Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27»-ի գործով համաներման խոստումով մեծ գումա՞ր է վերցվել դատապարտյալի մորից և գործը չի արվե՞լ

Օգոստոս 02,2017 22:22
Dro gorc

Օգոստոսի 2-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ ընթացող Թերեզա Սարգսյանի գործի դատական քննությունը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 25-ը, որպեսզի հաջորդ դատական նիստին ներկա գտնվի «Հոկտեմբերի 27»-ի գործով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը (Վահան Իշխանյանի լուսանկարում նա սպիտակ վերնաշապիկով է):

Թերեզա Սարգսյան

Մեղադրանքի համաձայն՝ Թերեզա Սարգսյանը խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ՀՀ կառավարությունը քայքայելու նպատակով՝ Նաիրի Հունանյանի խմբում ընդգրկված և 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ի նիստերի դահլիճի վրա հարձակում գործած, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանի մորը՝ Թերեզա Օհանյանին, 2012 թվականի օգոստոս ամսին նրանց ընդհանուր ծանոթ՝ Վարսիկ Մկրտչյանի միջոցով վստահեցրել է, որ կարող է կարգավորել որդուն ՝ ՀՀ նախագահի կողմից ներում շնորհելու հարցի լուծումը, ինչի դիմաց պահանջել և 2012 թվականի օգոստոսից մինչեւ հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Թերեզա Օհանյանից մաս-մաս ստացել է 12 հազար ԱՄՆ դոլար:

Aravot.am-ի հետ զրույցում Թերեզա Օհանյանը ասաց, որ սկզբնական շրջանում Թերեզա Սարգսյանի խոսքերի փոխանցողը եղել է Վարսիկ Մկրտչյանը, որը մերսուհի է և երկուսի հետ էլ մտերիմ հարաբերություններ է ունեցել. «Վարսիկը ինձ զանգեց՝ թե Թերեզան «պրեզիդենտի ապարատի» հետ հարաբերությունների մեջ ա, միշտ այդպիսի գործեր ա անում, ես էլ ասեցի, Վարսիկ ջան ես էդ ուժը չունեմ և նման բաների մեջ էլ չեմ մտնում: Վարսիկն ասեց, որ Թերեզան գումար չի ուզում, ուղղակի համաներում ա լինելու և եթե Էդուարդ Գրիգորյանի դատավճռի «կոպիան» տաք, տանեմ իրենց ցույց տամ և պարզվի, որ ինքը էնպիսի վիճակում ա, որ կարելի ա օգնել, նոր ես կգամ»:

Նույն օրը, ըստ Թերեզա Օհանյանի, դատավճռի պատճենը փոխանցել է Թերեզա Սարգսյանին. «2 օր հետո ինքն ա ինձ զանգում, ասում, որ հավանություն են տվել, քանի որ Էդուարդ Գրիգորյանը ներսում չի եղել, զենք չի ունեցել և որպես բժիշկ բուժօգնություն է ցուցաբերել հնարավոր է համաներում շնորհել, բայց ասաց, որ փաստաբանը պետք է աշխատի եւ 2 հազար ԱՄՆ դոլար տալ գործի համար: Հետո հազար 200 դոլար տվեցի իրեն մեքենայի մեջ, որտեղ կար մի աղջիկ և վարորդը, ասեցի, դու էդ տուր, թող անեն, ես մնացածը կլրացնեմ»:

Մնացած 8 հարյուր դոլարը Թերեզա Օհանյանի ասելով՝ որդու միջոցով փոխանցել է Վարսիկ Մկրտչյանին, որից էլ Թերեզա Սարգսյանը վերցրել է գումարը:

Այնուհետև Թերեզա Օհանյանը պատմեց, որ Վարսիկի հետ Թերեզա Սարգսյանը գնացել է իրենց շենքի մոտ, հանդիպել եւ ասել է, թե իրեն հալածում են, որ ինքը տանը չի գիշերում, ահաբեկում են, ասում են, որ քո հարցերն էլ կլուծենք, Էդոյին մեծ վնաս կտանք, որից Թերեզա Օհանյանը վախեցել է, և որպեսզի գործը ավարտին հասցվի 20 հազար դոլար ևս անհրաժեշտ է. «Էնքան խոսեցին, որ հավատացի, որ սա շանս ա, բայց ասեցի, որ 20 հազար դոլար չեմ կարող, գոնե 10 հազար դոլար»,-ասաց Թերեզա Օհանյանը՝ ավելացնելով, որ հաջորդ առավոտ, որդու միջոցով, գումարը փոխանցել է Վարսիկ Մկրտչյանին, որն էլ իր հերթին փոխանցել է Թերեզա Սարգսյանին՝ վերջինիս վարորդի ներկայությամբ:

«Գումարը ստանալուց հետո անհետացավ, հետո Վարսիկին ասում էր, որ միևնույն է հիմա էլ, որ չլինի, 2015 թվականի ապրիլին մեծ համաներում ա սպասվում, բայց թող էն մնացած 10 հազար դոլարն էլ վճարի: Ես էլ ասեցի, որ թող գործը արվի մնացածն էլ կտամ: Դրանից հետո զանգերիս էլ չի պատասխանում»,-նշեց Թերեզա Օհանյանը:

Վարսիկ Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նա Թերեզա Սարգսյանին գիտեր որպես օրինական ձևով գործեր անող, արդարությունը վերականգնող, քրեական հոդվածներ լուսաբանող լրագրող:

Վարսիկ Մկրտչյանի փոխանցմամբ, երբ Թերեզա Սարգսյանին ասել է, որ էդ մարդկանց գումարը հետ վերադարձրու, վերջինս պատասխանել է, որ այ դու էլ իրենց նման տեռորիստ ես եւ անձնական վիրավորանքներ է ուղղել Վարսիկ Մկրտչյանին:

Տուժող Թերեզա Օհանյանի խոսքերով՝ այս գործի մասին իմացել է Էդուարդ Գրիգորյանը իր որդու միջոցով, որը պատահաբար լսել էր տատիկի հեռախոսազրույցները եւ բողոք ներկայացրել:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031