Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի կրթահամալիրի տնօրեն. «Իմ թիկունքին Սուրիկ Խաչատրյանը չէ, թիկունքիս մասնագիտությունս է»

Օգոստոս 07,2017 16:26

«2016թ. ապրիլին ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի համագործակցության արդյունքում աշխատանքից ազատվեց Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի տնօրեն Ռիտա Դավթյանը: 35 տարի տնօրեն էր, չնայած 65 տարեկան էր, ու ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ պիտի տնօրեն չաշխատեր, բայց ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի հրամանով՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր, որպեսզի զրոյից ստեղծված դպրոցը չկորցներ բարի համբավն ու անունը: Ռիտա Դավթյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դրդմամբ եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով ազատվեց: Մարինե Ղազարյանը վեց ամիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր, որից հետո լիցենզիա ստացավ: Ընդ որում` խորհրդի նիստում քվորում չկար` 8 անդամից 4-ն էր ներկա, սակայն նա, այնուամենայնիվ, դարձավ տնօրեն: Սուրիկ Խաչատրյանը կարգադրեց արձանագրություն կազմել ու հաստատել: Այդ ժամանակվանից ամուսնու` Վահրամի հետ դպրոցը դարձրել են ընտանեկան բիզնես: Կապանի արվեստի դպրոցում պահակ աշխատող Վահրամը ողջ օրը կնոջ մոտ է. տնտեսական հարցերով է զբաղվում ու գնումներ է անում, որի իրավունքը չունի: Ներկա պահին երեխաները դպրոցի ճամբարում են` Վահանավանքի տարածքում: Ցուցակով 45 երեխա է, բայց իրականում 20-ն են ճամբարում: Մենյուներում միս են գրում, բայց չեն տալիս, գրամներն են խախտում: Ըստ նոր կարգի՝ հատուկ դպրոցում սովորողների գիտելիքները ստուգվում են ամեն տարի, վերագնահատվում եւ պիտի ուղարկվեն հատուկ դպրոց, սակայն անօրինական պահում է, քանի որ ֆինանսները կկրճատեն: Մարինե Ղազարյանը տնօրենի ժ/պ էր նշանակվել 2016-ի ապրիլի 8-ին, տնօրեն` սեպտեմբերի 28-ին: Նրա նշանակվելուց մի քանի օր անց՝ հոկտեմբերի 8-ին «Լիսկան» ազատվեց մարզպետի պաշտոնից, սակայն վախեցան նրա հովանավորած մարդուն կպչել: Դպրոցի աշխատակիցները եւ երեխաների ծնողները վախենում են բողոքել, քանի որ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կա, ու չնայած «Լիսկան» այլեւ մարզպետ չէ, սակայն նրա ասածը օրենք է Սյունիքում»,- Aravot.am-ին այսպես ներկայացրին իրավիճակը: Խնդրի մասին բարձրաձայնողի անունը իր խնդրանքով, հասկանալի պատճառով, չենք նշում:

Aravot.am-ը վերը նշվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով կապվեց Մարինե Ղազարյանի հետ:

Տիկին Ղազարյանը նշեց, որ իր թիկունքին ոչ թե Սուրիկ Խաչատրյանն է, այլ իր կրթությունը, խելքը, գիտելիքներն ու մասնագիտական որակները, որոնց մասին, իր ձեւակերպմամբ, ողջ մարզը գիտի: «Նշված մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում: Իմ ամուսինը դպրոցում չի աշխատում, աշխատում է Հայռուսգազարդում, նա ընդամենը ինձ մեքենայով դպրոց է տանում եւ տուն է բերում, ի՞նչ է՝ դրա իրավունքը չունի՞: Ամուսինս պահակ չի ձեւակերպված ինձ մոտ, ես ունեմ 3 պահակ` Արամայիս, Արտյոմ, Վահե: Իմ պահակները միշտ էլ էդտեղ պահակ էին, ես որեւէ նոր պահակ չեմ ընդունել: Ինչ վերաբերում է ճամբարին, ստացել ենք 38 երեխայի թույլտվություն նախարարության կողմից, պարբերաբար ունենում ենք 37 երեխա, 35 երեխա, շաբաթ-կիրակի 20-25 երեխա, ինչի հիման վրա էլ կազմվում է մեր ճաշացանկը: Ճաշացանկում մսամթերքը պարտադիր է, երկու օր առաջ երեխաներին խորոված տվեցինք, շաբաթը մեկ անգամ տոլմա ենք տալիս պարտադիր: Կարող եմ ճամբարում գտնվող երեխայի ծնողի, դաստիարակի, խոհարարի հեռախոսահամար տալ, իրենից ճշտեք: Կարծում եմ, որ նման հերյուրանք տարածողները նախկին տնօրենի հարազատներն են, նախկին տնօրենն է, որին մի կերպ ենք թոշակի ուղարկել: Ընդհակառակը, երեխաները հիմա ավելի բարվոք վիճակում են, քան նախկինում: Ինչ վերաբերում է ընտանեկան բիզնես դարձնելուն, իմ բարեկամներից որեւէ մեկը դպրոցում չի աշխատում, կարող եք տարիֆիկացիան վերցնել-նայել: Այդ մասին գիտի նաեւ ԿԳ նախարարությունը: Այժմ ես աշխատում եմ նախկին տնօրենի քրոջ հետ, քրոջ աղջկա, եղբոր տղայի հետ: Ես կոնկրետ մատակարար ընկերության հետ եմ աշխատում, եւ կարիքը չկա, որ իմ ամուսինը գնումներով զբաղվի»,-ասաց դպրոցի ներկայիս տնօրենը:

Նա նաեւ հավելեց. «Իմ թիկունքին ոչ ոք էլ չկա, իմ թիկունքին իմ մասնագիտությունն է…Ընդ որում, երբ հատուկ դպրոցի տնօրենի հաստիքը պետք է ազատվեր, նախարարն ասաց, որ այդ տեղում պետք է լինի միայն մասնագետ մարդ, հոգեբան: Ամբողջ մարզը գիտի, որ ես մասնագիտությանս շնորհիվ եմ տնօրեն դարձել, իմ թիկունքին իմ խելքն է, գրագիտությունս …Այս դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ են, եւ իմ առաջ խնդիր եմ դրել ամեն հարց լուծել ըստ օրենքի, որ ճակատագրով դատապարտված երեխաները առավելագույնս խնամք ստանան իրենց կարիքի համապատասխան: Ես աշխատում եմ բոլորի ուշադրության կենտրոնում, աշխատում եմ բաց, դրա համար էլ նախկին տնօրենը չի կարողանում համակերպվել այդ օրինաչափ երեւույթի հետ, որ կատարվում է սերնդափոխություն, իսկ ինքը գնացել է վաստակած հանգստի: Նախկին տնօրենի նարկոման եղբոր տղան սոցիալական մանկավարժ էր ու կրթություն չուներ, քրոջ աղջիկը բարձրագույն կրթություն չունի, քոլեջ է ավարտել, սոցիալական մանկավարժ է աշխատում, քույրը Սպայի տնից մի ստից մանկավարժական փաստաթուղթ է բերել, դաստիարակ է աշխատում, ու պետք է ուղարկենք թոշակի, դրա համար էլ գրում են, բողոքում են: Դե տեսեք, թե ով էր դպրոցը ընտանեկան բիզնեսի վերածել…»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` syuniacyerkir.am կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031