Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասունցի Դավիթը» ի սկզբանե օպերա է»

Օգոստոս 12,2017 13:30

Սարինա Ավթանդիլյանը վկայակոչում է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի արխիվը

Այս օրերին հայաստանյան տապն էլ չի խանգարում մշակույթի մարդկանց՝ խոսելու, քննարկելու, բանավիճելու, անգամ վիճելու օրեր անց սպասվող Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերայի առիթով: Հիմնական պատճառը մեկն է՝ մեր մշակույթի անվանի գործիչները նշում են, որ «Սասունցի Դավիթը» կանտատ է, մի մասն էլ հավաստիացնում է, թե կոմպոզիտորի 5 օպերաներից մեկն է: Մի բան հաստատ է. անդրադարձը օպերայի ձեւաչափով կատարվում է առաջին անգամ: Կարելի է պատկերացնել մասշտաբային այս գործը նախաձեռնողների ու իրականացնողների, այդ թվում՝ նախագծի հեղինակ, գեղարվեստական ղեկավար եւ բեմադրող Սարինա Ավթանդիլյանի, բեմադրող դիրիժոր Սուրեն Շահիջանյանի, ռեժիսոր Արմեն Պիրի Մասիհիի ապրումները:

Հիշյալ օպերայի պրեմիերան կկայանա աշնան առաջին օրը, Շուշիի ռեալական դպրոցի հարակից բացօթյա տարածքում, իսկ օրեր անց՝ սեպտեմբերի 9-ին, Ազգային օպերային թատրոնում:

«Առավոտի» հետ զրույցում Սարինա Ավթանդիլյանը նշեց, որ «Սասունցի Դավիթ» օպերան (լիբրետոն՝ Դերենիկ Դեմիրճյանի) ընդգրկված է Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, նվիրվում է Արցախի անկախության տոնին, կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120 եւ գրող Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակներին: Էպիկական օպերայի բեմադրությունը Սարինա Ավթանդիլյանի 4-րդ աշխատանքն է Արցախում: Առաջինը, որ տեղի ունեցավ Շուշիում, Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերան էր (բեմադրող դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան, ռեժիսոր՝ Ժիրայր Դադասյան, ռեժիսոր եւ խորեոգրաֆ՝ Արա Ասատուրյան), երկրորդը Շուշիի ամրոցում կայացած Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան էր (բեմադրող դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան, ռեժիսոր՝ Մարիա Սահակյան), հետո Ստեփանակերտի Ազատության հրապարակում դիրիժոր Անատոլի Լեւինի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի, ֆիլհարմոնիկ նվագախմբի ու մենակատարների մասնակցությամբ Վերդիի Ռեքվիեմի կատարումն էր:

Հարցին՝ ինչո՞ւ նախորդ երկու օպերաները արցախյան պրեմիերաներից հետո չընդգրկվեցին Ազգային օպերային թատրոնի խաղացանկում՝ այն դեպքում, երբ տարիներ շարունակ շեփորվում է, որ թատրոնի խաղացանկում պետք է գերակշռեն հայ հեղինակների գործերը, իսկ «Սասունցի Դավիթը» տեղ է գտնելու խաղացանկում, տիկին Ավթանդիլյանը ընդամենն ասաց, որ դա անցյալ տարի մշակույթի նախարարության եւ օպերային թատրոնի տնօրինության որոշումն է: Մեր զրուցակցին փոխանցեցինք մասնագետների տարակուսանքը, թե ինչպես նախորդ օպերայի պարտիտուրներում, այնպես էլ «Սասունցի Դավիթի» դեպքում ինքը թույլ է տալիս որոշակի միջամտություններ, Սարինա Ավթանդիլյանը, չհամաձայնելով «միջամտություն» բառի հետ, պատասխանեց. «Արծվաբերդ» օպերայի նախապատրաստական շրջանում, այո, վերականգնել եմ Մոսկվայի արխիվից բերված պարտիտուրի մոտ 50 էջ, ինչը օպերան ամբողջովին ներկայացնելու համար անհրաժեշտ էր: «Կրակե օղակի» պարտիտուրը ամբողջական էր: Իսկ «Սասունցի Դավիթի» դեպքում դիմել ենք անվանի դիրիժոր Միքայել Թավրիզյանի խմբագրմանը»: Ասաց նաեւ, թե Հարո Ստեփանյանի եւ Դերենիկ Դեմիրճյանի մտերմության, բարեկամության արդյունք է ոչ միայն այս օպերան, այլ նաեւ «Քաջ Նազար» երգիծական օպերան: Տիկին Ավթանդիլյանը, դարձյալ անդրադառնալով իր կողմից կատարված «միջամտություններին», փաստեց, որ «Արծվաբերդն» ու «Սասունցի Դավիթը» կրում են խորհրդային ժամանակաշրջանի ազդեցություն, եւ դրանով ամեն ինչ ասված է:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ «Սասունցի Դավիթը» ի սկզբանե օպերա է, այլ ոչ կանտատ, կասկած ունեցողները կարող են համոզվելու համար գնալ Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարան: Մի բան էլ Հարո Ստեփանյանի ներդրումն օպերային արվեստում նշանավորվում է նրանով, որ առաջինը նա ստեղծեց ռեչիտատիվ-դեկլամացիոն ոճ, ինչի փայլուն օրինակը հենց այս օպերան է»,- նշեց մեր զրուցակիցը:


Ռեժիսոր Արմեն Պիրի Մասիհին հայտնեց, թե օպերային ժանրում սա իր առաջին աշխատանքն է, հավաստիացրեց, որ կրկին անդրադարձել է էպոսին, խորությամբ ուսումնասիրել նաեւ երաժշտությունը, մշակել բեմադրական կոնցեպտը: Նրա խոսքով՝ օպերայում միավորված են գուսանական եւ հոգեւոր երաժշտական տարրերը՝ դասական օպերային ժանրին հարիր լուծումներով: Չներկայացնելով եւ ոչ մի բեմադրական լուծում՝ ռեժիսորը միայն հավաստիացրեց, թե օպերայի համաշխարհային պրեմիերան կդառնա իսկական տոն, եւ այն Արցախի մշակութային կյանքի ակտիվացումից բացի՝ ենթադրում է երիտասարդության հայրենասիրական ոգու բարձրացում ու, ինչու չէ, մշակութային զբոսաշրջության ակտիվացում:

Դիրիժոր Սուրեն Շահիջանյանը, որին շուրջ 10 տարի հանդիպում ենք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ եւ կամերային նվագախմբերը ղեկավարելիս, առաջին անգամ է ղեկավարելու օպերա: «Սասունցի Դավիթը, Մսրա Մելիքը, Խանդութը եւ մյուս հերոսները իսկապես հավաքական կերպարներ են: Ընդգծեմ նաեւ երգչախմբի ու պարային հատվածների երաժշտությունը, որը դարձյալ լավագույնս բնութագրում է մեր հերոսական ժողովրդին»,- հայտնեց դիրիժորը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Սարինա Ավթանդիլյանը, Սուրեն Շահիջանյանը
եւ Արմեն Պիրի Մասիհին:

 

«Առավոտ»

11.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031