Լրահոս
Օրվա լրահոսը

Օ՜, որտե՞ղ ես, պարոն Թրամփ

Օգոստոս 10,2017 15:30

Սկսած գործն ավարտին հասցնելը վկայում է նախաձեռնողի սկզբունքայնության, ինչպես նաեւ հաջողության ուղեկցության մասին: Հարեւան ժողովուրդների ազատությանը սպառնացող ՌԴ-ի դեմ ԱՄՆ իշխանությունների սահմանած պատժամիջոցները, ըստ էության, տնտեսական պատերազմական գործողություններ են, որոնք վնասելու են ոչ միայն ՌԴ-ին, այլեւ ԱՄՆ-ին եւ աշխարհի շատ երկրների: Բայց ինչպես ասում են ֆրանսիացիները՝ «պատերազմում՝ ինչպես պատերազմում», այսինքն՝ ամեն բան իր գինն ունի: Այս իրավիճակում Հայաստանը ադեկվատ դրսեւորվելու երկու տարբերակ ունի:

Տարբերակ 1. Արեւմտյան-քրիստոնեական արժեքներով տարտամորեն առաջնոդվող անկախ Հայաստանը կարող է ակտիվացնել ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ի հետ գործակցությունը, վերանայել ՌԴ-ի հետ քաղաքական-ռազմական-տնտեսական պայմանագրերը, դուրս գալ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, դուրս հրավիրել ռուսական զորքերը, լյուստրացիայով մերկացնել եւ դուրս մղել ռուսական գործակալներին: Ոմանք այս քայլերը եւ նույնիսկ դրանց մասին մտքերը համարում են ծայրահեղ վտանգավոր: Սակայն ակնհայտ է, որ այս տարբերակի պարագայում Հայաստանի անվտանգության ամրացման կայուն եւ տեւական հիմքեր կստեղծվեն, որովհետեւ երբ ԱՄՆ-ին ու քաղաքակիրթ աշխարհին հաջողվի տեղը դնել ՌԴ-ին, ապա նաեւ մենք կազատվենք կախվածությունից, որից հետո արժանի գործընկեր Հայաստանի հեղինակությունը հնարավորություն կտա նրան կարճ ժամանակում հետամնաց-անցումային երկրից դառնալ զարգացող պետություն:

Տարբերակ 2. Հաշվի առնելով այն, որ ՌԴ-ի եւ նրա գործակալների քայքայիչ ջանքերով Հայաստանում այլասերվել է քաղաքական համակարգը, Հայաստանն Արեւմուտքի աջակցությամբ կարող է ասիմետրիկ հարվածներ հասցնել ռուսական նեոգաղութատիրական նկրտումներին եւ շահերին, ակտիվացնել հասարակական, մշակութային, կրթական, տնտեսական կազմակերպություններն ու հաստատությունները, որոնք կարող են իրականացնել արեւմտյան արժեքների պաշտպանության, անգլերենի տարածման միջոցով ռուսերենի սանձահարման, քաղաքացիների ակտիվացման, կրթական, սոցիալական, մշակութային ծրագրեր, ստեղծելով ռուսական հակամշակութային ազդեցությունից դուրս գալու իրավական-մշակութային-սոցիալական հիմքեր, ինչպես նաեւ արեւմտյան տնտեսական ներդրումների միջոցով վերակենդանացնել Հայաստանի տնտեսությունը՝ ստեղծելով ռուսական հյուծող կախվածությունից ազատվելու նախադրյալներ:
Տեսակետ կա, թե 2-րդ տարբերակը պակաս ռիսկային է, քանի որ չի պահանջում քաղաքական-ռազմական-տնտեսական համարձակ որոշումներ եւ քայլեր: Իրականում այն ոչ պակաս ռիսկային է, քան առաջինը, որովհետեւ կիսաքայլերը կարող են զգուշավորություն, փոքրոգություն, անվստահություն ներշնչել ժողովրդին եւ սոցիալ-հոգեբանական վախերի պատճառ դառնալ, որոնք իրենց հերթին կարող են խնդիրներ առաջացնել հնարավոր պատերազմներում եւ ինտեգրացիոն գործընթացներում:

Ավելորդ չէ հիշելը, որ հայ ժողովուրդը նշանակալի ներդրում է ունեցել կոմունիստական բռնապետության տապալման, բռնազավթված երկրների ազատագրման եւ Սառը պատերազմում Չարիքի կայսրության դեմ մարդկության տարած հաղթանակի ընդհանուր գործում: Այսօր մեծ ազգերը կարող են դաշինք ստեղծել եւ աշխարհն ազատել չարիքից: Դրան առարկայորեն նպաստում են մեր ժողովուրդների ազատասիրությունը, ինչպես նաեւ այն, որ ե՛ւ ամերիկացիների, ե՛ւ եվրոպացիների, ե՛ւ հայերի համար անհանդուրժելի են ռուսական անվերջ թվացող սադրանքները, շանտաժներն ու թիկունքից հարվածները:

Եվ եթե այսօր, երբ ԱՄՆ Կոնգրեսն ու պարոն Թրամփը տնտեսական պատերազմ են սկսել ՌԴ-ի դեմ, բայց հայ ժողովրդին չեն վերաբերվում որպես այդ պատերազմում դաշնակցի եւ առարկայական միջոցներով չեն աջակցում նրան ժողովուրդների ազատությանը սպառնացող վտանգները վերացնելու ընդհանուր պայքարում, ապա հնարավոր է եզրակացնել, որ ո՛չ Արեւմուտք կա, ո՛չ ԱՄՆ Կոնգրես, ո՛չ էլ պարոն Թրամփ: Եվ նույնիսկ հարց է՝ նրանք վճռակա՞ն են գործն ավարտին հասցնելու հարցում, թե՞ մուկնուկատու են խաղալու եւ բավարարվելու 2-րդ տարբերակի բանավոր իմիտացիայով:

 

ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
Պահպանողական կուսակցության
քարտուղար

 

«Առավոտ»

09.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031