Այցելել են Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կնոջը

Այցելել են Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կնոջը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը նախօրեին այցելել է Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի կնոջը, որը մեղադրվում է ամուսնուն քնած ժամանակ կացնահարելու համար:

Արայիկ Զալյան

Խմբի ղեկավար Արայիկ Զալյանը «Առավոտ» օրաթերթին պատմեց, որ այցելության նպատակն է եղել պարզել՝ արդյոք ամուսնու սպանության մեջ մեղադրվող կինը խնդիրներ ունի՞ քրեակատարողական հիմնարկում պահման պայմանների հետ կապված, թե՞ ոչ:

Պարոն Զալյանի խոսքով՝ դիտորդական խումբն արձանագրել է՝ սպանված խորհրդականի կինը առողջական խնդիրներ ունի, հուզական ծանր վիճակում է, մարմնի վրա կան բռնության հետքեր: Թե ինչ առողջական խնդիրներ ունի քրեակատարողական հիմնարկում գտնվող կինը, պարոն Զալյանը չցանկացավ ասել՝ պատճառաբանելով, որ նախաքննություն է ընթանում:

Մեր հարցին՝ կնոջ վրա ի՞նչ բռնության հետքեր կային, պարոն Զալյանը կրկին չմանրամասնեց: Թեեւ նա խոստացավ ավելի ուշ որոշակի մանրամասներ հաղորդել այցելությունից կատարած իր գրառումները աչքի անցկացնելուց հետո, բայց հեռախոսն անջատեց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Aravot.am-ը տեղեկացրել էր, որ սպանության մեջ մեղադրվող տիկինը բժշկական կրթություն ունի, բայց չէր աշխատում: Նա վաստակաշատ բժիշկ Արամ Մկրտչյանի դուստրն է: Մկրտչյանի անունով է անվանակոչվել Արմավիր բժշկական կենտրոնը:

«Առավոտ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարզպետի սպանված խորհրդականի կնոջ եղբայրն էլ է հայտնի բժիշկ, նա աշխատում է Արմավիր բժշկական կենտրոնում: Ի դեպ, նա մեզ հետ հեռախոսազրույցում հրաժարվեց դեպքի մասին խոսել՝ խնդրելով իրեն հանգիստ թողնել, թողնել, որ ինքն իր գործն անի:

Արմավիրի մարզպետի տեղակալ Գագիկ Գաբրիելյանն էլ մեզ հետ զրույցում իր սպանված գործընկերոջ հնարավոր բռնարար լինելու մասին տեղեկությունները ո՛չ հերքեց, ոչ էլ հաստատեց. «Շփվել եմ աշխատանքում, շատ նորմալ աշխատանքային գործընթաց է եղել, մնացած ընտանեկան բռնությունների մասին տեղեկատվություն չունեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

04.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք