Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջընթա՞ց, թե՞ նահանջ դեպի կղերականություն

Օգոստոս 02,2017 14:00

Գութանի երգը

Պարտքատերը գանգատ գնաց

Քյոխվեն կըգա, կըծեծի,

Տերտերն օրհնեց, անվարձ մնաց,

Կըբարկանա, կանիծի։

Հ. Թումանյան

1887թ.

Խորհրդային Միության փլուզումից հետո՝ կամաց-կամաց, իսկ մոտավորապես 2000-ականներից առավել թափով Անկախ Հայաստանի իշխանությունների հովանավորությամբ պետական և հանրային կյանքում բարձրացվեց և դեռ շարունակվում է Հայ Առաքելական Եկեղեցու(ՀԱԵ) դերակատարությունը: Ամեն տարի Հայաստանի տարբեր համայնքներում կառուցվում են նորանոր շքեղ եկեղեցիներ, որոնց օծմանը մասնակցում է Հայաստանի քաղաքական վերնախավը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ամեն հայաստանցի մեծահարուստ իր պարտքն է համարում հարազատ համայնքում, որի բնակիչները նրա կողմից կեղեքվում են, կառուցել առնվազն մեկ եկեղեցի: Նույնը վերաբերում է սփյուռքահայ շատ «բարերարների», որոնք եկեղեցիներ են կառուցում նախնյաց հայրենիքում, ուր այլևս ոչ իրենք, ոչ իրենց սերունդները չեն ապրելու: Ռուսաստանում «խոպանում» հաջողության հասածները նույնպես անպայման պետք է իրենց հայրենի գյուղում եկեղեցի կառուցեն: Ինձ պատմեցին, որ Մարտունու տարածաշրջանի գյուղերից մեկում հարստացած «խոպանչիները» 3 եկեղեցիներ են կառուցել: Անկախության տարիներին, հավանաբար, 100 միլիոնավոր դոլարներ են ծախսվել եկեղեցաշինության վրա:

Աստծո բանտն են տաճարները-աշխարքներում բովանդակ,

Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ:

Հարկավ` ազատ նա ժպտում է ամենուրեք ամենքին,

Բայց դու նայիր խեղճուկըրակ մարդուգործին ու խելքին:

 

Հովհաննես Թումանյան

1921, օգոստոսի 25

Ինչ փույթ, որ նույն համայնքներում դպրոցները, մշակույթի տները, հիվանդանոցները (փոքր համայնքներում՝ բուժկետերը, եթե գոյություն ունեն) կիսավեր վիճակում են կամ չեն գործում:

2007թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ընդունված օրենքով ՀԱԵ-ին տրվեցին բազում արտոնություններ: Թվենք դրանցից մի քանիսը. 8-րդ հոդվածով ՀԱԵ-ն ոչ միայն կարող է հիմնել կրթական հաստատություններ, այլև պետական հանրակրթական դպրոցների համար դասագրքեր մշակել և ուսուցիչներ վերապատրաստել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի համար:

Բազմիցս է ասվել, որ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան իրականում ՀԱԵ-ի կրոնական և աշխարհի ստեղծման մասին աստվածաշնչյան դոգմատիկ քարոզն է։ Անցյալ տարվանից ցածր դասարաններում դասավանդվում է նաև «Քրիստոնեական դաստիարակություն» առարկան: ՀԱԵ-ն մտել է ոչ միայն դպրոցներ, նաև մանկապարտեզներ և երեխաներին սովորեցնում է գառների հնազանդություն, աղոթել և խաչակնքել:

Հոդված 9. Ամուսնությունների գրանցումը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև ստորագրված համաձայնագրով սահմանված կարգին համապատասխան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` կանոնական ծեսով իրագործած ամուսնություններն ու հռչակած ամուսնալուծությունները:

Հոդված 10. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեխնամ գործունեությունը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում:

Ի դեպ, Գևորգյան ճեմարանի սաները ՀՀ օրենքից դուրս են և չեն զորակոչվում բանակ (հեյ գիտի ԱԶԳ-ԲԱՆԱԿ հայեցակարգ)։ Արդեն քանի տարի է, որ զորամասերում ՀԱԵ-ի սպասավորները «հոգևոր ծառայություն» են մատուցում՝ պետությունից ստանալով սպայական աշխատավարձ:

Հոդված 11. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարկումից ազատ եկամուտները

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի կազմակերպելու հասարակական դրամահավաքներ և ստանալու նվիրատվություններ ու ընծաներ, որոնք ազատ են հարկումից: Հարկումից ազատ են նաև ծիսական նշանակության առարկաների ու պարագաների արտադրությունը և իրացումը:

Ինչպես ամուսնությունների, այնպես էլ այլ ծիսական արարողությունների՝ կնունք, հոգեհանգիստ, այժմ արդեն նշանդրեք, երեխային քառասունքից հանել և այլն, վճարումները հարկերից ազատված են: Հարկերից ազատված են նաև մոմի (դրսից մոմ բերելը խստիվ արգելվում է), խաչի և այլ եկեղեցական արդուզարդերի արտադրությունը, աներևակայելի գներով «օրհնված» կոնյակի վաճառքը (հիանալ կարելի է ՀԱԵ-ի գործարար հնարամտության վրա): Ազատված են մաքսատուրքերից նաև ՀԱԵ-ի բոլոր տեսակի ներմուծումները, ինչպես նաև գույքահարկից են ազատված ՀԱԵ-ի եկեղեցապատկան հողատարածքներն ու շինությունները: Շարքը կարելի է շարունակել: Այս անգամ էլ գործ ունենք «օրենքով», օրենքից դուրս գործող կառույցի հետ:

Արդ, ո՞րն է ՀԱԵ-ի նկատմամբ ՀՀ իշխանությունների այդպիսի հոգատարության պատճառը, եթե հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանը և ՀՀ վերնախավի գերակշիռ մասը նախկին կոմերիտա-կոմունիստական «նոմենկլատուրայից» են սերում: Թե՞ ԽՍՀՄ տարիներին նրանք գաղտնի եկեղեցի են այցելել, աղոթել, խաչակնքել և մոմ վառել:

Կարծում եմ՝ ինչպես ասում են, «շան գլուխը այլ տեղ է թաղված»:

ԽՍՀՄ-ը ուներ պաշտոնական աթեիստական գաղափարախոսություն: Իրականում այն կրոնապետություն էր՝ աթեիզմը որպես պետական կրոն հռչակած: Ի՞նչ նկատի ունեմ կրոնական գաղափարախոսություն ասելով: Ցանկացած կրոն ունի բոլոր հարցերի պատասխանները: Եթե քրիստոնեության ցանկացած ուղղություն, այդ թվում՝ ՀԱԵ-ն, բոլոր հարցերին վստահ պատասխանում է ըստ կտակարանների (Ղուկասի ավետարանի էս գլխում գրված է, ըստ Պողոս առաքյալի թղթերի էսպես է), ապա ԽՍՀՄ-ի գաղափարախոսությունը Մարքսիզմ-Լենինիզմն էր (նաև Էնգելսը, ինչ-որ ժամանակ՝ Ստալինը), «սուրբ» գրքերը՝ Մարքսի, Էնգելսի, Լենինի հատորները: ԵՎ ամեն հարցի՝ լիներ դա գիտական, կենցաղային, թե այլ, պատասխանները հաստատուն էին (Մարքսի կապիտալի էսինչ էջում գրված է, Լենինը իր «Մատերիալիզմ և էմպրիոկրիտիցիզմ» հոդվածում այդ մասին ասել է և այլն): Այս էր նաև պատճառը, որ ԽՍՀՄ-ը իր մարտնչող աթեիզմով պայքարում էր կրոնների դեմ: Չէ՞ որ մարդիկ նույն հարցերի վերաբերյալ կարող էին հանկարծ այլ «հիմնարար» պատասխաններ ստանալ:

Սակայն բռնապետական տիպի կամ նման հակում ունեցող իշխանությունների համար գաղափարախոսության տարածումը լայն զանգվածների մեջ և կարևոր է, և դժվար: Ինչու դժվար, որովհետև նույնիսկ եթե հասարակությունը վախենում է իշխանությունից, բայց առանձնապես չի ատում նրանց, ամեն դեպքում վերապահորեն է մոտենում նրանց խոսքերին: ԵՎ ահա ԽՍՀՄ-ում դրա ճարը գտնվեց. ստեղծվեցին ստեղծագործական միություններ՝ գրողների, կոմպոզիտորների, նկարիչների, ճարտարապետների, կինեմատոգրաֆիստների, թատերագետների, լրագրողների և այլն: Միությունների համար կառուցվում էին հանգստյան տներ, անդամները անվճար օգտվում էին դրանցից, հրապարակվում էին նրանց ստեղծագործությունները, բարձր հոնորարներ, մրցանակներ և շքանշաններ էին նրանք ստանում: Եվ նրանցից պահանջվում էր ընդամենը գովել ԽՍՀՄ կարգերը, կոմունիստական կուսակցությունը և նրա իմաստուն առաջնորդին: Եվ ժողովրդի աչքում մի բան էր, եթե Ստալինին գովում և հաճոյանում էին Բերիան կամ Միկոյանը, այլ բան` երբ այդ անում էին տաղանդավոր գրողներ, ժողովրդի կողմից սիրված և հարգված Մաքսիմ Գորկին կամ Հովհաննես Շիրազը. «Քեզ արեւը պիտի լինի Հաղթանակի շքանշան, քանզի կուրծքն է քո՝ երկինքը…»: ԵՎ իրականում ԽՍՀՄ կարգերը լեգիտիմացվում էին մտավորականների կողմից:

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի նոր իշխանությունները հայտարարեցին իրենց հավատարմությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և այլն… Սակայն իրականում ստեղծեցին միապետական, ավտորիտար, կոռումպացված համակարգ:

Սակայն ի տարբերություն ԽՄԿԿ-ի՝ Հայաստանի քաղաքական վերնախավը որևէ գաղափարախոսություն, բացի ՓՈՂ-ից, չունի: Ժամանակին նրանք Կոմկուսի անդամ էին նույն մի «կտոր հացի» համար: Հետագայում նույն մարդիկ և նրանցից օրինակ վերցրած նեոկոմերիտականները ինչպիսի կուսակցական դեգերումներ ունեցան՝ էլ ՀՀՇ, էլ ՀՅԴ, էլ ՀՀԿ, էլ ՕԵԿ, էլ ԲՀԿ և այլն:

Ինչպես լեգիտիմացնել այս համակարգը, որն անվերջ դիմակայում է էլ «ընտրություններին», էլ տարբեր տիպի «Սասնա Ծռերի»:

Եվ այս անգաղափարական միջավայրում Հայաստանի քաղաքական ուժերին օգնություն էր անհրաժեշտ:

Իհարկե, իշխանությանը նույն ծառայությունները դեռևս գոյություն ունեցող միությունները պատրաստ են մատուցել և մատուցում են: Հիշենք անցյալ տարի նրանց կոլեկտիվ նամակը Ժիրայր Սեֆիլյանին: Բայց մի կողմից, կարծում եմ, նրանք այսօր չեն վայելում նախկին հեղինակությունը, նրանց մեջ այժմ չկան տաղանդավոր ստեղծագործողներ, և ամենակարևորը՝ պետությունն այդքան փող չունի, ինչպես ԽՍՀՄ-ն էր, նրանց բավարարելու համար, իսկ միայն շքանշաններն ու մրցանակները բավարար չեն:

ԵՎ ահա, կարծում եմ, ճարը գտնվեց՝ Հայ Առաքելական Եկեղեցին: Կատարվեց փոխշահավետ գործարք իշխանության և ՀԱԵ-ի միջև:

ՀՀ Նախագահի «ուղերձը» Ամենայն Հայոց Կաթողիկոսին.

– Ես քեզ տալիս եմ արտոնություններ, մենաշնորհներ, ազատում եմ հարկերից, մաքսատուրքերից, թույլ եմ տալիս մտնել դպրոց, զորամաս, ազատազրկման վայրեր, փոխարենը դու քարոզում ես հնազանդություն, հպատակություն, սեր և հարգանք իշխանության նկատմամբ:

Եվ այս ուղերձն իր ձևակերպումը ստացավ վերոնշյալ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքում։

Մի բան է, երբ ընտրությունների օրինականության մասին խոսում է ԿԸՀ նախագահը կամ ՍԴ նախագահը, այլ բան է, երբ կեղծիքներով ձևավորված Ազգային ժողովն օրհնում և լեգիտիմացնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: ԵՎ այս ամենի համար ֆինանսական ծախսեր պետք չեն, ՀԱԵ-ին կֆինանսավորեն նրանք, ում իշխանությունը ճնշում և շահագործում է:

Հետաքրքրական է, որ այս խայծը կուլ տվեցին նաև Հայաստանի ընդդիմադիրները: Հիշո՞ւմ եք 2013թ. Ամենայն Հայոց «Զորավարի» և Ազգընտիրի համատեղ աղոթքը…

Ահա և ՀԱԵ-ին վերադարձվում է, ինչպես ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով է ամրագրված՝ ՀԱԵ-ի բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Ի վերջո, ո՞րն է եղել ՀԱԵ-ի բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում՝ հավատարմություն ցանկացած իշխանության նկատմամբ՝ ցար, շահ կամ սուլթան, ինչպես նաև ավելի ցածր մակարդակում՝ խան, պրիստավ, աղա, ամիրա, քյոխվա, տանուտեր: Ի՞նչն է փոխվել 21-րդ դարի անկախ Հայաստանում: Միայն անունները. նախագահ, վարչապետ, մարզպետ, գյուղապետ, գործարար նախարարներ, պատգամավորներ, գեներալներ: Ինչպես նախկինում, սրանք շահագործում, կեղեքում են ժողովրդին, եկեղեցի են կառուցում, ստանում կղերի օրհնությունը, որն էլ իր հերթին ժողովրդին հնազանդության կոչ է անում և նույն կեղեքված ժողովրդից իր փայն է տանում ծիսակարգերի վճարներով:

Հետաքրքիր է, «Հայ եկեղեցու պատմություն» առարկայում նկարագրվո՞ւմ են արդյոք քրիստոնեության տարածման շրջանում կատարված ավերածություններն ու կոտորածները: Գրվա՞ծ է արդյոք Պետրոս Գետադարձ կաթողիկոսի կողմից հայոց թագավորության վաճառքի, ՀԱԵ-ի կողմից ամեն առաջավոր ուղղության հալածանքների, օրինակ՝ Խորենացու նկատմամբ, ՀԱԵ-ի կողմից դարեր շարունակ իրականացվող ինկվիզիցիաի, աղվեսադրոշմ խարանելով և ոտքերի ջլերը կտրելով, շարունակական անհանդուրժողականության մասին՝ այլադավան հայրենակիցների նկատմամբ («աղանդավորներ», «շեղվածներ», «ով առաքելական չի՝ հայ չի»): Արդյոք այս ամենի հետևանքով չէ՞ր, որ, ինչպես գրում է Րաֆֆին. «Մշակի» մեջ կարող են գրել որպես լուսավորչական, այնպես էլ կաթոլիկ, բողոքական, մահմեդական և հունադավան հայերը, նա ազգային օրգան է և ոչ` եկեղեցական: Այդ իհարկե կվրդովեցներ շատերին, որոնք ավելի բարվոք էին համարում, որ հազարավորները և բյուրավորները մեր ազգից կորչեին, քան թե լուսավորչական եկեղեցու մի աղյուսը իր տեղից խախտվեր» (Րաֆֆի, «Մինչև երբ», Մշակ, 1880թ.), բազմահազար մեր հայրենակիցներին վանեցինք և օտարեցինք հայությունից: Թե՞ նկարագրված են միայն հեքիաթային «հրաշագործությունները», թե ինչպես նույն Պետրոս Գետադարձը աղոթելով՝ գետի ուղղությունը փոխեց: Այսինքն՝ այս անգամ էլ գործ ունենք մարտնչող տգիտության հետ:

Տարիներ առաջ հրապարակախոս Արծրուն Պեպանյանը մի ուշագրավ նյութ հրապարակեց, թե ինչպես 19-րդ դարում Մադրասի հայ երիտասարդությունը ծրագրում է Հայաստանի անկախության գաղափարը իրականացնել: ՀԱԵ-ն նզովում է նրանց ծրագիրը: ՀԱԵ-ի և հայոց պետականության հակասությունների մասին հիմնավոր փաստեր են ներկայացնում պատմաբան Համլետ Դավթյանը (Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը, Հայաստանյայց առաքելական եկեղեցին և մեր պատմության ընթացքը, «Նոյան տապան» հրատ., Ե., 2007, 434 էջ: Հայոց պատմական հնարավորությունները VI-VIII դարերում, Երևան, «Նոյան Տապան», 2010-316 էջ։), հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ իր բազմաթիվ աշխատություններում:

ՀԱԵ-ի ամենանվիրյալ ջատագովներից էր ՀՀ երրորդ նախագահի առաջին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն ուներ նաև պետության վախճանի իր տեսությունը: Եվ գուցե այն իրականացնելու առաջին քայլերից էր, կառավարության որոշմամբ, առանց այն էլ չաշխատող երկրում, ՀԱԵ-ի տաղավար տոներին հաջորդող խորհրդանշական մեռելոց կոչվող երկուշաբթիները դարձնել ոչ աշխատանքային…

 

Հ.Գ. Եթե պատկերացնենք, որ հրաշքով Հայաստանում տեղի է ունենում իրական իշխանափոխություն, և երկրի նոր ղեկավարը, գիտակցելով կղերականության վտանգը, փորձում է իրապես Հայաստանը դարձնել աշխարհիկ պետություն, արդյո՞ք ուշ չի լինի: Արդյո՞ք նա չի արժանանա Պապ թագավորի ճակատագրին…

ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

01.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հրաշք և ուսանելի վերլուծություններ են says:

    Հրաշք և ուսանելի վերլուծություններ են: Եթե իհարկե հասկանանք և ճիշտ հետևություններ անենք: Ողջունում եմ հեղինակի խելացի և ուսանելի մտքերը:

  2. Մ.Գրիգորյան says:

    Շատ կարևոր թեմա է: Հրաշալի հոդված է: Օշինդր է, օշինդր…
    Մեր հասարակությունը, ներառյալ «էլիտան», իրականում հավատացյալ չէ: Բաձարձակապես անտեղյակ են քրիստոնեական արժեքներից (շատ քիչ բացառությամբ): Այն,ինչ այսօր կատարվում է Հայաստանում,դրա լավագույն ապացույցն է: Նույնիսկ ծիծաղելի է, երբ զինվորական շքերթին տերտերների վաշտ է մասնակցում: Կամ ամեն առիթով հոգևորական է «հրավիրվում»: Էլ չեմ խոսում դպրոցներում եկեղեցու պատմություն սերտելու մասին: Այս ո՞ր դարն է: Գնում ենք դեպի « խավար միջնադար»:

  3. Վերջապես ամոթ է… says:

    «Գառնի» եւ «Զվարթնոց» արգելոց-թանգարաններում մուտքի տոմսերի նոր սակագին է սահմանվել Նյութի աղբյուրը ` https://hraparak.am/?p=152852&l=am/

    Պատվարժան Հայաստանի քաղաքացիներ, ամոթ է ամոթ, վերջ տվեք տեղացիների ու արտասահմանցիների համար նախատեսված գների տարբերությանը: Դա նեխած խորհրդային ժամանակների ու ռուսական հետամնաց մտածողության մանցուկ է: Քաղաքակիրթ աշխարհում ոչ մի տեղ այդպիսի խտրական ու հետամնաց մոտեցում չկա: Դա, մեղմ ասած, ծիծաղելի է: Ամոթ է, ամոթ: Ամոթ ու ստրկամտություն …………….: Փոխարենը օրենքի գերակայությամբ վերականգնեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանապատվությունը հայրենի հողի վրա… : Վերջապես ամոթ է…:

Պատասխանել Վերջապես ամոթ է…

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031