Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» ներդրողները հանդիպում են ունեցել կառավարությունում, ուզում են տեխնիկական աուդիտ անեն, եթե կողմերը համաձայնության գան

Օգոստոս 08,2017 16:07

«Նաիրիտը» վերագործարկելու համար ներդրողները պատրաստ են 70-100 միլիոն դոլար ներդնել: Այս մասին «Նոյան տապան» ակումբում այսօր ասաց գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, որը նաեւ վստահեցրեց, թե օրերս հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվանից «EU-ASIA Business Finance Center Holding» ընկերությունը հայտարարեց, որ պատրաստ է վերագործարկել «Նաիրիտը»:

Այսօր Կարեն Իսրայելյանն ասաց, որ կառավարությունում հանդիպման ժամանակ, որին նաեւ հոլդինգի ներկայացուցիչներն են մասնակցել, կողմերը գործարանի վերագործարկման փոխադարձ ցանկություն են հայտնել, պայմանավորվել են փաստաթուղթ ստորագրել, որով կհստակեցվեն կողմերի պարտավորությունները, քանի որ հոլդինգի ներկայացուցիչներն ուզում են տեխնիկական աուդիտ անցկացնել՝ պարզելու գործարանի արտադրամասերի վիճակը:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ հոլդինգի ներկայացուցիչ Գարի Նեվիլն էլ ասաց, որ գործարանի վերագործարկելը բավականին ժամանակատար եւ բարդ գործընթաց է, եւ շատ աշխատանք պետք է տարվի՝ նախեւառաջ հետազոտական:

Իսկ մեկ այլ ներկայացուցիչ՝ Վասիլ Նեդյալկովն էլ ասաց, որ երեկ այցելել են գործարան: Նոդյակովի կարծիքով՝ գործարանը լավ վիճակում է. «2010 թվականից չի աշխատում, բայց լավ կոնսերվացված է: Տեխնիկական աուդիտից հետո հստակ ժամկետ կնշենք վերագործարկման համար: Կարծում եմ արդյունքները լավը կլինեն, մոտ 2 տարում որոշ արտադրամասեր կարելի է վերագործարկել»:

Գործարանի նախկին տնօրենն էլ հավելեց, որ այս ընթացքում գործարանը լուծարման փուլում է, ինչի մասին ներդրողները տեղյակ չեն, որոշ սարքավորումներ օտարվում են, ուստի տեխնիկական աուդիտը պարտադիր է:

Արդյոք ներդրողները պատրաստվո՞ւմ են մարել «Նաիրիտի» պարտքերը, այս հարցին Կարեն Իսրայելյանը պատասխանեց, որ գործարանն ունի շուրջ 100 միլիոն դոլարի պարտավորություն, եւ ներդրողը չի պատրաստվում այս պարտքերն իր վրա վերցնել. «Եթե այսօր ներդրողը պարտավորվի 100 միլիոն ներդնելու փոխարեն փակի ուրիշի պարտքերը, դա մոռացեք, չի լինի: Մեխանիզմը կառավարությունը պետք է որոշի, թե ոնց պետք է մարվի էդ պարտքերը»:

Կարեն Իսրայելյանն ասաց, որ ներդրողը 1000-1200 աշխատատեղ է պատրաստվում բացել, լավ կլինի կառավարությունը հարկային արտոնություն տա գործարանին. «Հարկային արտոնության հարցը պետք է նորից բարձրացվի, ներդրողը եթե սկսի հարկեր վճարել, չի կարող»:

Ըստ Կարեն Իսրայելյանի, այս «EU-ASIA Business Finance Center Holding» հոլդինգը մոտ մեկ տարի է, ինչ ստեղծվել է, այն ստեղծվել է հենց «Նաիրիտը» ձեռք բերելու համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031