Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց ինքնաձիգի պահեստատուփը հանելու՝ քաշել է փակաղակը եւ Գուրգեն Սարգսյանին դիմահար կրակոց արձակել

Օգոստոս 09,2017 13:30

Զինվորի մահվան գործով փաստաբանը
բողոք է գրել զինվորական դատախազին

Մարտական հերթապահության ընթացքում 2017թ. հունվարի 16-ին, գիշերը արգելված ժամին՝ ժ. 23:30-ի սահմաններում, լեյտենանտ Աշոտ Պողոսյանն ու կրտսեր սերժանտ Գարեն Հովհաննիսյանը թիվ 118 մարտական դիրքից գնացել են թիվ 119 մարտական դիրք՝ ջուր եւ փոցխ բերելու նպատակով: Քրեական գործի նյութերի համաձայն՝ նրանք վերադարձել են իրենց մարտական դիրք: Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լ. Սիմոնյանի վկայակոչած քրեական գործի նյութերի՝ լեյտենանտ Ա. Պողոսյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի 817818 համարի ինքնաձիգը փոխանցել է առույգ հերթափոխում գտնվող, ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Սարգսյանին եւ կարգադրել կազմակերպելու ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափման գործընթացը, որից հետո գնացել է զուգարան: Կրտսեր սերժանտ Գարեն Հովհաննիսյանը շարքային Վլադիմիր Սարգսյանից վերցրել է նշված ինքնաձիգը եւ գնացել կացարան՝ ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափման գործընթացը կատարելու համար: Կրտսեր սերժանտ Գարեն Հովհաննիսյանը, մտնելով կացարան, խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, առանց պահեստատուփը հանելու քաշել է փակաղակը եւ ստուգիչ կրակոց արձակել, որի արդյունքում արձակած կրակոցից իրենից շուրջ 1,5 մետր հեռավորության վրա կանգնած վիճակում գտնվող առույգ կապավոր, շարքային Գուրգեն Սարգսյանին պատճառել է գլխի հրազենային, գնդակային, միջանցիկ վիրավորում, ինչի կապակցությամբ վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Ստեփանակերտի զինհոսպիտալ, հունվարի 24-ին՝ Երեւանի կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ, որտեղ 2017թ.-ի մարտի 1-ին ստացած հրազենային վիրավորման հետեւանքով մահացել է:

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դիմել է ՀՀ զինվորական դատախազ Վ. Հարությունյանին՝ հայտնելով, թե իր ներկայացրած բողոքը մերժվել է, իսկ առերեւույթ հանցագործություն կատարած լեյտենանտը կարող է մնալ անպատիժ: Փաստաբանը վիճարկում է 1-ին կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ն. Հակոբյանի հունիսի 28-ի որոշումը:

Փաստաբան Լ. Սիմոնյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀ ՀԿԳ քննիչ Ն. Հակոբյանի վարույթում գտնվող Գարեն Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործով ծանոթացել է քրեական գործի նյութերին եւ միջնորդել է վերսկսել քրեական գործի վարույթը՝ Գարեն Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Աշոտ Պողոսյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 374-րդ հոդվածով:

Քննիչը նույն օրը կայացրած որոշմամբ մերժել է փաստաբանի միջնորդությունը:
Փաստաբան իրավահաջորդի ներկայացուցչի կարծիքով՝ քննիչի որոշումը անհիմն է եւ ենթակա է վերացման:

«Առավոտի» հետ զրույցում Լ. Սիմոնյանն ասաց, թե նախաքննական մարմնի կողմից Գարեն Դավիթի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

«Գտնում եմ, որ Գարեն Հովհաննիսյանի արարքը սխալ է որակված, նրա գործողությունները իրենց մեջ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ապօրինաբար Գուրգեն Սարգսյանին անուղղակի դիտավորությամբ կյանքից զրկելու, սպանության հանցակազմ:

