Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում մարզ կա, որ բնակչությունը հազարներով պակասել է 

Օգոստոս 12,2017 14:30

2017թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն  979,9 հազար մարդ: Այսինքն` ավելի պակաս, քան նախորդ տարի էր: 2016-ին մեր երկրում մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 995 100 մարդ: Այսպիսի տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը: Մեր երկրում ապրող քաղաքացիներից 1 միլիոն 898 հազարը բնակվում է քաղաքային վայրերում, 1 միլիոն 81 900 մարդ` գյուղերում: Ըստ նույն աղբյուրի՝ 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ, 2016թ. հուլիսի 1-ի համեմատ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է շուրջ 15,2 հազար մարդով:  ԱՎԾ-ն փաստում է, որ բացի Երեւանից, որտեղ բնակչության թվաքանակը չնչին աճել է, մնացած բոլոր մարզերում մարդկանց թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է:

Անցյալ տարի մայրաքաղաքում բնակվել է 1 միլիոն 74.1 հազար մարդ, այս տարի՝ 1 միլիոն 75.1 հազար մարդ: Փոխարենը Արագածոտնի մարզից բնակիչները պակասել են: Եթե 2016-ին 28 հազար 900 քաղաքացի է այս մարզում ապրել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում` հունվար-հուլիս ամիսներին Արագածոտնում հաշվառված է 28 հազար 100 մարդ: Արարատից նույնպես կորուստներ ենք ունեցել: Այս տարի այս մարզում ապրում է 72 հազար 600 մարդ, մինչդեռ նախորդ տարի 73 հազար մարդ է Արարատի մարզում բնակվելիս եղել: Արմավիրի մարզում այս տարի քաղաքացիների թվաքանակը կազմել է 83 հազար 600 մարդ, նախորդ տարի ավելի շատ էին` 84 հազար 400 մարդ: Այսինքն` այս մարզից էլ 800 մարդով բնակչության թիվը նվազել է: Գեղարքունիքից 1000 մարդ է պակասել: Անցյալ տարի այս մարզի բնակչությունը 69 հազար է եղել, այս տարի` 68 հազար մարդ է մնացել: Լոռու մարզում եւս բնակչության թիվը զգալի պակասել է: 2016-ի հունվար-հուլիս ամիսներին այս մարզում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 132 հազար 300 մարդ, այս տարվա նույն ժամանակահատվածում հաշվառված է 130 հազար 200 մարդ:

Կոտայքի մարզում էլ 400 մարդով է բնակչությունը նվազել. 2016-ին Կոտայքում 137 հազար 900 մարդ է բնակվել, այս տարի 137 հազար 500 մարդ է ապրում: Շիրակի մարզում բնակչությունը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 2300 մարդով: Այս տարի Շիրակում ապրում է 139 հազար 300 մարդ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում 141 հազար 600 մարդ է այս մարզում ապրել: Սյունիքի մարզը 200 մարդ է լքել. անցյալ տարի այս մարզում բնակվել է 93 հազար 900 մարդ, իսկ այս տարի 93 հազար 700 մարդ: Վայոց ձորի մարզում այս տարի բնակվում է 17 հազար 500 մարդ, անցյալ տարի այստեղ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 17 հազար 800 մարդ: Տավուշի մարզում նույնպես պակասորդ ունենք. այս մարզից հեռացել է 400 քաղաքացի: Եթե անցյալ տարի Տավուշում ապրում էր 52 հազար 800 մարդ, ապա այս տարի մնացել է 52 հազար 400 մարդ:

Ըստ նույն աղբյուրի՝ այս տարի ավելի շատ ծնվել են, քան մահացել: Մեր երկրում ծնվել է 17 հազար 169 մարդ, մահացել` 14 հազար 709 մարդ: Նախորդ տարի, սակայն, այս տարվա համեմատությամբ, ավելի շատ մարդ է մահացել: Նախորդ տարի մահացել է 14 հազար 403 մարդ:  Ի դեպ, մահերից 8 հազար 425-ը արյան շրջանառության հիվանդություններից է արձանագրվել, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի շատ է: Նախորդ տարի նույն  հիվանդությունից 7 հազար 25 մարդ է մահացել: Դժբախտ պատահարներից, թունավորումներից ու վնասվածքներից այս տարի ավելի քիչ մարդ է մահացել` 487 մարդ, նախորդ տարի՝ 628 մարդ: Նորագոյացություններից մահացած մարդկանց թվաքանակն էլ է կրճատվել. եթե 2016-ին այս հիվանդությունից մահացել է 2791 մարդ, ապա այս տարի` 2 հազար 751 մարդ: Շնչառական օրգանների հիվանդություններից մահացածների թիվը նույնպես 181 մարդով նվազել է. անցյալ տարի այդ հիվանդությունից 1194 մարդ է մահացել, այս տարի` 1013 մարդ: Մարսողական օրգանների հիվանդություններից մահացել է 867 մարդ, մինչդեռ անցյալ տարի՝ 904 մարդ: Վարակիչ եւ մակաբուծային հիվանդություններից այս տարի մահացել է 93 մարդ, անցյալ տարի՝ 111 մարդ: Այլ հիվանդություններից մահացածների թիվը 2016-ին կազմել է 1750 մարդ, այս տարի` 1068 մարդ:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

11.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031