Լրահոս
Օրվա լրահոսը

Զենքով դեպի Եվրոպա՞ ու արեւմտյան արժեքնե՞ր

Օգոստոս 05,2017 12:00

Զինված խմբին «ժողովրդավարի» քողի ներքո արդարացնողներն իրենք պետք է գիտակցեն, որ դրա հետեւանքները նախեւառաջ իրենց համար են ծանր լինելու

«Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց՝ հուլիսի 17-ին, զոհված երեք ոստիկանների հիշատակի արարողության ժամանակ ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանի գնահատականը, որ «Սասնա ծռերի» գործողությունները ահաբեկչություն էին, այնուհետեւ Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցը «Առավոտ»-ին, որոշների մոտ կրքեր բորբոքեցին:

Մինչեւ այս տարվա հուլիսի 17-ը, կարելի է ասել, շատերն իրենց «առաքելությունն» իրագործած, ազգի առջեւ իրենց «պարտքը» կատարած էին համարում «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից հարձակումը, ոստիկանների սպանությունը արդարացնելու ճանապարհին: Ու այստեղ կապ չունի, թե իրավապահներն ինչ հոդվածներով են այսօր դատում զինված խմբի անդամներին: Խնդիրը երեւույթները յուրովի, ըստ հարմարության մեկնաբանելու մեջ է:

Հոկտեմբերի 27-ի «հերոսներն» էլ էին իրենց պատկերացմամբ` երկրում «արդարություն» հաստատում: Որոշներն էլ արդարացնում էին 2008թ. Մարտի 1-ին թափված արյունը: Բայց ո՛չ Հոկտեմբերի 27-ի սպանդն իրականացրածներն էին «հերոս», ոչ էլ 2008թ. Մարտի 1-ին 10 խաղաղ քաղաքացիների սպանության հրաման տվողներն ու իրականացնողները: Բռնությունները, սպանությունները ցանկացած կողմի կատարմամբ անընդունելի են, հակասում են ժողովրդավարության ձգտող երկրի կանոններին եւ մշտապես դաժան քննադատության են արժանի:

Գո՞հ են մեր երկրի քաղաքացիները այսօրվա իշխանությունից: Միանշանակ` ո՛չ: Դա բավարա՞ր հիմք է, որպեսզի իրենց պատկերացմամբ` «արեւմտյան արժեքներին» հավատարիմները, զինված խմբի արարքներից ոգեւորված, «կրակի վրա յուղ լցնեն» ու ձեռքերը շփելով ասեն` «ուրիշ ելք չեն թողել, թող զենքը վերցնեն, իշխանության գլուխը ջարդեն, լավ են անում, հասնում է էս իշխանությանը, թող սատկացնեն, իսկ մենք նրանց արարքն «ապստամբության», «ընդվզման» կամ «դիմադրության» իրավունքի տակ կսղացնենք»:

Երբ երկրում սոցիալական ծանր իրավիճակից արդարացիորեն դժգոհող քաղաքացիներն ունեն նման տրամադրություններ, դա դեռ ինչ-որ առումով կարելի է հասկանալ, եւ այստեղ իշխանությունները լրջորեն մտորելու առիթ ունեն, եւ ոչ միայն մտորելու, այլեւ վերջապես «դասեր քաղելու» ու գործելու` ի շահ ՀՀ քաղաքացիների:

Որ հիմնականում քաղաքակիրթ ու ժողովրդավարական երկրներում բնակվող «хаиренасер»-ներն են սոցիալական ցանցերում առցանց «պայքարում», «շիրա տալիս» ՀՀ քաղաքացիներին` «хелек паикарек», նրանց էլ կարելի է ներել, քանի որ նրանցից շատերը հայրենիքը պատերազմի տարիներին են լքել` որպես թունդ «хаиренасер»: Կարելի է հասկանալ նաեւ Սփյուռքի այն ներկայացուցիչներին, որոնք անկեղծորեն ցանկանում են Հայաստանը զարգացած, ծաղկող պետություն տեսնել, որքան էլ անհասկանալի լինի հայրենիքի հանդեպ որոշների սերը` մի քանի տարին մեկ հայրենիք գալու` բացառապես Արարատի ֆոնին «պատկեր մը քաշվելու» նպատակով:

Ամենամտահոգիչը, սակայն, այն է, որ քաղաքական, քաղաքացիական որոշ խմբերն իրենց գործն անում են «ժողովրդավարի» քողի ներքո: Բայց նրանց դեպքում էլ արդեն զարմանալու բան չկա: Քաղաքականապես սպառված, հասարակական աջակցությունից ու վստահությունից զրկվածներին էլ ի՞նչ է մնում, եթե ոչ «պղտոր ջրում ձուկ որսալ»:

Անցյալ տարի հուլիսին ՊՊԾ գունդը գրավելուց մի քանի օր անց Խորենացի փողոցում հայտնվեցին «Համախմբում» կուսակցության անդամները` Վարդան Օսկանյանի ուղեկցությամբ: Մարտի 1-ին թափված արյան պատասխանատուներից մեկի «ուղերձը» խոսուն էր. «Սա քաղաքական ակցիա է», «ՊՊԾ գնդի տարածքը գրավողները «հանցագործներ չեն»: Արդարացումը նույնն էր` «իշխանությունն է տարիներ շարունակ «ուժով հարցեր լուծել»՝ այլ ելքեր չթողնելով քաղաքացիներին»: «Ինձ եթե հարցնեք՝ ես ո՞ւմ կողքին եմ, ես այդ տղաների կողքին եմ: Դա նշանակում է, որ ես ասում եմ, որ ժողովրդի կողքին եմ: Արյունահեղություն պետք չէ թույլ տալ, այդ տղաների հետ պետք է նստել, բանակցել»,- «Ազատությանը» տված հարցազրույցում ասում էր Վարդան Օսկանյանն ու հավելում. «Այդ տղաները չեն հանձնվելու, կարող են ինչ-որ ծայրահեղ քայլերի գնալ, եւ սա մեզ պետք չի, որեւէ մեկին պետք չի: Դրա համար էլ իշխանություններն իրենք պետք է ասեն՝ այո, մենք սա տեսնում ենք որպես քաղաքական խնդիր, իրավական հետեւանքներ կարող են լինել, ու բերել քաղաքական հարթություն: Հենց որ բերում ես քաղաքական հարթություն, երկրորդ խնդիրը, որ պետք է դնես՝ որ այստեղից հաղթողներ, պարտվողներ չլինեն: Երկու կողմին էլ արժանավայել ելք տալ, բայց՝ փոխադարձ ընդունելի ինչ-որ տարբերակով: «Հրաժարական» բառից պետք է խուսափել: Բայց որ սա նաեւ սկիզբ պետք է լինի մի գործընթացի, որ երկրում արմատական փոփոխություններ լինեն, դա կլինի կոնկրետ կառավարության նոր տեսքով, ընդհանրապես՝ նոր ընտրություններով, ես չեմ ուզում կոնկրետ իմ մոտեցումը բացել»:

ՊՊԾ գնդի զինված գրավումն ու ոստիկանների սպանությունը «քաղաքական ակցիա» որակելը, «նոր կառավարության ձեւավորման» պահանջն ակնհայտորեն որոշների համար դարձավ սեփական քաղաքական նպատակները շանտաժով եւ արյան վտանգի սպառնալիքով առաջ տանելու համար բավական հարմար առիթ: Իսկ որ իրավիճակն իսկապես վտանգավոր ու պայթյունավտանգ էր` արձանագրում էր, օրինակ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը հուլիսի 28-ին կուսակցության գրասենյակում կայացած մամուլի ասուլիսից հետո մի խումբ լրագրողների հետ զրույցում ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադառնալով` նշել էր. «Ազատամարտիկներն իրենց մոտ ունեն հսկայական ծավալի զենք եւ զինամթերք: Այնպես պետք է քայլերը կառուցվեն, որ երբ ժողովուրդը եւ ազատամարտիկները իրար հանդիպեն, այդ զենքը եւ զինամթերքը վերահսկելի լինեն, որովհետեւ չի կարելի թույլ տալ, որ ժողովրդի հետ խառնված «կրիմինալի» ձեռքին այդքան ծավալի զենք հայտնվի»: Հետաքրքիր է` ո՞ւմ կողմից «վերահսկելի» լինեին…

