Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Երեւանում այսօր հասկանում են՝ մեկ կողովում չափից ավելի շատ ձու է դրված»

Օգոստոս 10,2017 16:00

«Առավոտի» զրուցակիցն է Կովկասի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեն

– Պարոն Վասաձե, Վրաստանում մեկնարկեցին ՆԱՏՕ-ի աննախադեպ մասշտաբային, բազմազգ «Արժանի գործընկեր 2017» զորախաղերը: Ուշագրավ է, որ զորախաղերին մասնակից անդամ երկրներից միայն երեքը ՆԱՏՕ-ի անդամ չեն՝ Վրաստանը, Հայաստանը եւ Ուկրաինան: Ձեր կարծիքով՝ տարածաշրջանային անվտանգությանն ի՞նչ նոր տարր կավելացնեն այս զորավարժությունները եւ ի՞նչ անդրադարձ կունենան տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա:

– Այս զորավարժություններն իրապես տարբերվում են նախորդից՝ նախեւառաջ իրենց մասշտաբներով: Բայց ոչ միայն: Բանն այն է, որ աշխարհում իրավիճակը իրապես լրջորեն փոխվել է: Այդ իսկ պատճառով թե՛ Ուկրաինան, թե՛ Վրաստանը այսօր գտնվում են Կրեմլի եւ Արեւմուտքի հակամարտության առաջին գծում: Այդ հակամարտության պատճառները հայտնի են՝ ինչ-որ մի ժամանակաշրջանում Կրեմլում որոշեցին, որ աշխարհը կարող են վերաձեւակերպել իրենց հարմարությամբ՝ օգտվելով արեւմտյան աշխարհի քաղաքական էլիտայի մի հատվածի «փոխզիջումների» գնալու պատրաստակամությունից՝ անձնական հետաքրքրությունների բավարարման դիմաց: Նման քաղաքականությունը երեկ չի սկսվել, արդեն տասը տարուց ավելի է, ինչ Մոսկվան ջանում է գործել այս ոգով: Ընդ որում, Կրեմլի ագրեսիայի թեստն ընդդեմ Վրաստանի բավական արդյունավետ անցավ: Ոչ այդքան հարթ, բայց տանելի անցավ Ղրիմի բռնակցումը եւ Դոնբասում պատերազմի սանձազերծումը: Բայց երբ Մոսկվան սկսեց խառնվել ընտրական գործընթացներին, հատկապես ԱՄՆ-ում կայացած ընտրություններին, հասկանալի դարձավ՝ անդառնալիության կետն անցել են: Նույնիսկ Սիրիայում ներկայությունը եւ «միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի» երդումը չշտկեց իրավիճակը, իսկ Թրամփի այդքան սպասված գալն իշխանության էլ ավելի խորացրեց այն: Արդյունքում մենք ստացանք սառը պատերազմին մոտ իրադրություն:

Իսկ սառը պատերազմն իր օրենքներն ունի, մասնավորաբար, սեփական հետաքրքրությունների ապահովումը տարածաշրջանում: Հենց այս համատեքստում պետք է դիտարկել այս զորավարժությունները: Ինչ վերաբերում է այս իրավիճակում Հայաստանի մասնակցությանը ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ես չգիտեմ՝ ՀՀ իշխանություններն ի՞նչ բացատրություններ են տալու այս ամենի վերաբերյալ իրենց ռուսաստանցի գործընկերներին: Բայց ինչպիսին էլ որ լինի այդ բացատրությունը, հասկանալի է, որ դա ձեւական բնույթ է կրելու:

Հասկանալի է, որ այսօր Երեւանում գիտակցում են՝ մեկ կողովում չափից ավելի շատ ձու է դրված. ամեն ինչ նորմալ կլիներ, եթե այդ կողովն օրըստօրե ավելի ու ավելի անապահով չդառնար: Կարծում եմ՝ հայկական իշխանությունների գործողությունների տրամաբանությունը, հաշվի առնելով ներկայիս իրադրությունը, միանգամայն հասկանալի է: Այլ հարց է՝ կբավականացնի՞ քաղաքական կամքը, եւ ի՞նչ իրադրության ի վերջո կհանգեն:

– Երկօրյա այցով Վրաստան ժամանեց ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Թբիլիսիում ունեցած իր ելույթում նա հայտարարեց. «Նախագահ Թրամփը եւ ես պաշտպանում ենք ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթնաժողովի հայտարարությունը, որի համաձայն՝ Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ»: Ձեր կարծիքով՝ այս հայտարարությունը փաստո՞ւմ է ԱՄՆ-ի եւ նրա համախոհների մոտեցումների փոփոխությունը Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասով: Այս հայտարարության վրա հիմնվելով՝ կարելի՞ է սպասել, որ Վրաստանի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին սարերի ետեւում չէ:

– ԱՄՆ-ի դիրքորոշումը, ինչպես նաեւ դաշինքի մյուս անդամների դիրքորոշումը միշտ էլ միանշանակ է եղել՝ Վրաստանը կլինի ՆԱՏՕ-ի անդամ: «Ե՞րբ»՝ հարցին հնչել է պատասխան՝ այն ժամանակ, երբ Վրաստանը պատրաստ լինի դաշինքի անդամ լինելուն: Այստեղ ես մի կետ էլ կավելացնեի՝ այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ լինի Միացյալ Նահանգներին: Երկրորդ կետի մասով առաջընթացն ակնհայտ է, իսկ առաջին կետի մասով՝ ոչ այդքան: Այդ իսկ պատճառով այստեղ հնարավոր են բազմաթիվ տարբերակներ՝ ընդհուպ մինչեւ Վրաստանի ընդունումը դաշինք, չնայած նրան, որ դա կարող է խնդիրներ առաջացնել դաշինքի համար: Ասենք, օրինակ, ստիպված կլինեն համակերպվել Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ոչ բավարար մակարդակի հետ: Իսկ այդպիսի խնդիրներ արդեն կան դաշինքի այլ անդամների մոտ, եւ այստեղ դժվար թե ընդունելի է «մեկ երկիր ավելի, մեկ երկիր պակաս» սկզբունքը: Բայց եթե անհրաժեշտությունն ավելին լինի, քան սեփական խղճին եւս մեկ խնդիր վերցնելը, ապա կընդունեն՝ չկասկածեք:

Կա մեկ այլ տարբերակ էլ՝ ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնումն առանց դաշինքի անդամ դառնալու: Սա այն է, ինչ տեղի է ունենում այսօր:

– Ցուցաբերելով բացառիկ համերաշխություն՝ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն էլ կողմ քվեարկեցին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու նախագծին: Եվ նախագահ Թրամփին այլ բան չէր մնում, քան ստորագրել նախագիծը: Ակնհայտ է, որ Պուտինն ու նրա շրջապատը մտադիր են հակադարձել. նրանք խոսում են իրենց առեւտրային պատերազմ հայտարարելու մասին, այն մասին, որ «ոչ մի սպառնալիքներ եւ ճնշումներ Ռուսաստանին չեն ստիպի փոխել իր ուղղությունը կամ զիջել ազգային շահերով»: Այս ամենից ելնելով, Ձեր կարծիքով, ի՞նչ մարտահրավերների պետք է պատրաստ լինեն Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրները, առաջին հերթին՝ Վրաստանը եւ Հայաստանը:

– Վստահ չեմ, որ պատրաստ են, բայց վստահ եմ, որ հարկ եղած դեպքում ավագ ընկերները կհուշեն: Խնդիրն այն է, որ Հայաստանի եւ Վրաստանի ավագ ընկերները տարբեր են, եւ հուշումներն էլ ամենայն հավանականությամբ տարբեր կլինեն: Այլ հարց, որ նորմալ կառավարությունները պետք է կարողանան սեփական երկրների համար օգուտներ քաղել ցանկացած իրավիճակից՝ բարենպաստ եւ ոչ այնքան: Կարողանո՞ւմ են դա անել Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունները՝ հարցի պատասխանը թերեւս թողնեմ ընթերցողին:

– Գաղտնիք չէ, որ Հայաստանի եւ Վրաստանի միջպետական հարաբերություններում ուղղակի «աչք է ծակում» չօգտագործված ներուժը՝ թե՛ տնտեսությունում, թե՛ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում: Ձեր կարծիքով՝ որո՞նք են Երեւանի եւ Թբիլիսիի առաջնահերթ քայլերը՝ վերը նշված փոփոխությունների եւ զարգացումների լույսի ներքո:

– Ինչ վերաբերում է անվտանգության եւ պաշտպանության ոլորտին, իրատես լինենք, այսօր Հայաստանը պատերազմում է Ադրբեջանի հետ: Այս պայմաններում Վրաստանը կարող է եւ պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որ այդ պատերազմն ավարտվի խաղաղությամբ, եւ բոլոր հարցերը լուծում ստանան: Ունի՞ Վրաստանի իշխանությունը բավարար ռեսուրս եւ քաղաքական կամք այդ ուղղությամբ արդյունավետ քայլեր իրականացնելու համար: Կասկածում եմ: Բայց դա չի նշանակում, որ չպետք է փորձել: Ճիշտ հակառակը՝ պետք է ու շատ:
Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այստեղ սլաքը պետք է ուղղել ոչ այնքան իշխանությունների դեմ, որքան բիզնեսի: Իհարկե, իշխանությունները պարտավոր են… եւ այսպես շարունակ: Բայց եթե իշխանությունները ոչինչ չեն անում, ինչո՞ւ է բիզնեսն այդքան պասիվ: Խեղդվողների փրկությունը խեղդվողների գործն է:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

09.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Karen says:

    “Վրաստանում մեկնարկեցին ՆԱՏՕ-ի աննախադեպ մասշտաբային, բազմազգ «Արժանի գործընկեր 2017» զորախաղերը” –
    Խիստ չափազանցություն է:
    Նախ, խոսքը զորավարժության մասին է և ոչ ՛՛զորախաղերի՛՛: Զորավարժությունն էլ վրաց-ամերիկյան է, և ոչ ՆԱՏՕ: Այլ հարց, որ ընդգրկված են այլ երկրներ ևս:
    ՛՛Աննախադեպ՛՛ բառն, ընդհանրապես, տեղին չէ, սա թվով արդեն երրորդ նման զորավարժությունն է Վրաստանի տարածքում: Մասշտաբային ևս դժվար է ասել, քանի որ, օրինակ, Թուրքիայի դրոշը բարձրացվել է ընդամենը 3 հոգու մասնակցության համար:
    Բարի եղեք ուռճացված որակումներ չտարածել:
    Նյութ պատրաստելուց առաջ կարող եք հարցը ուսումնասիրել:
    Google-ը Ձեզ օգնական:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031