Առաջադրվելու որոշումը կայացրել եմ փաստաբան գործընկերներիս հետ խորհրդակցելուց հետո. Արա Զոհրաբյան

Առաջադրվելու որոշումը կայացրել եմ փաստաբան գործընկերներիս հետ խորհրդակցելուց հետո. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես հայտնում է.

«Հարգելի՛ փաստաբաններ,
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին կրկին առաջադրվելու որոշումը կայացրել եմ նախորդ 4 տարվա անցած ուղին, ձեռքբերումներն ու բացթողումները վերլուծելուց և փաստաբան գործընկերներիս հետ խորհրդակցելուց հետո:

2013-2017թթ. իմ նախընտրական ծրագիրը, որը ժամանակին խոստումների գրքույկ էր թվում, հնարավորություն եմ ունեցել բարի ցանկություններից վերածել գործնական իրականության միայն փաստաբանների պալատի աշխատակազմի, փաստաբանական համայնքի մեծամասնության աջակցության և մեր բոլորի համառ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ: Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ` այս ճանապարհը միասին անցնելու, արտաքին ճնշումներին համարժեք պատասխանելու և ՀՀ փաստաբանների պալատը փաստաբաններին հարազատ ու մասնագիտական վայր դարձնելու համար: Գնահատել և ընդունել եմ մեր մասնագիտական համայնքն ավելի լավը դարձնելու խորհուրդները, առողջ քննադատությունները և առաջարկությունները:

Որպես կենդանի և զարգացող օրգանիզմ՝ ՀՀ փաստաբանների պալատը ուշադրության կենտրոնում էր, և հաճախ այդ ուշադրության հիմքում կառույցը ցնցումների ենթարկելու, դրականը մերժելու, մեզ պառակտելու ներքին և արտաքին դրսևորումներն էին, որոնք այդպես էլ չեն հաջողվել՝ կոփելով մեր կամքը և ավելացնելով մեր կուտակած փորձը:

Ձեր ընտրությունը կարևոր է ՀՀ փաստաբանների պալատի հետագա զարգացման, առկա ավանդույթների պահպանման, փաստաբանների շահերի պաշտպանության և մեր պետության մեջ փաստաբանի դերն արժևորելու համար:
ՄԵՐ ՈՒԺԸ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է:

Փաստաբան Արա Զոհրաբյան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք