Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն` ընդդեմ «հայկական «Իսկանդերների»

Օգոստոս 10,2017 12:00

Թուրքիան ռուսական C-400 կտեղակայի Հայաստանի սահմանի՞ն

Ռուսաստանի կողմից Թուրքիային տրամադրվող C-400 համակարգերը կարող են տեղակայվել այդ երկրի ցանկացած տարածքում, այդ թվում՝ Հայաստանի հետ սահմանին՝ հուլիսի կեսերին, Bloomberg գործակալությունը վկայակոչելով, թուրք բարձրաստիճան անանուն աղբյուրը այս տեղեկությունը հրապարակեց: Ըստ աղբյուրի` Թուրքիան ռուսական պաշտպանական համակարգերի համար համաձայնել է վճարել 2.5 մլրդ դոլար, եւ նախնական պայմանագրով՝ 2 C-400 մարտկոցներ Թուրքիան կստանա գալիք տարվա ընթացքում, իսկ հետո եւս 2-ը կարտադրվի Թուրքիայի տարածքում:

Գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիան Սառը պատերազմից սկսած համարվել է ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցներից մեկը Խորհրդային Միության սահմաններին, սակայն վերջին շրջանում սրվել են Արեւմուտքի եւ Թուրքիայի հարաբերությունները այն բանից հետո, երբ Էրդողանը սկսեց ավելի անկախ քաղաքականություն վարել, իսկ ԱՄՆ-ն էլ սկսեց աջակցություն ցուցաբերել Սիրիայի քրդերին: Ռուսական համակարգերը համատեղելի չեն ՆԱՏՕ-ի մյուս պաշտպանական համակարգերի հետ, բայց նաեւ չեն ենթարկվում դաշինքի կողմից թելադրված սահմանափակումներին, որոնք արգելում են Թուրքիային այդ համակարգերը տեղադրել Հայաստանի, Հունաստանի սահմաններին եւ Էգեյան ծովի հատվածում: Ռուսաստանի հետ գործարքը Թուրքիային թույլատրում է պաշտպանական համակարգերը տեղակայել իր տարածքի ցանկացած վայրում, նկատել էր գործակալության աղբյուրը:

Այս տեղեկության ի հայտ գալուց անմիջապես հետո ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մետիսը ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու Թուրքիայի պլաններն անվանել էր «երկրի սուվերեն որոշումը»։ Նրա խոսքով՝ հնարավոր գործարքը հարցեր է առաջացնում, թե ինչպես Թուրքիան կարող է ապահովել ռուսական համալիրների համատեղելիությունը ՆԱՏՕ-ի տեխնիկայի հետ։ «Դրանք երբեք համատեղելի չեն լինի»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։ Նա կոչ էր արել հետեւել իրադարձությունների զարգացմանը. «Իսկապե՞ս նրանք կկիրառեն C-400-ները»։

Վաշինգտոնից սա միակ արձագանքը չէր: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Թուրքիան պետք է բացատրի C-400 ռուսական զենիթային համակարգեր գնելու մտադրությունը՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դեւիսը: «Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցն էր, եւ ցանկացած դաշնակցի հետ մեր հարաբերությունների հիմնարար սկզբունքն այն է, որ մենք սպառազինության համատեղելիություն ենք ցանկանում: Ինչ վերաբերում է ?-400-ների գնման մասին լուրերին, ապա Թուրքիան պետք է բացատրի դա»,- ասել էր Դեւիսը:
Դեռ հունիսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Թուրքիային C-400 վաճառելու Ռուսաստանի պատրաստակամության մասին «Մենք քննարկել ենք C-400 համալիրների վաճառքի հնարավորությունը: Մենք դրան պատրաստ ենք»:

ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը չի խոչընդոտում երկիր ռուսական C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարումներին՝ նշել էր Մոսկվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը՝ հավելելով, որ Անկարային ռուսական C-400 համալիրների մատակարարումների հարցում առաջընթաց կա, եւ տեխնիկական խորհրդակցությունները լավ են ընթանում: «Կա առաջընթաց, տեխնիկական խորհրդակցություններն ընթանում են դրական ուղղությամբ, շփումները շարունակվում են»,- ասել էր դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ստորագրվե՞լ է Անկարային ռուսական համալիրների մատակարարման մասին պայմանագիրը: Իսկ ՌԴ զինտեխնիկայի արտահանմամբ զբաղվող ընկերության` «Ռոսօբորոնէքսպորտի» ներկայացուցիչը նշել էր, որ դեռեւս չի կարող մեկնաբանել Թուրքիայի հետ գործարքի մանրամասները: Կրեմլը եւս չի մեկնաբանել Ռուսաստանի հետ C-400 համակարգերի մատակարարման համաձայնագիրը կնքելու մասին Էրդողանի հայտարարությունը: «Չենք մեկնաբանում»,- նշել էր օրերս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Մինչդեռ պաշտոնական Անկարան ավելի հստակ է գործարքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման առումով: Ռուսաստանը եւ Թուրքիան ստորագրել են հակաօդային պաշտպանության C-400 համալիրների մատակարարման փաստաթղթերը՝ վերջերս վստահեցրեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. «Մենք եւ Ռուսաստանն այս հարցում անհրաժեշտ բոլոր քայլերն արդեն ձեռնարկել ենք, ստորագրությունները դրված են, փառք Աստծո, C-400 համալիրները կտեսնենք մեր երկրում»: Ավելին` Էրդողանն ավելի կտրուկ էր, նա նշել է, թե չի հասկանում Ռուսաստանից C-400 համալիրներ գնելու առնչությամբ ԱՄՆ-ի անհանգստությունը. «Ինչո՞ւ այն պետք է առաջացնի անհանգստություն։ Յուրաքանչյուր երկիր պետք է որոշակի միջոցառումներ ձեռնարկի իր անվտանգության ապահովման համար»։ Էրդողանը նաեւ ընդգծել է, որ ռուսական ու թուրքական համապատասխան գերատեսչություններն այժմ գտնվում են բանակցային փուլում, եւ վստահություն է հայտնել, որ Թուրքիան «կանի այդ քայլը»։

Ո՞ւմ դեմ է ուղղելու Թուրքիան C-400-ը՝ դեռեւս հստակ ոչ ոք չի կարող կանխատեսել: Պարզ է, որ Անկարայում հասկանում են, որ Հայաստանը Թուրքիայի համար ռազմական սպառնալիք չի ներկայացնում: Առայժմ ունենք հետեւյալը. Ռուսաստանը զինում է ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Թուրքիային, ինչն արդեն իսկ հոգեբանորեն Հայաստանի համար ճնշող հանգամանք է՝ անկախ նրանից, որ ինչպես Ադրբեջանին վաճառվող ռուսական սպառազինության, այնպես էլ Թուրքիայի դեպքում Հայաստանից «Մոսկվայի բիզնեսն» արդարացնողներ ու ռուս-թուրքական գործարքը Հայաստանի համար շահեկան համարողներ էլ կգտնվեն` նույն տրամաբանությամբ, որ Մոսկվան, այդպիսով, «կվերահսկի» նաեւ Թուրքիային:

Բայց այստեղ հետաքրքրական է մեկ այլ հանգամանք. անկախ նրանից, թե Թուրքիան ցանկություն ունի Հայաստանի սահմանին «ամրանալու», թե ոչ, ադրբեջանական, նույնիսկ ռուսաստանյան ԶԼՄ-ները, որոնք Հայաստանի սահմանին ռուսական C-400 տեղակայման հնարավորություն են կանխատեսում, քարոզչական հարմար առիթ են գտել ընդդեմ Հայաստանի գործելու, իրենց պատկերացմամբ` Հայաստանին ճնշելու ու ահաբեկելու:

Արդեն իսկ առկա են համապատասխան քարոզչական ուղերձներով լի հրապարակումներ ռուսաստանյան մամուլում: «Պրավդա.ռու»-ում հոդված է հրապարակվել` «Թուրքիան պատրա՞ստ է խառնվել ղարաբաղյան հակամարտությանը» վերնագրով, որում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը մեկ նախադասությամբ «բացատրում» է, թե Ռուսաստանի միջամտությունը ղարաբաղյան հակամարտության մեջ Հայաստանի կողմում կարող է հանգեցնել պատասխան միջամտությանը` Թուրքիայի մասնակցությանը Ադրբեջանի կողմում: Այնուհետեւ ռուսաստանյան պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակը նկատել է տալիս, որ ադրբեջանցի պատգամավորի վերոհիշյալ դիտարկումը «համընկել է» թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից այն տեղեկությունների հետ, թե` «Անկարան մտադիր է տեղակայել Ռուսաստանից գնվող C-400 համակարգերը Հայաստանի սահմանին»: Ապա հոդվածում նշում են, թե Բաքուն անհանգստացած է Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» համակարգեր տրամադրելուց, իսկ Ադրբեջանի ՀՕՊ-ը թույլ չի տալիս պաշտպանել երկրի տարածքը «Իսկանդերից», Ռուսաստանն էլ Ադրբեջանին «Իսկանդեր» հրաժարվում է վաճառել: Եվ ահա Ադրբեջանին «օգնության է գալիս Թուրքիան», որտեղ շուտով կտեղակայվեն C-400 համակարգերը, հետեւաբար, ըստ հրապարակման` «դրանց տեղակայումը Հայաստանի հետ սահմանին կհետապնդի մեկ նպատակ` հակակշիռ ստեղծել «հայկական «Իսկանդերներին»:

Այսպիսով, ռուս-ադրբեջանական որոշակի շրջանակներ Թուրքիայի կողմից C-400 համակարգերի գնումը Ռուսաստանից համարում են Անկարայի կողմից համերաշխություն` Ադրբեջան-Թուրքիա դաշինքի ռազմական փոխգործակցության պայմանագրով նախատեսված քայլ, եւ հիմա ադրբեջանական կողմն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Թուրքիայի հետ նշված պայմանագրի կետերից մեկը կդիտարկի Թուրքիայի ռազմական միջամտության հարցը ղարաբաղյան հակամարտությունում, եթե «Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտվեն Հայաստանի կողմից»:

Քանի դեռ Բաքվի ու Անկարայի միջեւ ռազմական միության պայմանագիր չի կնքվել, Բաքվում փաստորեն կասկածում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լայնածավալ պատերազմի բռնկման դեպքում Թուրքիան «կկռվի» Ադրբեջանի կողմից, իսկ ահա նման պայմանագիր ստորագրելու դեպքում Բաքվում համարում են, որ էլ Անկարան այլ ելք չի ունենա ու կկատարի «դաշնակցային» իր պարտականությունները»:
Ուշագրավ է, թե ինչպես է ավարտվում հոդվածը. «Բայց վճռական խոսքն այստեղ, ինչպես եւ նախկինում, Ռուսաստանինն է»:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ամփոփումը` «Առավոտ»-ի այսօրվա համարում:

«Առավոտ», 09.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031