոպտված փողերով դղյակներ կանգնեցնել, ոչ միայն այսօր էլ խոչընդոտելով լճի մակարդակի հնարավոր բարձրացմանը, այլև իրենց պալատների կենցաղային կեղտաջրերը լցնել լիճը` մեծապես վատթարացնելով Սևանի բնապահպանական վիճակը: Ահա այսպես է երկիրը տասնամյակներ շարունակ ղեկավարվել և վատնվել համազգային հարստությունը, պարոնայք ՀՀԿ-ականներ…

Ցավոք, երեք նախագահները համաժողովրդական, համազգային հարստությունը, հնարավորությունները շարունակաբար սխալ են ուղղորդել: Օրինակ, երբեք չեն մտահոգվել մայրաքաղաքի բնապահպանական շահերի, բնակչության համար բնական առողջ միջավայր ստեղծելու մասին: Նրանք մշտապես պաշտպանել են ագահ, եսամոլ օլիգարխների շահերը, որոնք անխնա թալանել, կողոպտել են ժողովրդի սեփականությունը: Պարոնա´յք, ինչո՞ւ թույլ տվեցիք, որ մեծահարուստները անխնա ոչնչացնեն Մայր Հայաստանի հուշարձանի շրջակա հրաշալի անտառաշերտը, որը մայրաքաղաքը պաշտպանում էր փոշուց, կեղտից, թթվածին մատակարարում; Հազարավոր հատված ծառերի տեղում պալատներ կառուցեցին` ոտնահարելով մայրաքաղաքի բնակչության շահերը:

Պարոն նախագահը շարունակում է չուղղորդել հասարակությանը, մեծահարուստներին: Այսպես. մեծահարուստ ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը Նոր Նորքի շուկայի տեղում հսկայական մոլ է կառուցում. դե իհարկե, Ալեքսանյանի համար դա շահավետ է` իր կողմից վերահսկելի, անտեսանելի ստվերային շահույթներ: Եթե նախագահի խորհրդով կառուցվեր մի խոշոր արտադրական ձեռնարկություն, որում կաշխատեին հարյուրավոր քաղաքացիներ, կդրսևորեին իրենց մտքի և ձեռքի հմտությունը, կվաստակեին արժանապատիվ աշխատավարձ, հասանելիք արձակուրդ. իսկ առևտրամոլ այդ մոլերում գործազուրկ ուսուցիչներն, ինժեներները, մտավորականները սպասելու են, թե ահա կգա մեկը, կգնի մի շալվար, մի շրջազգեստ, մի կոշիկ և տանջահար քաղաքացին 3-4 հազար դրամ տուն կտանի` անիծելով իր մոլային բախտը, իշխանությունների սոցիալ-տնտեսական, դատաիրավական անճարակ քաղաքականությունը: Առևտրական այդ մոլերը ոչ թե նպաստում են տեղական տնտեսության, այլ` օտարերկրյա, և, որ շատ ցավալի է, թուրքական տնտեսության զարգացմանը: Մեծն Մահաթմա Գանդին հայրենասիրաբար հագնում էր տեղական` հնդկական հագուստ, կոչ անելով հայրենակիցներին, մերժել բրիտանական արտադրանքը և գնել միայն տեղականը` նպաստելով հայրենական տնտեսության զարգացմանը:

Երկրի բնակչության զգալի մասը զբաղված է առևտրի, սպասարկման ոլորտներում` 12-ժամյա տանջալից աշխատանքով, իսկ բնական հարստությունները անխնա շահագործում ու թալանում են օտարերկրյա ընկերությունները: Դրա աններելի վկայություններից մեկն է պեռլիտի գործարանի և հանքերի հանձնումը ամերիկյան ընկերությանը` ընդամենը 1,2 մլն. դոլար չնչին գումարով, որի պայմանագրի ժամկետը արդեն լրանում է և կարելի է ետ վերցնել: Ինչպես մասնագետն է վկայում, պեռլիտից կարելի է թողարկել 150 արտադրատեսակ, հատկապես ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ սարքեր, որոնք լայն կիրառություն ունեն տիեզերագնացության, ռադիո-հեռուստատեխնիկայի, բարձր տեխնոլոգիայի, մետալուրգիական արդյունաբերության ասպարեզներում: Նույնը կարելի է ասել հայկական հանրահայտ բազալտի ձուլման, վերամշակման և լայն կիրառության, ինչպես նաև բնական շատ այլ հարստությունների անճարակ վատնման մասին: Պարոն նախագահ, պարոն վարչապետ, դուք երբևիցե ուշադրության արժանացրե՞լ եք Քարակերտի քարաձուլման գործարանի բաժնետեր Սուրեն Գևորգյանի հզոր փաստարկները, թե՞ ձեզ հետաքրքրում է միայն մոլային առևտուրն ու սպասարկումը:

Զարմանալին այն է, որ իշխող կուսակցությունը իրեն բոլորովին մեղավոր չի զգում ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի, ժողովրդագրական շարունակվող աղետի, սողացող, հուսահատեցնող, շարունակ զոհեր խլող պատերազմի համար: Ներկա նախագահը անհասկանալի երաշխավորությամբ /ինչպեսև առաջին նախագահը իր անփառունակ հեռուստաելույթում/ տարբեր առիթներով, տարբեր եղանակներով անհասկանալի, անհամոզիչ խաղաղության դիմաց տարածքներ զիջելու մասին է հայտարարում` «վերջին հարյուր տարում Աղդամում ե՞րբ է հայ ապրել, ես հրահանգել եմ, որ ազատագրված տարածքները չբնակեցնել, այդ մասին գիտեն նաև ադրբեջանցիները»` չհիմնավորելով, թե նման պարագայում, նույնիսկ անկախ, աշխարհի կողմից ճանաչված Արցախն ինչպես է գոյատևելու թուրքական հորդաների աներևակայելիորեն հայատյաց, մարդատյաց շրջափակման մեջ: Թերևս տասնամյակներ, գուցե մեկ դար է հարկավոր, որ մինչև ուղնուծուծը, արյան վերջին կաթիլը թունավորված ադրբեջանական հասարակությունը քաղաքակիրթ մարդկության շարքերը վերադարձնել, որ հնարավոր լինի կողք կողքի ապրել: Թե՞ պարոն նախագահը հույս ունի, որ ոխերիմ բարեկամի զորաջոկատները տասնամյակներ, գուցե մեկ դար բարի կամքի սահմանապահ կկանգնեն Արցախի ևմոլագար թրքության միջև, ինչպես նենգորեն վարվեցին Բերդաձորում, Գետաշենում, Շահումյանում, Ստեփանակերտի օդանավակայանում, երբ թուրք հրամանատարը, զինվորը աներևակայելի գազանություններին արձագանքում էին ստորագույն ժպիտով ու արհամարհական քմծիծաղով:

Հայաստանի, Արցախի, աշխարհով մեկ սփռված հայրենակիցներիս կոչ եմ անում` ձեր օրագրերում գրառեք` հայրենիքի հանդեպ ինչ եք արել, որ չպետք է անեիք, հայրենիքի համար ինչ չեք արել, որ պարտավոր էիք անել և խորասուզվելով ձեր ազնիվ հոգիների ու սրտերի խորքը, այսուհետև պարտավորվեք հայրենապաշտորեն ծառայել համայն հայությանը, հատկապես Հայաստան-Արցախ հայրենիքին` փորձելով քավել ձեր մանր ու խոշոր մեղքերը, եթե ունեք…

Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք