Լրահոս
Օրվա լրահոսը

«Միմյանց Արտյոմիկ ու Արթուրիկ անվանելը չէր կարող դառնալ որդուս սպանության պատճառ»․ մայրը օբյեկտիվ քննություն է պահանջում

Օգոստոս 02,2017 20:44

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության գործով դատավարությունը։ Հիշեցնենք, որ երիտասարդին 3 տարի առաջ սպանել էին հենց իրենց տան մեջ՝ Գյումրի քաղաքի կենտրոնում գտնվող «Շիրակ» հյուրանոցին հարակից Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակում։

Սպանելով երիտասարդին՝ նրան լողացրել էին սառը ջրով՝ ամենայն հավանականությամբ փորձելով կոծկել արյան հետքերը։ Այս գործով կամ մեկ ամբաստանյալ՝ Արթուր Մարտիրոսյանը, սակայն սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը պնդում է, որ խմբակային սպանություն է տեղի ունեցել․ կան փախուստի դիմած մարդիկ, նախաքննական մարմինն ամեն կերպ կոծկել է սպանության իրական հանգամանքները։

Մեղադրական եզրակացության համաձայն․ «2014թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 17-ի սահմաններում Ավետիք Ադանալյանի՝ Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակում տեղի է ունեցել ճաշկերույթ, որին մասնակցել են Արտյոմ Ադանալյանը, Ավետիք Ադանալյանը, Ռուբիկ Գևորգյանը, Ռազմիկ Պետոյանը, Կարեն Շահինյանը, Արտաշես Բաղդասարյանը, Մարիամ Ուստյանը, Մանվել Նիկոլյանը, Գոռ Հարությունյանը և Արթուր Մարտիրոսյանը: Ժամը 20:30-ի սահմաններում նույն տնակում, ճաշկերույթի ժամանակ Արտյոմ Ադանալյանը հոր` Ավետիք Ադանալյանի կողմից կենացները ձգձգելու համար դիտողություն է կատարել վերջինիս, ինչին միջամտել է Արթուր Մարտիրոսյանը՝ Արտյոմ Ադանալյանին դիմելով «Արտյոմիկ», իսկ Արտյոմ Ադանալյանը նույն կերպ պատասխանել է Արթուր Մարտիրոսյանին` դիմելով «Արթուրիկ», որի պատճառով վերջիններիս միջև առաջացել է վիճաբանություն:

Ավետիք Ադանալյանը վիճաբանությունը կանխելու նպատակով Արթուր Մարտիրոսյանին հյուրասենյակից տարել է խոհանոց, սակայն Արթուր Մարտիրոսյանը և Արտյոմ Ադանալյանը միմյանց ուղղությամբ նետել են սպասք և տվել սեռական բնույթի հայհոյանքներ, որի ժամանակ Արթուր Մարտիրոսյանը Ավետիք Ադանալյանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ գլխով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի արդյունքում Ավետիք Ադանալյանը ընկել է գետնին, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել: Այնուհետև Արտյոմ Ադանալյանը և Արթուր Մարտիրոսյանը դիտավորությամբ միմյանց հարվածներ հասցնելով ընկել են գետնին, որի ժամանակ Արթուր Մարտիրոսյանը նախ ձեռքով, այնուհետև իր մոտ ունեցած դանակով ապօրինաբար, Արտյոմ Ադանալյանին կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում Արտյոմ Ադանալյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է»:

Դատարանն այսօր նիստը սկսելուն պես հետաձգեց, քանի որ դատարան չէին ներկայացել տուժողի իրավահաջորդի շահերը պաշտպանող փաստաբաններ Կարեն Հովհաննիսյանն ու Վարդուհի Էլբակյանը։ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը հրաժարվեց այս երկու փաստաբաններից՝ դատարանին միջնորդելով ժամանակ տրամադրել նոր փաստաբաններ ներգրավվելու։ Դատը հետաձգվեց մի քանի օրով՝ նշանակվելով օգոստոսի 11-ին։

Ռուզաննա Ադանալյանը դատական նիստից հետո Aravot.am-ին դժգոհեց, որ նախաքննությունը անցկացվել է ոչ օբյեկտիվ ու բազմակողմանի, գործը թեև այժմ դատավարության փուլում է, սակայն չպիտի հասներ այս փուլին։ «Թաքցվել են իրեղեն ապացույցներ, դեպքի վայր լրագրային սեղանի սփռոցը՝ արյան հետքերով, չկան սպանության գործիքները։ Ես շեշտում եմ գործիքները, որովհետև որդուս սրտի և թոքի շրջանում հասցված վնասվածքների չափսերը տարբեր են, ըստ տեղակայման բնույթի՝ նույնպես տարբեր են, և դրանք հասցվել են տարբեր գործիքների ներգործությամբ։ Առավել ևս քննիչի կողմից հարց է առաջադրվել դատաբժշկին, որպեսզի փորձագետը պատասխանի՝ միևնույն գործիքի ներգործությամբ են ստացվե՞լ վնասվածքները, թե՞ տարբեր։ Դատաբժիշկն այս հարցին չի պատասխանել։

Այսինքն` խուսափել է պատասխանելուց։ Բացի դրանից, վերքային խողովակները չափված չեն, այն միանշանակ, ըստ դատաբժշկության, պետք է կատարեր դատաբժիշկը, այսինքն` հերձող փորձագետը, որն անմիջականորեն շփվելու էր մարդու օրգանների հետ և անմիջականորեն ինքն էր հայտնելու վերքային խողովակի չափը։ Ես կարծում եմ այդ չափսը չկա, որովհետև հիմնականում դա կարող է առաջ բերել սառը զենքի գործադրման հետևանքներ։ Բացի դրանից, դատաբժշկական եզրակացությանը մենք հասանք դատաքննության փուլում՝ դատավորի, քննիչի, առավել ևս վերահսկող դատախազի կողմից բազմաթիվ քրեադատավարական նորմերի խախտումներով։ Ամբողջ նախաքննությունը լրիվ աղավաղված է և խեղաթյուրված։ Իսկ դատավարության փուլում դատավոր Աշոտ Մանուկյանը փորձում է ամեն կերպ դատավարությունը տանել այնպես, ինչպես եկել էր նախաքննությունից։ Այսինքն` չկան իրեղեն ապացույցներ, դատավորի համար միևնույնն է՝ կա՞ն դրանք, թե՞ չկան»,- ասում է տուժողի իրավահաջորդը։

Տիկին Ռուզաննայի պնդմամբ, այս գործով մեկ անձ փախած է, նրա հագուստների դատամանրաթելային փորձաքննությամբ պարզվել է, որ նրա հագուստները շփվել են ինչպես իր որդու՝ տուժող Արտյոմ Ադանալյանի, այնպես էլ ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանի և գործով անցնող վեց վկաների հագուստների հետ, որոնք կազմում են 12 կտոր։ «Այս անձը փախած է ներկա պահին, պատշաճ միջոցներ չեն նախաձեռնվել նախաքննության մարմնի կողմից, ավելին, ես կասեի կեղծ անձնագրային տվյալներ են ներկայացվել տեղեկատվական համակարգ, որպեսզի տեղեկություն ձեռք բերվեին Հովհաննես Թոփչյան անձի վերաբերյալ, որը հանդիսանում է մարդասպանության մեջ կասկածվողի մանկության ընկերը։ Դեպքի վայրում նա հանդես է եկել որպես ընկեր, նա ամբաստանյալի հետ եղել է դեպքի վայրում։ Տեղեկատվության համակարգով եկած սխալ տեղեկատվությունը հիմք ընդունելով՝ հայտարարել են, որ Հովհաննես Թոփչյանը Հայաստանում է, սակայն նրան չեն կարող հայտնաբերել։ Նախաքննության ավարտին մոտ քննիչը որոշեց իրական անձնագրային տվյալներով հարցում անել տեղեկատվական համակարգին և եկել են իրական տվյալներ, որ նա դեպքից 2-3օր հետո դիմել է փախուստի։ Բնականաբար, նա պետք է փախուստի դիմեր, որովհետև նախաքննությունն արդեն իսկ պաշտպանության տակ էր առել և նման ձևական միջոցառումներ է կազմակերպել իբր վերջինիս հայտնաբերելու համար», -ասում է Ռուզաննա Ադանալյանը։ Վերջինիս դժգոհելով, չկան ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանի հեռախոսային վերծանումները։ Գործով անցնող հինգ հեռախոսահամար կա, բայց կոնկրետ նրա հեռախոսային վերծանումները, թե դեպքի օրը ում հետ է խոսել, ըստ տեղակայման ալեհավաքների, հասցեների ինչպես է հայտնվել դեպքի վայրում, ինչպես է դեպքի վայրից հեռացել, ժամը քանիսին ու ինչ պայմաններում, ստույգ տեղեկություններ հայտնի չեն հեռախոսային վերծանումները չտրամադրելու պատճառով։

«Չեն բերում նաև փախած անձի՝ Հովհաննես Թոփչյանի հեռախոսային վերծանումները, եթե նման հանգամանքներ կան, որոնք թաքցվում են քրեական գործից, ուրեմն ամբողջ քրեական գործը ինքն իրենով լղոզված, հանցավոր գործողություններով ներգրավված քրեական գործ է։ Հանցավոր գործողությունները կատարվել են քննիչ Հրաչյա Առաքելյանի կողմից, գործը վերահսկող դատախազ Շիրոյանի, հիմա էլ դատավորն է նույն բանն անում։ Դատավորին ասում ես դատաբժշկական եզրակացությունը կեղծ է, արժանահավատ չէ, դատաբժիշկը եկել, հարցաքննվել է դատարանում, իմ միջնորդությամբ հարցեր են առաջադրվել, չի կարողացել պատասխանել, դատավորը, սակայն, նրա պատասխանը գնահատում է սպառիչ, բավարար և արժանահավատ։ Ես միջնորդեցի, որ խուզարկություն կատարեն փախած անձի տանը, խուզարկություն կատարեցին, հագուստներ առգրավվեցին, եթե իմ ցուցմունքի համաձայն դուք խուզարկություն կատարեցիք, բա ինչո՞ւ որևէ դատավարական կարգավիճակ չտվեցիք, ո՞վ էր նա, որ տունը գնացիք, խուզարկեցիք, բայց ո՛չ կասկածյալ է, ո՛չ մեղադրյալ է, ո՛չ վկա է։ Իր տանից առգրավվել են այն հագուստները, որը որ դեպքի վայրում եղել է իր հագին, այսինքն` ինքը հանել, գցել է ու փախել է երկրից», -ասում է Ռուզաննա Ադանալյանը։

Ըստ նրա, եթե դատաբժշկական եզրակացությունն այսօր չի շտկվում, կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն չի նշանակվում, ուրեմն չեն կարող այլ միջնորդությունների պատասխանները ճշգրիտ ստանալ։ Մասնավորապես դատահետքաբանի եզրակացությունն անմիջականորեն կապված է դատաբժշկական եզրակացության հետ։

«Որդուս հագուստի վնասվածքներն ավելին են՝ 5-6 տեղ են, իսկ մարմնական վնասվածքները տրված են ընդամենը երկու տեղով, իսկ դրանց որևէ հիմնավորված, պարզաբանված պատասխան չի տրվում, ինչպե՞ս դա կարող է դրվել դատավճռի հիմքում։ Փախած անձի վերաբերյալ հաղորդում եմ տվել, դատախազությունը հաղորդումը ուղարկել է դատավորին, իսկ դատարանի նախագահն անձամբ հետ է ուղակել հաղորդումը՝ վկայակոչելով, որ այս դատարանում Հովհաննես Թոփչյան անձի վերաբերյալ գործ քննություն չի առնվում։ Եթե կա մեկը, որի հագուստի մանրաթելերը շփվել են որդուս հագուստների մանրաթելերի հետ, եթե կան փաստական ապացույցներ, որ էդ մարդը մասնակցել է, բայց ո՛չ քննիչն է այս անձին ներգրավվել որպես վկա, ո՛չ էլ դատարանն է միջնորդությունս բավարարում, ասում է իմաստ չունի, չենք ներգրավվում որպես վկա, հետևաբար խմբային հանցագործությունը թաքցնող հանցավոր պաշտոնյաներ են», -ասում է Ռուզանն Ադանալյանը։

Նա նշում է, որ մեղադրական եզրակացության հիմքում տեղ գտած դրդապատճառը, թե իր որդուն սպանել են ճաշկերույթի ժամանակ միմյանց Արտյոմիկ ու Արթուրիկ անվանելու համար, ևս իրականության չի համապատասխանում։ Ըստ որդեկորույս մոր, ինքն անձամբ սեփական հետաքննություն է անցկացրել, տարբեր տեղերից ու տարբեր անձանցից տեղեկատվություն է ձեռք բերել ու դեպքի բոլոր դրվագները համադրելով, վերլուծելով՝ եկել է այն եզրահանգման, որ փոքրացնող մասնիկը չէր կարող դառնալ սպանության մոտիվ։ Այդ մոտիվը, ըստ նրա կեղծ է, հորինված։

«Եթե սպանության մոտիվը սա լիներ Արթուրիկի ու Արտյոմիկի համար, բնականաբար որդուս մարմնական վնասվածքները չէի լինի տարբեր չափսերի դանակներ, եթե Արթուրն ինքն էր խփել և կոնկրետ իր մեջ էր հարց առաջացել Արտյոմի նկատմամբ, բնականաբար բազմաթիվ հարվածներ չէին լինի, և գործն էլ էդ աստիճան կոռումպացված չէր լինի։ Կլիներ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մաս, ձեռք բերված ապացույցներն ու հանգամանքները կհամընկնեին դեպքի հանգամանքների հետ, բայց ներկա պահին դեպքի հանգամանքներն ու փաստական հանգամանքները հակասում են մեկը մյուսին։ Սա պատվիրված սպանություն է, որն ունի հովանավոր»,- ասում է տուժողի մայրը։ Ըստ նրա, մոտ 13 և ավելի անձ է մասնակից եղել դեպքին, 12-ը հարցաքննվել են նախաքննության փուլում, իսկ դատավարության փուլում շատերը գտնվել են ՌԴ-ում, դիմել են փախուստի։

Ռուզաննա Ադանալյանի ասելով, ամբաստանյալը որևէ կապ չի ունեցել իրենց ընտանիքի հետ՝ ո՛չ թշնամական, ո՛չ բարեկամական, նրան հեռվից ճանաչել են որպես թաղի բնակչի։ Ռուզաննա Ադանալյանին (նա դեպքի օրը գտնվել է Երևանում), շրջապատից տեղեկություններ են հասել, որ ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանը թմրանյութի վաճառքով է զբաղվել ու դեպքի օրը թմրանյութ է բերել իրենց տուն, քանի որ այնտեղ եղել է մեկը, որը թմրանյութ է օգտագործել ու այդ պահին վատացել է։ Տարբեր հեռախոսազանգերի միջոցով հետաքրքրվել են, թե ո՞վ կարող է ունենալ թմրանյութ ու պարզել են, որ ունի Արթուր Մարտիրոսյանը։ Վերջինս, մեր զրուցակցի ասելով, սպասել է հաճախորդի, սակայն համաձայնել է տալ մեկ ուրիշի՝ եթե հաճախորդը ուշ գար կամ չգար։

«Այդ պատճառաբանությամբ ինքը եկել է դեպքի վայր՝ իր հետ բերելով թմրանյութ։ Ես սա կարող եմ հիմնավորել անգամ այն հանգամանքով, որ մեր տանը քննիչն անձամբ իմ ու աղջկաս աչքի առաջ մեր ճամպրուկից հանեց մոտ մեկ կիլոգրամ չորացրած զանգված թմրանյութի նմանվող, իմ աչքով դա տեսել եմ։ Ես ուղղակի այդ պահին էնքան ծանր հոգեբանական դրության մեջ էի, որ իմ աչքին ոչինչ չէր երևում, չնայած ես ասել եմ քննիչին, որ դու հանեցիր մեր տանից։ Բացի դրանից, մեր տանից հայտնաբերվել են ներարկիչներ՝ պիպետկաներ՝ լցոնված հաշիշներով ու մարիխուաննայի զանգվածներով, ես ինքս եմ միջնորդել, որ ուղարկեն դատաքիմիական փորձաքննության։ Փորձաքննությամբ տրվել է, որ՝ այո՛, այդտեղ եղել է թմրանյութ։ Իսկ մասնակիցների վերաբերյալ, որ պահանջել էի դատաքիմիական փորձաքննության կատարել արյան, մեզի ու մազի նմուշների հետ, քննիչը ուղիղ վեց ամիս իմ միջնորդությունը բանի տեղ չդրեց, մինչդեռ միջնորդությունը քննության առնելու հինգօրյա ժամկետ կա՝ կամ բավարարել, կամ մերժել։ Հինգօրյա ժամկետի փոխարեն հինգ ամիս հետո բավարարել է, ինձ տեղյակ էլ չի պահել ու միայն վեց ամիս հետո այս գործով անցնող որոշ անձանցից, ովքեր որ քաղաքում, երկրում են եղել, նմուշներ է վերցրել, ուղարկել է դատաքիմիական փորձաքննության, էն էլ շատ ուշ է եղել։ Դիտավորություն էր դա, որովհետև նման պայմաններում թմրանյութն արդեն մարդու օրգանիզմից դուրս է գալիս։ Ավելին, փորձագետին հարցաքննել է, այդ հարցաքննությունն առկա է քրեական գործում, փորձագետը պատասխանել է, որ կան թմրանյութի տեսակներ, որոնք 21 օր են մնում օրգանիզմում։

Ես նաև իմացել եմ, որ դեպքից 2-3 օր առաջ Հովհաննես Թոփչյանի ավտոտնակում մեծ վիճաբանություն է եղել էլի թմրանյութի հետ կապված մինչև գիշերը 2-ը, թաղի բնակիչները որոշակի տեղեկություն տվեցին ու դեպքին մասնակցել է նաև Արտյոմիս հայրը։ Այսինքն` դա ինչ-որ նախադեպ է եղել մինչև դեպքի տեղի ունենալը», -ասաց տիկին Ռուզաննան։ Մեր զրուցակիցն ասում է, որ դեպքից հետո իր տան գույքն ամբողջովին ոչնչացված էր, փոշու էր վերածված, հարուցվել է քրեական գործ ուրիշի գույքին ապօրինի վնաս պատճառելու վերաբերյալ, սակայն անհասկանալի պատճառներով կասեցրել են, նույնիսկ իրեն՝ որպես տանտիրոջ չեն հարցաքննել։ Նմանապես թմրանյութի հետ կապված հարուցել են քրեական գործ ու կասեցրել։

«Ես 2014 թվականի հոկտեմբերի 24-ին տունը հավաքել, տարբեր ճաշատեսակներ պատրաստել, մեկնել եմ Երևան։ Այդ ընթացքում անընդհատ խոսել եմ տնեցիների հետ՝ ով ուր գնաց։ Արտյոմիս հետ դեպքի օրը խոսել եմ 5․10 րոպեին, ասում էր՝ հիվանդ եմ, վատ եմ զգում, ջերմություն ունեմ, ասի՝ գնա հաց կեր, դեղ խմի, ասեց հայրս տանը մարդիկ է հավաքել՝ ինչ-որ հարցեր կան լուծելու, ինձ էլ զանգեց, կանչում է։ Ասեցի՝ մի գնա,ասեց՝ լավ դե, մամ ջան, մեր տունն են եկել, չգնա՞մ նայեմ ինչ կա։ Հետո զանգեցի, Արտյոմս այլևս չպատասխանեց հեռախոսազանգերին, պատասխանեց դեպքի մասնակից Ուստյան Մարիամը, ասեց, որ Արտյոմին Գյումրի բժշկական կենտրոն են տարել, հետո ում զանգում էի, անջատում էին հեռախոսը, ո՞վ է խելագար, որ ինձ այդ լուրը հայտներ», -արտասվելով պատմում է Ռուզաննա Ադանալյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031