Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինտեգրվե՞նք» պատժամիջոցներին` ընդդեմ Ռուսաստանի

Օգոստոս 01,2017 22:00

Աննախադեպ պատժամիջոցները, որոնք հաստատված են ԱՄՆ կողմից Մոսկվայի նկատմամբ, խարխլելու են պուտինյան վարչակազմն ամբողջությամբ, եւ Հայաստանին անհրաժեշտ է զերծ մնալ դրանց ազդեցությունից բոլոր ուղղություններով՝ անվտանգությունից մինչեւ տնտեսություն

Հուլիսի 27-ին ԱՄՆ Կոնգրեսը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ ընդունեց օրինագիծ, որով 2014-ից հետո աննախադեպ խստության պատժամիջոցներ է կիրառելու ընդդեմ Ռուսաստանի: Օրինագիծն օրենք դառնալու համար անհրաժեշտ է, որպեսզի այն ստորագրի նախագահ Թրամփը, եւ կասկածից վեր է, որ ԱՄՆ նախագահն այլեւս նույնիսկ տեսականորեն լծակ չունի պատժամիջոցների ընթացքը կասեցնելու: Ավելին, ըստ օրինագծի, ԱՄՆ նախագահը չի կարող որեւէ գործողություն կատարել այդ պատժամիջոցների հետ կապված՝ առանց Կոնգրեսի հաստատման:

Պատժամիջոցները տարածվում են ոչ միայն բուն Ռուսաստանի տարածքում նավթագազային նախագծերում գործող ընկերությունների վրա, այլեւ Ռուսաստանից դուրս, այսինքն՝ ռուսական էներգետիկ ընկերությունների հետ համագործակցելը դառնում է պատժելի, եթե ռուսական մասնաբաժինը գերազանցում է 33 տոկոսը:

Բացի դրանից, արտահանման համար նախատեսված ռուսական խողովակաշարերի վրա են տարածվում պատժամիջոցները, եթե որեւէ ընկերություն միանվագ ծախսի 1 մլն դոլար միանվագ կամ մեկ տարվա ընթացքում 5 մլն դոլարից ավելի: Ընդ որում, խոսքը ոչ միայն խողովակաշարերի կառուցման, այլեւ վերանորոգման եւ սպասարկման մասին է:

Պատժամիջոցները վերաբերում են ոչ միայն էներգետիկային, այլեւ ՌԴ կոռումպացված ղեկավարությանը եւ սուբյեկտներին, որոնք ղեկավարում են պետական ընկերությունները եւ հիմնականում Պուտինի մերձավորներն են: Միջոցներ են նախատեսված հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների լվացումը կամ այլ հանցավոր նպատակներին ծառայեցնելու հնարավորությունները կանխելուն: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտներին վարկավորման թույլատրելի ժամկետը սահմանված է 14 օր, ինչը ներկայիս գլոբալիզացիայի պայմաններում հավասարազոր է զրոյի: Առանձին կետերով պատժամիջոցների ենթակա են նաեւ բոլոր պետական քարոզչության միջոցները, կիբերհանցավորությունը, Մոսկվայի հետախուզական գործունեությունը:

Փաստորեն, սա մի աննախադեպ համակարգային հարված է Պուտինի վարչակազմի բոլոր հիմնասյուներին, Ռուսաստանի ռազմական եւ տնտեսական կարողություններին, երկրի սահմաններից դուրս ազդեցության հնարավորություններին:

Դժվար չէ նկատել մի կարեւոր բան. պատժամիջոցների այս նոր փաթեթով Ռուսաստանի գործունեությունը Հայաստանում ներկայիս գործիքակազմով գրեթե ամբողջությամբ դրված է օրենքից դուրս եւ պատժելի է: Հայաստանում «Գազպրոմն» ու «Ռոսնեֆտը» պահպանում են մենաշնորհային դիրքեր, գործում է ռուսական խողովակաշարը, ռուսական պրոպագանդան դուրս է գալիս ամեն անցքից, մեր հարկատուների հաշվին գործում են ռուսական ռազմաբազաները, որտեղ Պուտինի խոհարարը կարող է ընկերություն գրանցել, դա էլ քիչ է՝ «համատեղ ռազմական խմբավորումներ» են կախել հայ հարկատուի պարանոցից, իսկ հայկական կոռուպցիոն-օլիգարխիկ համակարգը դարձել է ռուսականի «դուստր ձեռնարկությունը»:

Այս այլանդակ համակարգի կենսունակության ապահովման փիլիսոփայությունը հիմնված է «ԵԱՏՄ շրջանակներում» Ռուսաստանի հետ «հարաբերությունների խորացման» վրա, իսկ անվտանգությունը՝ երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ ՀԱՊԿ շրջանակներում «ինտեգրման» վրա, երբ մենք տարեցտարի պետք է Ռուսաստանից զենք գնելով հավասարակշռենք Մոսկվայի «բիզնեսն» Ադրբեջանի հետ՝ մեծացնելով մեր թե՛ կախվածությունը, թե՛ ռուսների ռազմական ներկայությունը Հայաստանում, եւ այս ամենը կոչվում է «հայ-ռուսական դարավոր բարեկամություն»:

Սակայն Հայաստանի քաղաքական դաշտում մեծ մասամբ սովոր չեն հարց տալու, թե ինչ են անելու, եթե Մոսկվայի կարողությունները՝ թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության եւ ռազմական լծակների առումով, սկսեն զրոյանալ: Հայաստանի քաղաքական դաշտում հիմնականում «սովոր» են, որ այսպես պետք է հավերժ շարունակվի, եւ քաղաքական դաշտի մեծ մասը պիտի շարունակի «զբաղվել» քաղաքականությամբ ապահով եւ անպատասխանատու եւ ավելորդ հարցերով գլուխը չծանրաբեռնի:

Հուլիսի 28-ին Հայաստանում ԱՄՆ եւ Բրիտանիայի դեսպանները միակարծիք դիրքորոշում հայտնեցին առ այն, որ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում «շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանն ինքը որոշի, թե ում հետ է ուզում համագործակցել»: ԱՄՆ դեսպան Միլսը նշեց նաեւ, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար չեն ազդելու Հայաստանի վրա: Իհարկե, պարոն Միլսը նկատի ունի, ըստ ամենայնի, որ չեն ազդի զուտ ամերիկյան «մասով», իսկ հայաստանյան «մասով» պատասխանատուն արդեն պաշտոնական Երեւանն է: Եվ ամերիկյան դեսպանը չէ, որ պիտի խանգարի Հայաստանին, եթե մենք ձգենք մեր պարանոցը դեպի պատժամիջոցների մամլիչը եւ ձգտենք մեկուսանալ աշխարհից:

Պաշտոնական Երեւանին ոչ թե դժվար օրեր են սպասվում, նրանք վաղուց են դժվար օրերի մեջ: Հասկանալի է, թե ինչքան դժվար է տրամաբանությանը հակառակ հրապարակային պնդումներով դիվանագիտություն վարել: Չնայած… ո՞վ է մեղավոր: Ժամանակին էր պետք մտածել եւ հաշվարկել մի քանի պարզ բաներ, այլ ոչ թե հույսը դնել առկա խարխուլ իրողությունների հավերժականության վրա:

Ռուսները մեզ հանգիստ չեն տալու, եւ դա պարզ է, նրանք հնարավորինս մեծացնելու են ճնշումը իրենց երկրի ներսում եւ ձգտելու են, ըստ իրենց, «ամրապնդել» այն բուֆերը, որ Պուտինի օրոք կառուցել են իրենց շուրջը, որի բաղկացուցիչն է նաեւ Հայաստանը: Չպետք է բացառել, որ Մոսկվան Երեւանից կպահանջի «կարգի հրավիրել» ԶԼՄ-ներին, քաղաքացիական հասարակությանը, նաեւ՝ կթեժացնի իրավիճակը շփման գծի վրա կամ կակտիվացնի պսեւդո-արմատական խմբերը եւ խմբակները Հայաստանում:

Հայաստանի քաղաքական դաշտից պահանջվում է գերբարձր պետական մտածողություն եւ արդյունավետ ակտիվություն այդ ամենին դիմակայելու համար: Ամենամեծ սխալն է՝ թողնել իշխանության հայեցողությանը կամ հույս դնել նրա պատասխանատվության վրա: Իշխանության որակի լավագույն ապացույցն այն իրողություններն են, որոնցում մենք հայտնվել ենք այսօր: Իսկ իրողությունները փոխվում են եւ պահանջում են նոր մոտեցումներ եւ նոր քաղաքական օրակարգ, որտեղ տեղ չունի այն քաղաքական զառանցանքը, որը մինչ օրս հանդուրժվել է: Կան բոլոր նախապայմանները, որպեսզի Հայաստանը պատվով դուրս գա այս փորձությունից, դուրս գա ավելի ուժեղացած եւ ճանապարհ հարթի դեպի քաղաքակիրթ աշխարհ:

Մենք չենք կարող այլեւս «ինտեգրվել» Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, մենք այդ ամենից պետք է հեռու մնանք՝ որքան հնարավոր է, եւ որքան հնարավոր է՝ շուտ:

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարում՝ Հայաստանի Հանրապետության դրոշը՝ ՆԱՏՕ-ի «Արժանապատիվ գործընկեր-2017» զորավարժություն

«Առավոտ» օրաթերթ

01.08.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ճիշտ է, իսկ ռուսախոսներն ու տանը ռուսերեն գրքեր պահողները թող թաքուն պատերի տակով ման գան և ազնիվ մարդկանց աչքին չերևան։ Կամ էլ շտապ ձեռք բերեն ամերիկյան սլենգի բառարան։ Եվ Աստված ոչ անի հանկարծ սկսեն բերել Իրաքի, Սիրիայի, Լիբիայի՝ դեպի արժանապատիվ ապագա և քաղաքակիրթ աշխարհ ուղու ողբերգական փորձը։
    Ռուսաստանում աշխատող հայաստանցիներն էլ, մի երեք միլիոն թէ ավելի քիչ, թող հետ գան Հայաստան և միասին՝ դեպի պայծառ ապագա։
    Жираф большой – ему видней…

  2. Աշոտ says:

    Արևմտամետները ամբողջ օրը Ռուսաստանի տնտեսական կրախն ու կործանումն են գուշակում ու արևմտուքին փառաբանում։
    Էն դեպքում երբ արևմտյան երկրների մեծ մասը մինչև վիզը պարտքերի մեջ խրվածա։
    Նույն ԱՄՆ-ի պարտքը 20տրիլիոնի հասնումա ՀՆԱ-ի 100տոկոսից ավել։
    ԱՄՆ-ի ու Եվրոպայի բնակչությանը 40-50տոկոսը տուն չունի։
    Եթե տենց լավ են ապրում ինչի են բոմժի պես օրը մի տեղ վարձով ապրում՞ՃՃ

    Արևմտուքին ձեռնտու չի ուժեղ ու անկախ երկրների/միավորների գոյությունը քանի որ դրանք աճելով կարող են լուրջ մրցակից դառնալ իրենց համար։
    Ու Իրանի Ռուսաստնի դեմ սանցկիաների ՄԻԱԿ նպատակա դայա։ Իսկ դեմոկրատիա կոռուպցիա էտ ընդամենտ բլա-բլայա։

    Նույն ԱՄՆ-ից կոռումպացված երկիր էսօր չկա։
    Տրիլիոնավոր դոլլարներ հատկացվումա առողջապահությանը, բայց էտ գումարները մանր ու մեծ ավազակներ լափում են։
    Արդյուքնում հասարակ ատամը պլմոբելը 300դոլլարա ու մեր շատ հայրեկակիցներ ԱՄՆ-ից գալիս են կոռումպացված Հայաստանը ատամները սարքելու։
    Իրանց աչքի գերանը մարդիկ չեն տենում, ընկած են սարուձոր։
    Իրանց հարազատ թալանչիներին Դոնալդ Տրամպի գլխավորությամբ անվանում են բիզնեսմեն։

    Ուղղակի արևմտյանները իրանց հարազատ թալանչիներին անվանում են բիզնեսմեն ուրիշներին կոռուպցիոներ։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031