Նորարարական ծրագիր՝ միայն ու միայն Հայաստանի մասին

Նորարարական ծրագիր՝ միայն ու միայն Հայաստանի մասին

Մեր ժամանակներում յուրաքանչյուր ոք գիտի կամ որոշակի պատկերացում ունի այն մեծ քանակությամբ համալսարանների և կրթական հաստատությունների մասին, որտեղ հնարավոր է ստանալ օնլայն կրթություն: Վստահաբար կարելի է ասել՝ առցանց կրթական համակարգը գնում է զարգացման ճանապարհով, ամեն օր ավելանում է նոր հավելվածների թիվը, որոնց օգնությամբ հնարավոր է չկտրվելով առօրյա գործերից՝ թարմացնել և ավելացնել գիտելիքները ամենատարբեր ոլորտների և բնագավառների մասին: Բայց սա չի նշանակում, որ օնլայն համակարգը դուրս կմղի այսպես ասած օֆլայն կրթությանը, բայց սա գալիս է ապացուցելու և հաստատելու, որ օֆլայն հարթակում պետք է լինեն լրջագույն փոփոխություններ:

Օնլայն հարթակի ընձեռած հնարավորությունները սկսեց լայնորեն օգտագործել նաև մոսկվայաբնակ հայազգի երիտասարդ Արամ Ունանյանը: Նա արդեն հինգ տարի զբաղվում է հասարակական գործունեությամբ, մասնագիտությամբ իրավաբան է և հիմա աշխատում է որպես փաստաբանի օգնական: Արամը լավ գիտի, որ դրսում կարելի է լավ կարիերա և ապագա ունենալ, բաց դա բնավ էլ չի նշանակում, որ հնարավոր չէ հաջողությունների հասնել նաև հայրենիքում: Հայաստանում նա ստեղծել է «Բառարյան» հայագիտական ծրագիրը: Ծրագիրը վերջնական տեսքի բերելու համար Արամից մեկ տարի պահանջվեց, քանի որ հայոց պատմությունը ևս մեկ անգամ թերթելու, նոր գրաֆիկական լուծումներ գտնելու կարիք կար, բացի այդ պետք էր ընտրել այն սոցիալական հարթակը, որը կունենար ավելի մեծ տարածում և հասանելիություն օգտատերերի համար:

Արամ, ի՞նչը հիմք հանդիսացավ նման ծրագիր ստեղծելու համար:

-Այս ծրագիրը ծնունդն է կրթական ոլորտի հանդեպ իմ նախաձեռնողականությունից և հայացքներից, և դրանք հիմնականում կապված են եղել ամենատարբեր ծրագրերի և նախաձեռնությունների հետ, որոնք ես պետք է իրականացնեի ինչպես հանրային գործունեության, այնպես էլ համալսարանական ուսումնառության շրջանակներում: Այդպես ստեղծվեց մի կրթական ծրագիր, որին ես տվեցի mr.Bararyan անունը. մի մտացածին կերպար, որը կլինի ցանկացածի հայի կողքին և կասի նրան. «Ու՞ր ես գնում, հա՛յ, եթե չգիտես՝ երբ են ծնունդ առել և որտեղ են գտնվում քո երկրի լեռները, քո արմատները, և որ դու այդ ամենի մի մասնիկն ես, դա քո պատմության սկիզբն է»: Ահա այս բառերն էին իմ սրտում երկար ժամանակ, որոնք էլ ինձ ստիպեցին գտնել ժամանակակից մոտեցում և ձևեր՝ ներկայացնելու համար մեր երկրի պատմությունը, հոգևոր կյանքը, մշակույթը: Այդպես ստեղծվեց mr.bararyan ծրագիրը: Հիմա այն հասանելի է օգտատերերին ինստագրամյան հարթակում:

-Հիմա ո՞ր ուղղություններով եք հատկապես իրականացնում Ձեր գործունեությունը:

-Այս պահին գործում են երկու ուղղություններ՝ պատմական և գրականագիտական, շատ շուտով հասանելի կլինի նաև երաժշտական բաժինը, որտեղ ես կփորձեմ համադրել հայ ժողովրդական գործիքները ժամանակակից երաժշտական ուղղությունների հետ, օրինակ՝ Բիթ-բոքս, որով ես զբաղվում եմ ավելի քան տասը տարի: Հայոց պատմության բաժնում ես ներկայացնում եմ յուրահատուկ փոքրիկ տեսանյութ-դասախոսություններ և վիդեոդասեր, որոնց գլխավոր առանձնահատկությունը նյութի ներկայացման ոչ ավանդական ձևի մեջ է՝ հասանելի և հետաքրքիր պատմություններ մեր անցյալի և ծագման մասին: Շատերը ձանձրանում են կարդալ դասագրքային տեքստեր, mr.bararyan ծրագրի միջոցով կարելի է պարզապես նայել կամ լսել հիշարժան պատմություններ հայ ժողովրդի կյանքից: Իսկ ահա գրական մասում տեղ են գտել մեզ շատ հայտնի հայ գրողները, դերասանները, երաժիշտները և ինչու ոչ՝ հենց քաղաքական գործիչներն էլ օգտատերերին խորհուրդ են տալիս կարդալ իրենց նախընտրելի հայկական գրքերը, և յուրաքանչյուր օգտատեր հնարավորություն ունի ստանալ գիրքը որպես նվեր տվյալ քաղաքական գործչի կամ աստղի կողմից՝ նրանց իսկ մակագրությամբ:

-Ի՞նչ կարող եք խորհուրդ տալ այն ընթերցողին, ով հիմա կարդում է այս հարցազրույցը:

-Միայն մի բան հիշեք. ինչ հաջողությունների էլ հասնենք, ուր էլ լինենք, մենք պետք է մեզ զգանք Հայաստանի մի մասնիկը, անընդհատ զարգացնենք մեր գիտելիքները հայոց պատմության, գրականության, երաժշտության, մշակույթի ասպարեզներում, որը մեզ թույլ կտա հասկանալ Հայաստան երկրի էությունը: Երբ ապրում էի այլ երկրում՝ հայրենիքից հեռու, օտար միջավայրում զգում էի անլիարժեքություն, և այդ ժամանակ մանկության հիշողությունները տանում էին ինձ այնտեղ, որտեղ ես ոտաբոբիկ վազում էի, ծիրան քաղում, որտեղ բոլորը հարազատ էին, արևն այնքա՜ն մոտ էր ու տաք, բայց ճանապարհները տարան ինձ շատ հեռու և շատերին տարան: Հայրենիքից հեռու էլ կարելի է վազել ոտաբոբիկ և ծիրան ուտել, բայց զգացողությունը երբեք չի լինի նույնը, արևը անբացատրելի հեռու է թվում ու սառը, մարդիկ շատ հաճախ անհաղորդ են իրար ու անտարբեր: Ես մեծացա և մեծացան նաև նրանք, որ հեռացել էին, և իմ կարոտած սիրտը սկսեց ուրախանալ հայրենիքի պատմությամբ ու ազգային ժառանգությամբ, այն ամենը, ինչ կապված է Հայաստանի հետ, ինձ այսօր ձգում և հետաքրքրում է: Սակայն հեռացածներից շատերը այսօր չունեն նույն զգացողությունը, նույն ապրումները, և կարելի է ասել, այդ միտքը ինձ ստիպեց ստեղծել mr.bararyan ծրագիրը, որ, բնական է, ոչ բոլորին կկարողանա օգնել, բայց կվառի նրանց սրտերում մի փոքրիկ կայծ Հայաստանի նկատմամբ՝ լինեն նրանք ԱՄՆ-ում, Կամչատկայում, թե Փարիզում: Ես նրանց բոլորին կպատմեմ մեր երկրի, հուշարձանների, արքաների մասին, ես կփորձեմ նրանց նկարագրել իմ սիրելի ծիրանի համը, որը հուսամ՝ վաղ թե ուշ հայրենիքում կզգան նաև նրանք: Նշեմ, որ մյուս տարվանից պատրաստվում եմ մշտական բնակություն հաստատել հենց Հայաստանում:

Ա. Կարապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք