Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյան. «Արթուր Սարգսյանը գիտեր ինչի համար է մահանում, իսկ մենք գիտե՞նք արդյոք, թե ինչի համար ենք ապրում»

Օգոստոս 09,2017 11:05

Արթուր Սարգսյանի ծննդյան առիթով շատ խոսքեր են ասվելու: Ամենաքիչը որ կուզենայի լսել դա խղճահարության և լացակումաց ողբի տոնայնությամբ ասվելիքը կլիներ: Իմ խորին համոզմամբ այն գիտակցյալ հաստատակամությունը, որով նա գնաց մահվան մերժում է իր արարքի այդպիսի ընկալումը, և ընդհակառակը, իր կյանքի վերջին ամիսների գործողություններին հաղորդում այն վեհ և լուսավոր իմաստը, որից այդքան զուրկ է մեր շատ համաքաղաքացիների ներկա կյանքը:

Ուստի ասվելիք խոսքս ուղղված է լինելու իմ այդ համոզման փաստարկմանը:

Արթուր Սարգսյանի այն արտահայտությունը, թե «Տղաները գոնե գիտեն ինչի են անազատության մեջ, իսկ դրսում մնացածները գիտեն արդյո՟ք», ինչպես նաև իր մանրամասն պատրաստությունը ՊՊՁ գնդի արգելափակման ճեղքմանը, թույլ է տալիս մեզ հեռու գնացող ենթադրություն անել, որ նա կյանքում նպատակասլաց և իմաստ փնտրող մարդ էր և այդ իմաստի որոնումները, ամենևին էլ ոչ պատահականորեն նրան կյանքի վերջում պիտի բերեին հենց դեպի Սասնա ծռերը: Այդ որոնումը տևեց մի ամբողջ կյանք, որի ընթացքում նա երկու բարձրագույն կրթություն ստացավ, զբաղվեց բիզնեսով, արվեստով, բարեգործությամբ, մասնակցեց պատերազմի, ունեցավ երեխա, այդ բոլորը ուղեկցեց հոգևոր որոնումներով և ի վերջո կրկնակի անգամ գնաց գիտակցյալ մահվան:

Գիտակցյալ մահվան մասին հիշատակելիս, ակամայից միտքն է գալիս Եղիշէի պատեհ-անպատեհ առիթով օգտագործվող հայտնի թևավոր խոսքը «Մահ ոչ իմացեալ` մահ է, մահ իմացեալ անմահութիւն է:» , որը ի զարմանս շատերի, ունի երկրորդ մաս, որ ավելի քիչ է հայտնի` «Որ զմահ ոչ գիտէ, երկնչի ի մահուանէ, իսկ որ գիտէ զմահ, ոչ երկնչի ի նմանէ»: «Ով որ չգիտե, թե ինչ է մահը, վախենում է մահից. իսկ ով գիտե մահը, նրանից չի վախենում»։ Ահա այս երկրորդ մասը մեզ օգնում է բացահայտել Արթուր Սարգսյանի ներքին հոգևոր այն մղումները, որոնք իր արարքը զրկում են պատահականություն և պահի տակ արված ճակատագրական որոշում լինելուց, և հաղորդում նրան իր ամբողջ կյանքը իմաստով լցնող վերջակետի այն օրինաչափությունը, որի համաձայն Արթուրը պետք է ոչ միայն հաց հասցներ Սասնա ծռերին, և դառնար սոսկ «Հաց բերոց», բայց և հենց ինքը ևս դառնար Ծուռ, այն էլ Ծռից էլ Ծուռ…

Եղիշէի թևավոր խոսքը գրաբարում պահպանվել է նաև նախաքրիստոնեական ծագում ունեցող և Հերմես Եռամեծին վերագրվող հունարեն մի բացառիկ գրվածքի թարգմանության մեջ: Այստեղ մահը ճանաչելու խնդիրը ավելի մանրամասն է քննված և, ըստ էության, մեր մի ամբողջ հնամյա անթեղված մշակույթի կոդի բանալի է հանդիսանում: Այդ կորած մշակույթը հասկանալուն օգնում է ստալինյան բռնաճնշումների զոհ, XX դ ռուս մեծագույն մտածողներից և հայ մորից սերված, հայր Ֆլորենսկու հետևյալ մեկնաբանությունը:

«Մարդը կյանքում մեկ անգամ է մահանում, եւ հետեւաբար, չունենալով փորձ, մահանում է անհաջող: Մարդը մահանալ չգիտե, և իր մահը վրա է հասնում շոշափելով` խավարի մեջ: Սակայն մահը, ինչպես և ցանկացած այլ գործունեության, հմտություն է պահանջում: Բարեհաջող վախճանվելու համար հարկավոր է իմանալ ինչպես մահանալ, պետք է մեռնելու հմտություն ձեռք բերել, պետք է մահին սովորել: Իսկ դրա համար անհրաժեշտ է մահանալ դեռ ողջ ժամանակ, փորձառու և արդեն մահ տեսած մարդկանց առաջնորդությամբ:»:

Հայր Ֆլորենսկին, այս իր պարբերությունը եզրափակում է հղում կատարելով նախաքրիստոնեական մշակույթին, հետևյալ կերպ.

«Հնում մահվան դպրոց էին հանդիսանում խորհրդածեսերը (միստերիաները):

…անցումը մեկ այլ աշխարհ պատկերացվում էր կամ որպես ընդհատում, որպես անկում կամ որպես ՍՔԱՆՉԱՑՈՒՄ: Ըստ էության, բոլոր խորհրդածեսերը նպատակ ունեին ոչնչացնել մահը, որպես ընդհատում: Ամեն ոք, ով կարողացել է մահանալ կյանքի օրոք, գեհեն չի գլորվում, այլ անցում է կատարում ուրիշ աշխարհ: Օծվածը մահ չի տեսնի, ահա թաքուն ակնկալությունը խորհրդածեսից: Ոչ թե նա կմնա հավերժ այստեղ. բայց, նա կընդունի վախճանը չօծվածից տարբեր կերպ:. Չօծվածի համար հանդերձյալ կյանքը բացարձակապես նոր երկիր է, որտեղ նա չի կարողանում կողմնորոշվել, որտեղ նա ծնվել է որպես երեխա, չունենալով ոչ փորձ, ոչ էլ առաջնորդողներ: Մինչդեռ օծվածի համար այս երկիրը արդեն իսկ ծանոթ է, նա եղել է այստեղ, դիտարկել է այն թեկուզ և հեռավորության վրա եւ փորձառու մարդկանց առաջնորդությամբ: Նա արդեն գիտի այնկողմնային աշխարհի բոլոր ճանապարհներն ու քառուղիները եւ անցում է կատարում դեպի այնտեղ ոչ թե անօգնական նորածնի, այլ պատանու կամ նույնիսկ չափահաս մարդու պես: Նա, ինչպես կասեին հնում, գիտե այլ աշխարհի քարտեզը, եւ գիտե այնկողմնային իրերի անունները: Ուստի նա չի շփոթվի եւ չի կորցնի իրեն այնտեղ, ուր անսպասելի հրման և անփորձության պատճառով, խորը հոգեւոր ուշագնացությունից հետ գալով , չօծյալը չի գտնելու վարվելու կերպը եւ չի հասկանալու անելիքը…

Դեպի այլ թագավորություն հենց այս անցումն է, որ կյանքի ընթացքում կամ նրա ավարտին, իրականացվում է Հարպիաների կողմից: Դիվական ոգիները, կամ մեր լեզվով ասած էքստազի հրեշտակները, տանում են այնտեղ հոգին, նրան սքանչացնելով, հմայելով այն: Երբեմն սքանչացած հոգին ետ է վերադառնում, երբեմն ոչ: Բայց և վերջին դեպքում, կրկնում եմ, դա մահ չէ, այլ հոգու հափշտակում մի այլ աշխարհ: Ահա թե ինչու այսպիսի հեռացումը այստեղից էքտազի միջոցով, սքանչացման միջոցով  հնում հակադրվում էր մահվանը. նա, ով կյանքի օրոք մահանում է աշխարհի համար, ստանում է սքանչանալու ընծա դեպի այլ աշխարհներ, նա անմահությունն է ճաշակում, ուստի մահանալ չի կարող»:

Արթուր Սարգսյանը գիտեր ինչի համար է մահանում, իսկ մենք գիտենք արդյո՟ք թե ինչի համար ենք ապրում…

Գ. Չուգասզյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031