Չուշացավ «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը հենց նույն օրը, որում հստակ արձանագրվեց. «Սասնա ծռերը» հակաահաբեկչական խումբ է»: «Ժառանգությունը» պահանջում էր իշխանություններից վերսկսել բանակցությունները ՊՊԾ գունդը գրավածների հետ, ձեւավորել «ժողովրդական վստահության ժամանակավոր կառավարություն, որը կնախապատրաստի եւ կանցկացնի արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ», եւ կոչ էր անում քաղաքացիներին դուրս գալ փողոց:

Տարօրինակ ժամանակներում ենք ապրում. Մարտի 1-ի պատասխանատուները ու վերջիններիս անօրինականությունների դեմ հանդես եկող մարդու իրավունքների երբեմնի պաշտպանները, ԱՄՆ-ի Ֆլեթչեր դիվանագիտական դպրոցներում, Թաֆթսի համալսարաններում ժողովրդավարության սկզբունքների, արեւմտյան արժեքների մասին կրթություն ստացածները մեկ տարի է՝ ուս-ուսի տված, միահամուռ ուժերով պաշտպանում են մի խմբավորման, որը Հայաստանում զենքով պայքարի մշակույթի հաստատման փորձ է արել: Հետեւաբար ինչո՞վ են նրանք տարբերվում խաղաղ հանրահավաքի մասնակցող ՀՀ քաղաքացու, լրագրողի դեմ բիրտ ուժ կիրառող քննադատության արժանի իշխանության ներկայացուցիչներից: Թե՞ չպետք է տարբերվեն:

1988-ին իսկական զարթոնք ապրած մեր քաղաքացիների մտքով այն ժամանակ կանցնե՞ր, որ Հայաստանի անկախացումից տարիներ անց քաղաքական, քաղաքացիական ուժերի դեգրադացիայի այս աստիճան անկում ենք ունենալու: Հետո ինչո՞ւ են զարմանում ու դեմքի լուրջ արտահայտությամբ դատողություններ անում երկրում քրեածին մտահոգիչ իրավիճակի մասին ու ինքնադատաստանի փորձերի «դրդապատճառները» վերլուծում: Թե՞ միշտ կարելի է ամենահարմար արդարացումը մատնանշել` «իշխանությունն է մեղավոր»: Բայց արդյոք միայն իշխանությո՞ւնն է մեղավոր…

Զինված խմբին «ժողովրդավարի» քողի ներքո արդարացնողներն իրենք պետք է գիտակցեն, որ դրա հետեւանքները նախեւառաջ իրենց համար են ծանր լինելու, քանի որ իրենց պահվածքով բռնել են մարգինալացման հետեւողական ճանապարհը: Միայն ափսոս, որ նրանք էլ իրենց հերթին, իրենց ուժերի չափով են նպաստում ժողովրդավարությունից Հայաստանի հեռացմանը, քաղաքակիրթ աշխարհից Հայաստանի մեկուսացմանն ու ԵԱՏՄ-ական երկրներին բնորոշ «բարի ավանդույթների» ձեւավորմանը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 04.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Araqel says:

    Էմմա Գաբրիելյան-
    Շատ անսպասելի էր իմ համար ձեր մոտեցումերը:
    Հաճելիորեն զարմացած եմ
    Շնորհակալություն

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031