Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ռուսաստանն՝ out, ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն՝ in, Թուրքիան՝ down

Օգոստոս 08,2017 22:00

Նոր պատժամիջոցների փաթեթը, որը ստորագրեց ԱՄՆ նախագահ Թրամփն օգոստոսի 2-ին, ուրվագծում է մի նոր փուլ միջազգային հարաբերություններում՝ կանխորոշելով փոփոխությունները նաեւ Հարավային Կովկասի եւ Սեւծովյան ավազանի անվտանգության ճարտարապետության մեջ առաջիկա տարիներին: Դա էապես եւ սկզբունքորեն փոխում է Հայաստանի վրա ազդող ուժերի հարաբերակցությունը եւ պաշտոնական Երեւանից պահանջում նոր քաղաքական կուրս, նոր ռազմավարություն, որը համարժեք կլինի այդ փոփոխություններին:

Պատժամիջոցները վերաբերում են երեք երկրների՝ Ռուսաստանին, Իրանին եւ Հյուսիսային Կորեային: Եթե Հյս. Կորեայի հարցում նույնիսկ Չինաստանը չի առարկում, ինչի մասին վկայում է շաբաթ օրվա միաձայն քվեարկությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում, որով կոշտացվում են պատժամիջոցներն ընդդեմ այդ ստալինիստական արգելոցի, ապա Իրանի եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «խմորը» դեռ շատ ջուր է խլելու:

Սերժ Սարգսյանի օգոստոսյան աշխատանքային այցը Թեհրան եւ մասնակցությունը Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը, որին նախորդեցին նրա ուշագրավ հարցազրույցները իրանական ԶԼՄ-ներին, վկայում է, որ պաշտոնական Երեւանն օբյեկտիվորեն այլեւս չի կարող ներկայիս տարածաշրջանային ստատուս քվոն ձեռնտու եւ բավարար համարել, կամ համարել, թե ոչինչ տեղի չի ունենում:

ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նույնպես մասնակցեց Ռոհանիի երդմնակալության արարողությանը, եւ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությանը Եվրոպայում այլ կերպ են վերաբերվում։ Իրանի ղեկավարությունը հրավիրեց Մոգերինիի ուշադրությունն այն փաստի վրա, որ միջուկային համաձայնագիրը կարող է վտանգվել, եւ ԵՄ-ն այս հարցում, որպես համաձայնագրի մասնակից՝ պետք է «ուշադիր լինի»։

Թրամփի վարչակազմը փորձում է վերանայման ենթարկել այն ամենը, ինչ արել է Օբամայի թիմը՝ լինի դա ներքին կամ արտաքին քաղաքականության մեջ, եւ Իրանի հետ ձեռք բերված պատմական համաձայնագիրը, ըստ ամենայնի, ա՛յդ համատեքստում է դարձել այդ վերանայման թիրախներից մեկը։ Համենայնդեպս, Վաշինգտոնի համառությունն Իրանի հարցում այլ ռացիոնալ բացատրության չի դիմանում։ Եվ եվրոպացիների շարունակական ընդառաջ քայլերն Իրանի ուղղությամբ ցույց են տալիս, որ Բրյուսելը մտադիր չէ հրաժարվել ոչ Իրանի հետ ձեռք բերված համաձայնագրից, ոչ էլ դրանից բխող՝ հետագա սերտ եւ լայնամասշտաբ համագործակցության հեռանկարներից։ Եվ ըստ ամենայնի, Թեհրանում եւս կարծում են, որ ընդհանուր շահի ձեւավորման գործընթացը ժամանակ է պահանջում, եւ կընտրեն միակ ճիշտ ռազմավարությունը՝ դա «ռազմավարական համբերությունն» է (Զ. Բժեզինսկու ձեւակերպումն է):

Մյուս կողմից՝ չնայած Վաշինգտոնի հռետորաբանությանն Իրանի հասցեին, ԱՄՆ-ը Հարավային Կովկասում եւ Սեւ ծովի ավազանում դիմում է քայլերի, որոնք դեռ ոչ լիարժեքորեն, բայց գալիս են լրացնելու այն բացը, որը մշտապես խոչընդոտել է Արեւմուտքի եւ Իրանի քայլերին՝ ուղղված տարածաշրջանի՝ մեկուսացումից դուրսբերմանը, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետնաբակի կարգավիճակի փոփոխությանը եւ ընդհանրապես՝ տարածաշրջանի զարգացման վեկտորի եւ տրամաբանության վերանայմանը։ Դա անվտանգության բացն է: Վրաստանում տեղի ունեցող՝ ՆԱՏՕ-ի աննախադեպ զորավարժությունները, որին դաշինքի անդամ չհանդիսացող երկրներից մասնակցում են միայն Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան, բայց ո՛չ Ադրբեջանը, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի այցը Թբիլիսի եւ այդ այցի ընթացքում հնչած հայտարարությունները վկայում են, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ այլեւս հանդուրժել ռուսների քանդարար քաղաքականությունը տարածաշրջանում։

Դրան զուգահեռ, հետեւելով ՆԱՏՕ-ի ուժերի եւ միջոցների՝ Վրաստանի ուղղությամբ տեղաշարժմանը, դժվար չէ նկատել, որ Թուրքիան, չնայած իր մասնակցությանն այդ զորավարժություններին, դուրս է թողնված այդ տեղաշարժման լոգիստիկ սխեմաներից. ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը բուլղարական նավահանգիստներից անհրաժեշտ ուժերը եւ միջոցները տեղափոխում է նավերով դեպի Վրաստանի նավահանգիստներ, որտեղից էլ դրանք կամ գնացքով, կամ ավտոճանապարհներով տեղափոխվում են դեպի Արեւելյան Վրաստան՝ Վազիանի։

Օգոստոսի 6-ին Թեհրանում կայացած Սերժ Սարգսյան-Հասան Ռոհանի հանդիպման վերաբերյալ ՀՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունը վկայում է, որ առանձնազրույցի գլխավոր թեմաներն են Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքը Հայաստանի եւ Վրաստանի տարածքներով եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Ընդ որում, շեշտվում է, որ իրանական կողմը հանդես է գալիս հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման օգտին։

Այս ամենը գալիս է ձեւավորելու մի ջրբաժան, որ մի կողմում են տարածաշրջանի ներկայիս ստատուս քվոն փոխելու կողմնակիցները, մյուս կողմում՝ դրա հակառակորդները, չնայած ամեն կողմում առկա «ներքին» տարաձայնություններին։

Ընդ որում, պարզ է, որ հակառակորդներն ակնհայտ փոքրամասնության մեջ են, եւ ընդամենը կարող են դանդաղեցնել կամ խոչընդոտել ընթացքը, բայց ոչ որեւէ այլընտրանքային բան առաջարկել կամ առաջ տանել։ Բարդ չէ կռահել, թե ովքեր են այդ հակառակորդները՝ Ռուսաստանը եւ նրա բնական ու «հոգեհարազատ» դաշնակիցները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք Մոսկվայի ստրատեգները վերապահել են, համապատասխանաբար՝ Եվրոպայի եւ Կովկասի «սառցահատի» դերերը, եւ նրանց զենքով եւ տեխնոլոգիապես զինելով՝ փորձում են մխրճել Եվրոպայի եւ Կովկասի մարմնի մեջ։

Իսկ մնացած տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային սուբյեկտներին մնում է միայն համակարգել եւ միատեղել ջանքերը, որպեսզի վերջ դրվի այս աննորմալ վիճակին։ Նրանք բոլորն օբյեկտիվորեն այդ փոփոխության կողմնակիցներն են՝ Հայաստանը, Վրաստանը, Իրանը, Ուկրաինան, Արեւմուտքը, Պարսից ծոցի երկրները, Սեւծովյան երկրները…

… ՆԱՏՕ-ի առաջին գլխավոր քարտուղար (1952-57)՝ բրիտանացի գեներալ Հասթինգս Լայոնել Իսմեյը, բացատրելով այդ ժամանակ դեռ նորաստեղծ դաշինքի առաքելությունը երկու համաշխարհային պատերազմից ավերակի վերածված Եվրոպայում, տվեց բանաձեւը՝ «to keep the Russians out, the Americans in, and the Germans down», այսինքն՝ պահել ռուսներին Եվրոպայից դուրս, ամերիկացիներին՝ Եվրոպայի ներսում, իսկ Գերմանիան՝ զսպել:

Քսանհինգամյա հետխորհրդային անկայունությունը, արյունահեղությունները, սառեցված կոնֆլիկտները, ֆրագմենտացիան, որի շահառուն միայն Ռուսաստանն է, այս ամենը հաղթահարելու համար մեր տարածաշրջանում ուրվագծվել է այլընտրանքը չունեցող միակ ռացիոնալ ռազմավարությունը, որը կարող է ապահովել այս մարտահրավերների հաղթահարում. Ռուսաստանը՝ out, ՆԱՏՕ-ն՝ in, Թուրքիան՝ down: Եվ այդ ռազմավարության թիրախում են ոչ միայն Կովկասը, այլեւ Սեւ ծովի ավազանը:

Եվ իմաստ չունի ուշադրություն դարձնել պաշտոնական Երեւանի անիմաստ հռետորաբանությանը, որով Ռուսաստանին իբր «բան են հասկացնում». է՛լ «մեր ռազմավարական դաշնակից», է՛լ «ԵՏՄ», է՛լ «Հայաստան-Իրան…- Ռուսաստան» եւ այլ հակատրամաբանական, հակաբանական եւ հակաբնական բաներ: Ռուսաստանն էլ ի՞նչ անի ապացուցելու համար, որ ինքը ոչ թե նրա համար է, որպեսզի Հայաստան-Իրան հարաբերությունները ձեռք բերեն ռազմավարական մակարդակ, այլ որպեսզի ոչ մի դեպքում ձեռք չբերեն: Եվ մեր խողովակների վրա «թառած» «Գազպրոմն» էլ նրա համար չէ, որ Իրանից եկող գազի համար Հայաստանը դառնա տարանցիկ, այլ որպեսզի չդառնա:
Երբ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, իսկ այնուհետեւ ներկայիս գումարման ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջարկ հնչեցրին Հայաստանի՝ ԵՏՄ կոչվածից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ, ընդդիմախոսները սկսեցին խոսել «պատասխանատվության», «չշտապելու», «հապշտապ քայլերից զերծ մնալու մասին»: «Մեր հարաբերությունները խորացնելու եւ ընդլայնելու» կամ տարբեր կարգի «ոչ-ոչ»-երի վերաբերյալ զառանցանքը մի կողմ դնելով, այնուամենայնիվ, պետք է լավ պատկերացնել, որ եկել է պատասխանատու որոշումներ ընդունելու պահը: Եվ ոչ թե Քոքոբելյանն ու Մարուքյանն են «անպատասխանատու», այլ ուղղակի հարց է ծագում՝ այդ ամենը մենք մտադի՞ր ենք իրականություն դարձնելու, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա պետք չէ խաբել ոչ մեզ, ոչ էլ իրանցիներին, եւ պետք է դադարեցնել այդ խոսակցությունները: Իսկ եթե այո, ապա պետք է չեզոքացնել խոչընդոտները, որոնց պատճառով այս ամենն իրականություն չի դառնում, իսկ այս դեպքում պետք չէ խաբել ոչ ռուսներին, ոչ էլ դարձյալ մեզ: Եվ նույնիսկ իմաստ չունի քննարկել, որ «միգուցե փորձենք համադրել շահերը» ռուսների հետ, ԵՏՄ-Իրան պայմանագիր կնքենք… Իրանը Կասպից ծովով ուղիղ ճանապարհ ունի դեպի Աստրախան, եւ Հայաստանի «միջնորդության» կամ «կամուրջի» կարիքը չունի ուղղակի պարզ աշխարհագրական պատճառներով, էլ չասած այն մասին, որ մեկը լինի՝ Հայաստանի համար «կամուրջ» դառնա դեպի այդ «ԵՏՄ»-ն, որի հետ մենք նույնիսկ սահման չունենք…

Հայաստանի քայլերն ի սկզբանե կարիք ունեն մի բանի՝ տրամաբանության եւ ռազմավարության, որոնց նրանք պիտի ենթարկվեն: Մնացածը քննարկելի է:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

08.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    «…Ռուսաստանը՝ out, ՆԱՏՕ-ն՝ in, Թուրքիան՝ down…». Որ երկիրն է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային «down» անելու՝ ՀՀ-ն, ԱՄՆ-ը թե եվրոպական երկրները… Մնացած հարցերը կախված են սրանից:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031