Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. մրցույթի չկայանալը նշանակում է, որ թվային հեռարձակման հանրային ցանցն անորոշ ժամանակով պահպանելու է իր մենաշնորհ դիրքը

Օգոստոս 08,2017 15:40

Օգոստոսի 4-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը չկայացած է հայտարարել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար իր կազմակերպած մրցույթը՝ սահմանված ժամանակահատվածում (ս. թ. մայիսի 2-ից օգոստոսի 2-ը) դիմում չներկայացվելու հիմքով: Հիշեցնենք, որ նույն ճակատագրին էր արժանացել նաեւ անցյալ տարի անցկացված առաջին մրցույթը։

Այս փաստը վառ ապացույց է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսված՝ մասնավոր մուլտիպլեքսորի ստեղծման ու լիցենզավորման պայմանները չեն համապատասխանում հեռարձակման ոլորտի զարգացման արդի պահանջներին, համահունչ չեն այդ դաշտում առկա մարտահրավերներին, ինչպես նաեւ հրապուրիչ չեն ձեռնարկատիրության տեսանկյունից։ Մասնավորապես՝ անընդունելի է այստեղ փոքր ու միջին ձեռնարկությունների ձեւավորման բացառումը։ Օրինակ, այն օրենսդրական դրույթը՝ համաձայն որի մասնավոր մուլտիպլեքսորը պետք է ընդգրկի Հայաստանի ամբողջ տարածքը, իսկ համայնքային եւ մարզային ծածկույթ ունեցող մուլտիպլեքսոր չի նախատեսվում, ոչ մի լավ հեռանկար չի խոստանում ոլորտին։Վերոհիշյալ մրցույթի չկայանալը նշանակում է, որ թվային հեռարձակման հանրային ցանցը, այսինքն՝ պետական մուլտիպլեքսորը, անորոշ ժամանակով պահպանելու է իր մենաշնորհ դիրքը։ Բացի դա, զավեշտալի իրավիճակում են հայտնվում մարզերում գործող 10-ից ավելի այն հեռուստաընկերությունները, որոնք շարունակում են աշխատել անալոգային ռեժիմով եւ կարող են անցնել թվային հեռարձակման միայն մասնավոր մուլտիպլեքսորի առկայության դեպքում։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, բազմիցս բարձրաձայնել ենք այս խնդիրները եւ առաջարկել ենք դրանց լուծումները՝ սկսած 2010 թվականից, երբ, ըստ էության, ընդունվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենք, եւ հատկապես՝ 2015թ. դեկտեմբերի 18-ից հետո, երբ առանց որեւէ հանրային քննարկման իշխանությունները անհեռատես փոփոխություններ եւ լրացումներ կատարեցին այդ օրենքում։ Սակայն խորհրդարան ներկայացված մեր առաջարկներն ու օրինագծերն այդպես էլ շրջանառության մեջ չդրվեցին։Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք.- ՀՀ Ազգային ժողովից՝ անդրադառնալ հեռարձակման ոլորտի խնդիրներին եւ նախաձեռնել դրանց օրենսդրական լուծումները՝ կազմակերպելով հանրային քննարկումներ այլընտրանքային գաղափարների շուրջ եւ շրջանառության մեջ դնելով խորհրդարան ներկայացված նախագծերը,- Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից՝ վերանայել ոլորտի կարգավորման համար մինչ օրս որդեգրած սկզբունքներն ու մոտեցումները եւ ակտիվ քայլեր ձեռնարկել հեռարձակմանը վերաբերող օրենսդրության բարեփոխման ու ծագած բազմաթիվ այլ խնդիրները լուծելու ուղղությամբ։

Տարիներ շարունակ ուսումնասիրելով հեռարձակման ոլորտը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, մշտապես հրապարակայնորեն արտահայտել ենք մեր տեսակետներն ու գնահատականները եւ այժմ էլ պատրաստակամություն ենք հայտնում մասնակցելու նոր քննարկումներին եւ ներկայացնելու մեր առաջարկություններն ու մշակած փաստաթղթերը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031