Բացի այդ, գտնում եմ, որ իրավական գնահատականի չեն արժանացվել նաեւ ՊԲ N զորամասի 4-րդ գումարտակի 10-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար, լեյտենանտ Աշոտ Պողոսյանի գործողությունները»,- ասում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Լ. Սիմոնյանը զինվորական դատախազին ուղղված բողոքում նշել է. «Սույն գործի փաստական հանգամանքներից հետեւում է, որ մեղադրյալը գիտակցել է, որ այլ անձանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր արարք է կատարում եւ չէր կարող չկանխատեսել, որ իր կողմից կատարվող գործողությունների արդյունքում կարող էր մարդուն կյանքից զրկել: Մեղադրյալը, նպատակ ունենալով լիցքաթափելու ԱԿ-74 տեսակի 817818 համարի ինքնաձիգը, գիտակցելով, որ կացարանում են գտնվում մարտական դիրքում ծառայություն իրականացնող այլ զինծառայողներ, այդ թվում՝ մարտական հերթափոխից հանգստացող զինծառայողները, ինչպես նաեւ կացարանի մուտքից ներս մտնելով, իրենից 1-2 մետր հեռավորության վրա գտնվող կապավոր, շարքային Գուրգեն Սարգսյանին, գիտակցաբար, առանց ինքնաձիգի պահեստատուփը հանելու՝ քաշել է փակաղակը եւ Գուրգեն Սարգսյանին դիմահար ստուգիչ կրակոց արձակել, որի արդյունքում էլ իրենից 1,5 մետր հեռավորության վրա կանգնած Գուրգեն Սարգսյանը ստացել է մահացու՝ գլխի հրազենային, գնդակային միջանցիկ վիրավորում»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի դիտարկմամբ՝ մեղադրյալը գիտակցել է, որ ինքնաձիգի լիցքավորման եւ լիցքաթափման գործընթացը պետք է իրականացվեր ոչ թե կացարանում, այլ դրա համար նախատեսված վահանակի մոտ, զենքից պետք է անջատվի պահեստատուփը, ինչից հետո բացվի ապահովիչի փականը, եւ, զենքի փողը դեպի երկինք պահելով, կատարվի ստուգիչ կրակոց:

Լ. Սիմոնյանը «Առավոտին» ասաց, թե համաձայն դատաբժշկական փորձագետի եզրակացության՝ «Հիմնվելով Գ. Սարգսյանի ստացած գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորման մուտքի եւ ելքի անցքերի տեղակայման վրա, կարելի է ենթադրել, որ վերքային խողովակը ունի առաջից հետ, աննշան՝ ներքեւից վերեւ եւ քիչ՝ ձախից աջ ուղղվածություն: Գ. Սարգսյանը վերը նշված վնասվածքները ստանալու պահին աջ վերհոնքային շրջանով ուղղված է եղել դեպի կրակոցը արձակող հրազենի փողաբերանի լայնակի կտրվածքը»:

Զինդատախազի ուշադրությունն է հրավիրվել վկաների ցուցմունքների անարժանահավատության հարցի վրա: Զրուցակից փաստաբանի ներկայացմամբ՝ որոշ վկաներ ցուցմունք են տվել, որ քնած են եղել կացարանում, եւ կրակոցի ձայն չեն լսել. «Նրանց ցուցմունքները անարժանահավատ են, քանի որ փակ տարածությունում անհնար է ինքնաձիգի կրակոցի ձայն չլսել եւ այդ ձայնից չարթնանալ»: Վկաներից մեկն, օրինակ, ավելի հեռու տարածության վրա գտնվելով, լսել էր կրակոցի ձայնը:

Անդրադառնալով քննիչի կողմից միջնորդությունը մերժելուն՝ Լ. Սիմոնյանն ասաց. «Քննիչի կողմից միջնորդությունը մերժելու մասին որոշման պատճառաբանական մասում նշված «…Աշոտ Պողոսյանը որեւէ պայման չի ստեղծել հանրորեն վտանգավոր արարքի առաջացման համար», «Այլ կերպ՝ Աշոտ Պողոսյանի կողմից ինքնաձիգը ստուգիչ լիցքաթափելու եւ զինաբուրգում տեղադրելու նպատակով Վլադիմիր Սարգսյանին փոխանցելը, իսկ դրանից հետո այն Գարեն Հովհաննիսյանի կողմից ստուգիչ լիցքաթափելու նպատակով Վլադիմիր Սարգսյանից վերցնելը եւ կացարանում զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ Գուրգեն Սարգսյանին անզգուշությամբ մահ պատճառելը պատճառական կապով կապված չէ Աշոտ Պողոսյանի որեւէ գործողության կամ անգործության հետ» պատճառաբանությունները գտնում եմ անհիմն, եւ նպատակ է հետապնդում քրեորեն պատժելի արարք թույլ տված անձին անհիմն կերպով քրեական պատասխանատվության չենթարկելու համար»:

Զրուցակցիս դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ Աշոտ Պողոսյանն իրեն վստահված զենքը փոխանցել է այլ զինծառայողի, որի իրավունքը, համաձայն համապատասխան զինվորական կանոնակարգի, իրավունք չուներ, ինչի հետեւանքով մարդկային զոհ է եղել:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

08.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031