Անկազմակերպ նախանձ

Անկազմակերպ նախանձ

Ես ինչպե՞ս հերքեմ մեր շարունակական նախանձը մեր հանդեպ, մեր ներսում, ինչպե՞ս…

Այնինչ, կարծես թե վաղուց պետք է համոզվեինք, որ ճակատագրի հետ չի կարելի շարունակ խաղ անել, քանի որ դա մի օր կձանձրացնի ճակատագրին, ինչի փորձը մենք ունենք, բայց ոչ մի կերպ չենք համոզվում, չենք հաստատում մեր եզրակացությունը՝ մեր վարքով ու գործով:

Երթի ի՞նչ ճանապարհ ենք ընտրել մենք մեզ համար, կամավո՞ր, թե՞ պարտադրված. պարտադրում են դրսից, ընտրում կամ համակերպվում ներսից: Իսկ պարտադրված ճանապարհը երբեք չի տանի այն հանգրվանը, որ ցեղի երազն էր, և երբևիցե մեր ազգի շահի համար չի արժևորվի, քանի որ մի անգամ ընդունված պարտադրանքն իր հետևից պարտադրանքներ է բերում և այդպես շարունակ…

Մինչդեռ մենք այնքան մտածելիք ու անելիք ունենք…

Եվ ես հիմա ուզում եմ մի պահ, թողած ներսի նախանձը, շրջվենք ու նայենք մեր հարևան թուրքերին և չկայացած թուրքերին, որոնք ոչ միայն մեղավոր են, այլ նաև մեղք են իրենց զավթած բախտի մեջ…

Այո՛, մեղք եք, տղերք, մեր հարևան թուրքեր, մեղք եք: Ազնիվ չեք ոչ միայն ձեր հարևանների դիմաց, այլեւ արդար չեք նաև ինքներդ ձեր առջև:

Բայց մենք, ի տարբերություն ձեզ, ի սկզբանե տաճարներ ավերող չենք եղել, գիրք ու նկար չենք այրել, մենք տաճար կառուցող ենք եղել, գիրք ստեղծող, որոնց պտուղները մինչև այսօր էլ դուք վայելում եք, ինչպես նաև խոսում Հակոբ Դիլաչարի` ձեզ նվիրած լեզվով և աշխարհին ծանոթանում նրա ստեղծած հանրագիտարանով, ով, ի դեպ, ազգությամբ հայ էր և Մուսթաֆա Քեմալին ինքն էր անուն տվել՝ Քեմալ Աթաթուրք:

Զարմանում եմ, մի՞թե ձեր հիշողությունը այդքան կարճ է, թե՞ վախենում եք հիշել. ձեր լեզվով գրված առաջին օպերան, առաջին թատրոնը, Ստամբուլի հիասքանչ տաճարները, որոնցով ներկայանում եք աշխարհին: Մի՞թե չգիտեք, թե ովքեր են դրանց հեղինակները:

Չէ, տղերք, դուք հաստատ վախենում եք հիշել: Եվ հիմա ինձ սկսել է թվալ, որ դուք ձեր տան մեջ էլ վախով եք ապրում, վախենում եք քրդերից, հայերից, հույներից, ընդհանրապես անհանգիստ ու ջղային եք ապրում:

Դժվար եք ապրում, տղերք: Քանզի դուք էլ հստակ տեսնում եք, որ ամեն նորածին թուրք երեխայի ճակատին արյան խարան կա, չնայած այդ անմեղ երեխան բոլորովին մեղք չունի. նրանց ճակատի արյունը իրենց պապերի թողած հետքն է, որը ոչ մի կերպ հայրերը չեն ընդունում, չեն հաստատում և չեն ուզում մաքրել: Մեղք են ձեր երեխաները, ազնիվ խոսք, մեղք են:

Դուք էլ եք մեղք, որ վախով եք ապրում ձեր տանը, քանզի ոչ թե ձեր տունն եք պաշտպանում, այլ պաշտպանում եք ձեր թալանը: Եվ մեղավոր մարդու անկազմակերպ հանդգնությամբ նախահարձակ եք. հավաքվում ու փորձում եք բարձր գոռալ, որ ձեր մեջ խեղդեք տանջալի վախի` ձեզ անվերջ հալածող ալիքը:

Այո, մեր նոր սերունդը իր անելիքը ունի, և ձեր վախը այդ սերնդից է: Մեղք եք, մեր հարևան թուրք տղերք, դժվար եք ապրում, և ես ձեզ չեմ նախանձում:

Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

04.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք