Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու գեղեցիկ օրիորդներ, պատահական թակելով մեր դուռը, փոխեցին մեր կյանքը» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Օգոստոս 04,2017 19:11

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի պետական համալսարանի մագիստրոսների դիպլոմները հանձնելու ժամանակ բուհի աշխատակիցների, ուսանողների և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կողմից  բանալիներ հանձնեցին Խաչատրյանների անօթևան ընտանիքին։ Ընտանիքը բաղկացած է հինգ անդամից, 20 տարի շարունակ ապրել է տնակի մեջ։ Խաչատրյաններն ունեն երեք դուստր, որոնցից երկուսը սովորում են Գյումրու պետական համալսարանում։

Այսօր «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել  եպիսկոպոս Աջապահյանի, խորհրդի  մյուս անդամների՝ մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ  Ֆելիքս Գրիգորյանի, Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի, մարզպետարանի ու քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ  առանձնատունը հանձնվեց անօթևան ընտանիքին։  Առանձնատունն, ի դեպ, Գյումրու ամենակենտրոնական հատվածում է։

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանն, անօթևան ևս մեկ ընտանիքի սոցիալական բնակարան նվիրելու նախաձեռնությունը Գյումրու պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմինն ու շրջանավարտ-ուսանողներին էր։ Նրանք 3 միլիոն 250 հազար դրամ գումար են փոխանցել  հիմնադրամին՝ խնդրելով բնակարան ձեռք բերել այնպիսի մի ընտանիքի համար, որոնք ուսանողներ ունեն բուհում։ Գումարի մի մասն էլ ներդրել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը։

Տանտիրուհին՝ Գոհար Խաչատրյանն էլ պատմեց, որ սա իրենց համար եղել է անակնկալ, մի օր Շիրակի պետական համալսարանի երկու ուսանողուհիներ պատահական այցելել  են իրենց, նկարել են տնակը թե՛ ներսից, թե՛ դրսից, իսկ որոշ ժամանակ անց հայտնել, որ դուք այլևս տնակում չեք ապրելու՝ բնակարան ունեք։ «Երկու գեղեցիկ օրիորդներ ճիշտ է իրենց աշխատանքն էին կատարում, բայց մեզ հույս բերեցին, բնակարանի հույս։  Իրենց հեռանալուց հետո մենք  հասկացանք, որ հրաշքներ կատարվում են», -ասաց տանտիկինը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031