Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմը որևէ շահ կամ նպատակ չի հետապնդում գերմանաթուրքական լարված հարաբերություններից

Օգոստոս 05,2017 14:33

«Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները շարունակում են սրվել»,- այս կարծիքին է  թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը: «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ պատմական էքսկուրս կատարելով`թուրքագետն ասաց. «Այս երկու պետությունների հարաբերությունները սրվեցին հատկապես 2016-ին, երբ Բունդեսթագի կողմից ընդունվեց Հայոց ցեղասպանությունը: Հարաբերությունների սրման պատճառ դարձավ նաև Թուրքիայում զինված հեղաշրջումը, որից հետո բազմաթիվ թուրք զինվորականներ փախուստի դիմեցին դեպի Գերմանիա և այնտեղ նրանց ապաստան տվեցին: Այս հարցերը բավական զայրացրեցին թուրքական կողմին և Թուրքիան որոշեց չթույլատրել գերմանական պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու իրենց զինվորներին»:

Բանախոսի կարծիքով, գերմանաթուրքական հարաբերությունների էլ ավելի սրացմանը, մասնավորաբար,  Թուրքիայի գերմանական ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ձերբակալությունների և հետապնդումների սաստկացումը, նպաստեցին նաեւ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում լարումները: «Այդ երկու երկրների հարաբերությունները ներկայումս գտնվում են ծայրաստիճան լարված մակարդակում, ինչն այնքան է մեծացել, որ գերմանական և թուրքական իշխանությունները կոչեր հնչեցնելիս անցնում են չափի սահմանը՝ միմյանց վիրավորելով»,- ասաց թուրքագետը`հավելելով, որ լարվածությունը հանգեցրեց նրան, որ Գերմանիան որոշեց ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ. «Արգելվեց թուրքական կողմին զենք վաճառելը և նրանց բոլոր տնտեսական և ռազմական նախագծերի հետագա զարգացումն արգելափակվեց: Գերմանիան իր քաղաքացիներին կոչ արեց լավ մտածել Թուրքիա գնալուց առաջ»:

Թուրքագետի կարծիքով՝ այս «կրակի վրա յուղ են լցնում» Նիդեռլանդները և Ավստրիան: Գերմանաթուրքական հարաբերությունների այս վիճակից, ըստ թուրքագետի, հայկական կողմը որևէ շահ կամ նպատակ չի հետապնդում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031